Եվ ծանոթացնում է բողոքարկելու կարգին
Նոյեմբեր ամսին Ֆրանսիայի փաստաբանների նախաձեռնությամբ Փարիզում տեղի կունենա գիտաժողով, որտեղ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փաստաբանների մասնակցությամբ կքննարկվեն Ստրասբուրգում Եվրոպայի մարդու իրավունքների դատարան դիմելու կարգը, դատական վարույթի առանձնահատկությունները, քանի որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան դիմել հիշյալ դատարանին: Հիշեցնենք, Հայաստանին Եվրախորհուրդ են ընդունել պայմանով, որ մինչեւ 2002 թ. հունվարը խորհրդարանը վավերացնի 1950 թ. մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնի միջազգային օրենսդրությանը, որից հետո հայաստանցիները հնարավորություն կունենան իրենց իրավունքները պաշտպանել մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ստրասբուրգի դատարանին դիմելու կարգի վերաբերյալ իրավաբաններն ամենատարբեր բացատրություններ են տալիս, որոնք ավելի ապակողմնորոշում ու թյուրիմացության մեջ են գցում քաղաքացիներին: Այդ է պատճառը, որ ոմանք ապագայի հույսով չեն շտապում դատական ակտը բողոքարկել վճռաբեկ ատյանում, ոմանք չգոհանալով վերջին ատյանի որոշումիցՙ հույս ունեն, որ երբեւէ կհաջողվի այն շտկել եվրադատարանում, ոմանք էլ այն անհասանելի են համարում ու լիովին հուսահատվում:
Քանի որ «Նազարյան եւ ընկերներ» փաստաբանական գրասենյակն արդեն կապեր է հաստատել Ստրասբուրգի դատարանի հետ, եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացնելու հաջորդ օրն իսկ պատրաստ են ընդունելու քաղաքացիների բողոքներըՙ դիմելու կարգին ու պայմաններին ծանոթացնելու խնդրանքով դիմեցինք գրասենյակի տնօրեն, ՀՀ փաստաբանների միության եւ ԱՊՀ երկրների փաստաբանների միջազգային միության վարչության անդամ Գարեգին Նազարյանին:
Պրն Նազարյանի ասելով, Հայաստանի քաղաքացին կարող է դիմել Ստրասբուրգի դատարան այն դեպքերում, երբ գտնի, որ խախտվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով սահմանված ու պաշտպանված իր իրավունքները: Դրանք սկսվում են կոնվենցիայում արտացոլված իրավունքներիցՙ կյանքի իրավունքը, պարտադիր աշխատանքի, արագ եւ արդար դատավարության... մոտ 20-ից ավելի կետեր: Փաստաբանը հայտնեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի գրանցման բաժին, որին նամակով կարող է դիմել քաղաքացին կամ նրա փաստաբանը: Դատարանի աշխատանքային լեզունները անգլերենն ու ֆրանսերենն են, եւ ցանկալի է դիմել այդ լեզուներով: Փաստաբանը նշեց, որ քաղաքացիները կարող են դիմումը ներկայացնել նաեւ մայրենի լեզվով, սակայն գործի նյութերը պալատի քննությանը պետք է հանձնվեն միայն աշխատանքային լեզուներից որեւէ մեկով թարգմանված:
Նամակում քաղաքացին պետք է համառոտ ներկայացնի իր բողոքը, ուղարկի գործի նյութերը, դատարանի վճիռների ու որոշումների պատճենները, նշի, թե կոնվենցիայի ո՞ր կետերով են խախտվել իր իրավունքները, պետական ո՞ր մարմինների գործունեության պատճառով են խախտվելՙ դատական, վարչական եւ այլն, որովհետեւ դատարանը լսում է միայն պետական օղակների գործողությունների դեմ ներկայացրած բողոքները, եւ դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս այդ պետությունը: «Պրակտիկան ցույց է տալիս, որ կարելի է բողոքարկել նույնիսկ ձերբակալման սանկցիան, արգելանքը, եթե դա անօրինական է», նշեց փաստաբանը: - Ընդ որում, եվրադատարան դիմելուց առաջ քաղաքացին պետության ընձեռած հնարավորություններըՙ բոլոր դատական ատյանները, պետք է օգտագործի իր խախտված իրավունքները պաշտպանելու համար: Ստրասբուրգի դատարանում նույնպես հայցային վաղեմություն գոյություն ունի, այնտեղ կարող են դիմել պետության վերջին ատյանի որոշումը կայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում, որը Հայաստանում վճռաբեկ դատարանն է: Նշված ժամկետը պահպանելու համար պետք է Ստրասբուրգի դատարանի գրանցման բաժնին նամակով ուղարկել դատարանի վճիռներն ու որոշումներըՙ կից փաստաթղթերով: Պրն Նազարյանը տեղեկացրեց, որ նախկինում գործը քննելու եւ որոշում կայացնելու համար 2-3 տարի էր պահանջվում, հիմա այդ ժամկետները պակասեցվել են երկու անգամՙ 1-1,5 տարի, որը ռեալ ժամկետ է:
Պրն Նազարյանը տեղեկացրեց, որ դիմելու համար քաղաքացին ոչ մի վճարում չի կատարում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ծախսերը հոգում է Եվրախորհուրդը: Ստրասբուրգի դատարանի բյուջեում նույնիսկ որոշակի գումար է նախատեսված անվճարունակների համար, եւ եթե դիմողն իր անվճարունակությունը հիմնավորող բավարար ապացույցներ է ներկայացնումՙ դատարանն ինքն է վճարում քաղաքացու փաստաբանական ծառայությունների համար: Նամակը ներկայացնելուց հետո գրանցման բաժինը պարտադիր պատասխանում է քաղաքացուն: Նամակով կարող են նաեւ լրացուցիչ տեղեկություններ պահանջել, խորհուրդներ տալ: Եթե նամակագրությունից պարզվի, որ դիմումն ընդունվել էՙ այն ժամանակ գրանցման բաժնից ուղարկում են դատարանին դիմելու պաշտոնական ձեւը, որը պետք է լրացնի քաղաքացին եւ ներկայացնի դատարան: Գ. Նազարյանի խորհուրդն այն է, որ դիմումը փաստաբանը լրացնի, դա կմեծացնի քաղաքացու շանսերը դատարանում:
Պաշտոնական դիմումն ընդունում է երեք դատավորներից կազմված հանձնաժողովը, որը քննարկում է բողոքը: Եթե երեք դատավորներն էլ միաձայն ընդունեն, որ ներկայացվածը դատարանի համար անընդունելի բողոք էՙ մերժվում է, բայց եթե նրանցից գոնե մեկը գտնում է, որ գործը պետք է քննվի ըստ էությանՙ հանձնվում է դատարանի քննությանը: Գրանցման բաժինը դիմողին պարտադիր գրավոր տեղեկացնում է գործի ընթացքի մասին: Դիմողը եւ նրա փաստաբանը կարող են մասնակցել դատաքննությանը, որի ժամանակ լրացուցիչ հարցեր կարող են տրվել նրանց: Պալատի 7 դատավորները գործը լսում են ըստ էության եւ որոշումն ընդունում են ձայների մեծամասնությամբ:
Հայաստանը Ստրասբուրգում ներկայանալու է մեկ դատավորով, օրենքն ասում է, որ եթե հարցը լսվում է այդ երկրի դեմ, տվյալ երկրի դատավորին առաջարկում են մասնակցել գործի քննությանը, բայց եթե նա հրաժարվում է այս կամ այն պատճառովՙ նրան փոխարինում է մեկ այլ դատավոր:
Պրն Նազարյանն ընդգծեց, որ Ստրասբուրգի դատարանը չի կարելի դիտել լրացուցիչ ատյան, որը շտկելու կամ վերանայելու է այդ երկրի դատարանի որոշումը, ինչպես այստեղ են պատկերացնում: «Դատարանն ուղղակի իր վճռում ամրագրում է, որ խախտվել է քաղաքացու այս կամ այն իրավունքը եւ պետությանը պարտավորեցնում է վերականգնել այդ իրավունքը, որոշ դեպքերում նաեւ նյութապես հատուցել քաղաքացու վնասը, որը նա կրել է իր իրավունքների խախտման պատճառով», հայտնեց փաստաբանը: Պետության նկատմամբ տույժեր չեն կիրառվում, պարզապես պետությունն իր բյուջեից վճարում է այդ գումարները: Պրակտիկայից ելնելով, գումարները կարող են հասնել 10-ից մինչեւ 50 հազար ԱՄՆ դոլարի: Դատարանի որոշումների կատարման վերահսկողությունն իրագործում է Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովը: Մեր այն հարցին, թե պետությունը կարո՞ղ է անտեսել դատարանի որոշումները, հայտնեց. «Եթե մեկ-երկու անգամ չի կատարում դատարանի որոշումները, խնդիր է դրվում լուծելու տվյալ պետության անդամության նպատակահարմարության հարցը Եվրախորհրդին»:
Գարեգին Նազարյանը տեղեկացրեց, որ - Ռուսաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը դիմում են Ստրասբուրգի դատարան եւ նրանց փաստաբանները գտնում են, որ դա լուրջ լծակ է մարդու իրավունքների պաշտպանության համար: «Հատկապես Ռուսաստանում շատ տարածված է Ստրասբուրգի դատարան դիմելը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1000 դիմումից 30-40-նն է բավարարվում»:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ