Երեւանի ջրամատակարարման համակարգի կառավարումը ստանձնած Էյ Յութիլիթի իտալական կազմակերպությունը վերջերս հատկապես աշխուժացրել է ապօրինի միացումների հայտնաբերման ու ոչնչացման իր գործողությունները: Ապօրինի միացման 24 դեպք էր արձանագրվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Ինչպես տեղեկացրին իտալական կազմակերպությունից, արարատյան այն մագիստրալը, որով խմելու ջուր է մատակարարվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի ողջ բնակչությանը, արդեն վաղուց ի վեր որպես ոռոգման ջուր է «ծառայում» գյուղի բնակիչներին: Տեղում ծանոթանալով իրավիճակինՙ պարզեցինք, որ այս գյուղում հայտնաբերված ապօրինի միացումների փաստն իրոք անժխտելի է, պարզեցինք նաեւ (հարցուփորձ անելով հենց իրենցՙ գյուղացիներին), որ օրինական ճանապարհով իրենց հասանելիք ոռոգման ջուրը գրեթե շուրջօրյա է, տրվում է նաեւ խմելու ջուր: Նրանց պատճառաբանությամբՙ գյուղի բնակչությունը վերջերս ավելացել է, գյուղն ընդարձակվել է, խողովակաշարերը չեն հասնում նրանց հողամասեր: «Մենք պատրաստ ենք վճարելու մեր ծախսած ջրի դիմաց, ինչո՞ւ ջրաչափեր չեք տեղադրում», գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանի շուրջը խմբվածՙ ընդվզում էին գյուղացիները. «Բայց մեր երեխաներին ու ծնողներին առանց ջրի մի թողեք»:
Դեպքի վայր ժամանած Էյ Յութիլիթիի ղեկավարությունը, որ վերջին 10-15 օրվա ընթացքում հետազոտել էր այդ տարածքն ու նախազգուշացրել գյուղացիներին, թե ապօրինի գծերի անջատումներ են սպասվում, այդուհանդերձ, չկարողացավ միանգամից իրականացնել իր այցելության բուն նպատակըՙ գյուղացիները բողոքի տեսարաններ կազմակերպեցին, պահանջեցին մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությունն այդ ամենին եւ այլն: Մինչ Էյ Յութիլիթիի շահագործման տնօրեն Ջեյմս Վոտկինսը լրագրողներին բացատրում էր, թե ինչն է խնդիրը, մինչ ընդհանուր խառնաշփոթում փորձում էին պարզելՙ «Հայջրմուղի՞», թե՞ «Երեւանջրմուղի» ենթակայության տակ է վերոհիշյալ գյուղը (ի վերջո պարզվեց, որ Երեւանի ջրմուղինն է), մինչ տեղեկանում էինք, որ գյուղում ոչ մեկը ջրաչափ չունի տեղադրած, իրավիճակը թեժացավ:
Գյուղապետը, մի խումբ գյուղացիներ, մարզպետարանի ներկայացուցիչն ու Էյ Յութիլիթիի ղեկավար կազմը գյուղապետարանի տարածքում առանձնացանՙ խորհրդակցելու եւ ընդհանուր հայտարարի հանգելու: Էյ Յութիլիթին, որ պատասխանատու է Երեւանի ջրամատակարարման վիճակի համար, պարզաբանում էր, որ Գեղանիստի ապօրինի միացումների պատճառով լրջորեն տուժում է Մալաթիա-Սեբաստիայի բնակչությունը, որը նախատեսվածից զգալիորեն պակաս չափով է ջուր ստանում: Գյուղացիներն իրենց հերթին պարզաբանում էին, թե ճիշտ է, ապօրինի միացումներ են անցկացրել կենտրոնական մագիստրալից, սակայն այն պատճառով, որ գումար չեն կարող տրամադրել, որպեսզի օրինական ճանապարհով խողովակ անցկացնեն դեպի գյուղի ընդլայնված հատվածը, ուր մարդկանց նույնպես ջուր է անհրաժեշտ եւ այլն, եւ այլն: Ի վերջո, Էյ Յութիլիթին հավատարիմ մնաց ապօրինի գծերն անհապաղ անջատելու իր որոշմանը, թեպետ գյուղացիների զայրույթն արդեն վտանգավոր էր դառնում: Այս ամենը հասկանալի է եւ մարդկայնորեն բացատրելի, սակայն մի օր վերջապես պիտի սովորենք ենթարկվել օրենքին, ջուրը պետք չէ գողանալ եւ ջրի դիմաց հարկավոր է վճարել: Շատերը պատճառաբանում են, թե ջրաչափեր չկան: Ջրաչափերն, իրոք, չափազանց կհստակեցնեն իրավիճակը: Սակայն չվճարողը ջրաչափով էլ չի վճարի, առանց ջրաչափի էլ...
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ