«Սեւանա լճի մասին» օրենքի ընդունումից հետո ինչ-որ հույսեր նշմարվեցին, որ լճի նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ կփոխվի: Սակայն այդպես չեղավ, որին մենք արդեն անդրադարձել ենք: Եվս մեկ անգամ համոզվեցինք մեր որակումների ճշմարտացիության մեջՙ լսելով բնապահպանության նախարարի պատասխանը ջրբացթողումների վերաբերյալ: Միանշանակ է, որ կառավարության որոշմամբ նախատեսված ջրի բացթողման 170+20 մլն խմ քանակությունը չի ապահովում լճի մակարդակի դրական հաշվեկշիռը, ինչը հստակ ամրագրված է օրենքում: Ըստ մասնագետների, 130 մլն խմ-ից ավելի ջրի բացթողումն արդեն իսկ ջրի մակարդակի նվազում է: Սակայն նախարարը փորձում է արդարանալ, որ բաց է թողնվել ոչ թե 190, այլՙ 170 մլն խմ ջուր: Պրն նախարարին փորձենք հուշել, որ 170 մլն խմ-ը նույնպես նվազեցնում է ջրի մակարդակը, ինչը հակասում է օրենքին: Այնպես որ, պրն նախարար, 20 մլն խմ-ի վերաբերյալ ձեր ճշգրտումը ոչ թե արդարացում է, այլ ընդամենը մեղքի չափի նվազեցում: Եթե որպես բնապահպանության նախարար չեք կարողանում պաշտպանել լճի շահերը, այն էլՙ օրենքի առկայությամբ, ուրեմն բարի եղեք ոլորտը վստահել Սեւանի խնդրով իսկապես մտահոգվող մարդու: Նույնը կասեր լիճը, եթե խոսել իմանար, համոզված եղեք:
Իսկ Գեղամավանի դիտակայանից ստացված տվյալների համաձայնՙ հունիսի 15-ի դրությամբ (հունիսի 14-ը ներառյալ) լճից արդեն բաց է թողնվել 15,8 մլն խմ ջուր: Անցած տարի նույն ժամանակահատվածում դեռեւս ոչ մի խմ ջուր բաց չէր թողնվել, քանի որ բացթողումները սկսվեցին հենց հունիսի 15-ին:
Տարօրինակ է նաեւ ջրբացթողումների վերաբերյալ ոչ թափանցիկությունը: Ավելի հստակ տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչություն, սակայն այստեղ չունեին ջրբացթողումների գրաֆիկը, իսկ հունիսի 15-ին Գեղամավանի դիտակայանից տվյալներ ստանալուՙ վարչության աշխատակիցների ջանքերը պսակվել էին անհաջողությամբ:
Վերջում երեք հարց բնապահպանության ոլորտի պատասխանատուներին.
1. Ինչո՞ւ ջրբացթողման ժամանակացույցը չի տրամադրվել վերահսկող կազմակերպություններին:
2. Ո՞վ է պատասխան տալու լճի օրենքը խախտելու եւ լճի ջրային պաշարները վատնելու համար:
3. 15,8 մլն խմ ջուր բաց թողնելուն զուգընթաց սնուցող գետերից ինչքա՞ն ջուր է ներհոսել Սեւանա լիճ:
Վերջին հարցի հետ կապված մենք ունենք որոշակի կարծիքՙ անցած տարվա նույն ժամանակի համեմատությամբ մի քանի անգամ պակաս ջուր է ներհոսում Սեւանա լիճ: Սակայն հետաքրքիր կլիներ այս ամենը ներկայացնել թվային տվյալներով:
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ