Ընդամենը մի քանի օր առաջ Արմենտելի նորանշանակ տնօրենը, փառաբանելով իր ղեկավարած ընկերության գործունեությունը Հայաստանում, իր սիրո դրսեւորումներն էր շաղ տալիս հայ ժողովրդին: Եվ ահա, այդ «սիրո» հերթական զոհն են դարձել Մամիկոնյանց փողոցի 27 շենքի 3-րդ մուտքի բնակիչները: Այդ շենքում հիմնականում բնակվում են կույրեր, որոնց մեծ մասը թոշակառուներ են:
Հայտնի չէ, այս հանգամանքը նկատի՞ են ունեցել Արմենտելի Արաբկիրի բաժանմունքում, երբ վերոնշյալ շենքի 23 թվանշանով սկսվող հեռախոսահամարների հետ սկսել են իրենց տարօրինակ մանեւրները: 7 օր շարունակ ասես հրահանգով դրանք անջատվում էին երեկոյան ժամը 18-ին եւ միացվում միայն հաջորդ օրվա կեսօրինՙ ժամը 12-ին: Այդ «հրաշագործության» պատճառների մասին բացատրություն տալու փոխարենՙ զայրացած բնակիչների բոքողներին ի պատասխան, թ. 23 ԱՀԿ-ից առաջարկում են նրանց ստուգել հեռախոսասարքերը: Իսկ երբ նույն ԱՀԿ-ի աշխատակիցը պարզում է, որ դրանք սարքին են, Արմենտելը դիմում է իր ամենափորձված մեթոդինՙ անջատում բոլոր հեռախոսահամարները եւ արդեն 3-րդ օրն է, ինչ դրանք չեն միացվում: Բնականաբար, ծեր եւ կույր բաժանորդները վերստին փորձում են բացատրություններ ստանալ: Այս անգամ դա նրանց հաջողվում է: «Բացատրությունը» հետեւյալն է. «Գիշերը գողերը եկել են եւ կտրել, տարել ձեր կաբելը», իսկ շարունակությունը. «Մտածում ենք, թե ինչ անենք»: «Առաջիկա երկու դարերի համար» ներդրումներ կատարած եւ «հեռահաղորդակցման բարձրակարգ ցանց» ստեղծած Արմենտելը տվյալ դեպքում արդեն 3 օր մտածում է: Դա, իհարկե, 2 դարերի համեմատությամբ այնքան էլ երկար ժամանակահատված չէ, հետեւաբար չի կարելի կասկածի ենթարկել ցանցի «բարձրակարգությունը»: Այնպես որ, Մամիկոնյանց փողոցի վերոնշյալ շենքի բնակիչները պարտադրված են ապրել առնվազն մի քանի դար, որպեսզի անձամբ համոզվեն OTE-ի եւ Արմենտելի մատուցած այն ժամանակ արդեն միջմոլորակային չափանիշներին համապատասխան ծառայությունների մեջ: Գուցե այդ ժամանակ արդեն մտածած վերջացրած կլինեն Արմենտելում եւ անգամ չի բացառվում, որ հեռախոսները միացվեն: Չէ՞ որ 19-րդ դարում չէին ենթադրում, թե գիտատեխնիկական ինչ սրընթաց առաջընթաց կարձանագրվեր 20-րդ դարում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ