ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» միավորվելու մեկ ընդհանրություն ունեն
«ՀՀԿ համագումարի նպատակը որեւէ մեկին մեղադրանք ներկայացնելը չէր եւ ոչ էլ մեղադրանքներին պատասխանելը: Ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ է, որ համագումարը գրեթե միայն հենց այդ տեսանկյունից վերլուծվեց: Կարծում եմ, երկրի կյանքի համար շատ ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնց տեսակետից պետք է համագումարը դիտարկվեր»: ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն այդպես պատասխանեց «Ազգի» այն հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր էր իշխող կուսակցության համագումարի հիմնական զեկույցը գլխավորապես վերածել իրենց հասցեին մինչ այդ տարբեր մակարդակներում հնչած մեղադրանքների պատասխանի, մի բան, որ համագումարում որոշակիորեն դարձել էր նպատակներից մեկը: Եվ դա այն դեպքում, երբ նույն Հանրապետական կուսակցությունըՙ տուրք չտալով իր դաշնակիցՙ ՀԺԿ-ի բռնկումներին, այնուամենայնիվ հայտարարեց, թե երկրում եւ քաղաքական դաշտում անկայունություն թույլ չտալու նպատակով իրենք լուրջ քայլերի չեն դիմում Ժողովրդական կուսակցության հանդեպ անհանդուրժողական կեցվածք որդեգրելու առումով:
Ինչեւէ, կրքերը որոշակիորեն հանդարտվելու ժամանակաշրջան են թեւակոխումՙ կապված ԱԺ ամառային հանգստի գնալու հետ, վայր, որը դարձել էր երկու կուսակցությունների հիմնական «գոտեմարտի» թատերաբեմը: Կա երեք լուրջ գործոն, որոնք այս ընթացքում կարող են դարձյալ իրար դեմ հանել քաղաքական մեծամասնության երկու թեւերին. ամենաթույլը եւ թերեւս արդեն հնացածը տարվող կադրային քաղաքականությունն է, որի շահարկումը սպառման եզրագծին հասավ կառավարության վերին եւ ներքին օղակներից ՀԺԿ-ականների եւ երկրապահականների դուրսմղման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգում կադրային «մաքրազերծումների» արդեն սկսված գործընթացի հետ: Երկրորդը եւ գուցե ապակայունացման ամենամեծ պոտենցիալ ունեցող գործոններից մեկը «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի շուրջ տեսակետների բախումն է, որտեղ ՀԺԿ-ն կարծես հետեւողական եւ անզիջում կեցվածք է ընդունել: Ողջ խնդիրը կադրային քաղաքականությունը նախագահական «միահեծան» ազդեցությունից հեռու պահելու ՀԺԿ դիրքորոշման մեջ է, որի հետ համաձայնել ՀՀԿ-ն չի ձգտում: Եվ որ նախագիծն արդեն բավականին երկար ժամանակ կուլիսային քննարկումներից չի բարձրանում, անհամաձայնության վառ ապացույցն է: Եթե հաշվի առնենք, թե կոռումպացված չինովնիկական համակարգը որոշակի շրջանակների համար ինչպիսի նշանակություն ունի, ապա հարցի շուրջ նման կարծր դիրքորոշումները միանգամայն տրամաբանական են դառնում:
Եվ վերջապես երրորդ գործոնը եւ բախումների հիմնական պատճառը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունն է, որը քաղաքական ուժերի համար շահարկումների ամենամեծ «կերակրամանն» է արդեն վաղուց ի վեր: Դրա ամենացայտուն օրինակը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀԺԿ նախաձեռնությամբ ձեւավորումն էր, որն այլ նպատակ չէր հետապնդում, քան դաշնակիցների վրա հասարակական ճնշում բանեցնելըՙ իբր ապացուցելու, թե իշխանություններն առնվազն անտարբեր են Հունանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու փաստի հանդեպ: Սակայն իրականում ՀԺԿ-ն երկրապահականների հետ ՀՀԿ-ի եւ ընդհանրապես գործող իշխանության հանդեպ անթաքույց մեղադրող կեցվածք էր դրսեւորում ի սկզբանե: Միառժամանակ գործն անընդհատ ավելորդ ուշադրության ոլորտում պահելը միակ կենսունակ օղակն է դարձել ՀԺԿ-ի համար «Հանրապետություն» կուսակցությանն իրենց «կողմը ձգելու» առումով, որը, պետք է խոստովանել, նրան հաջողվում է: Ուշադրություն դարձնենքՙ նշված այս երկու ուժերի համար «Հոկտեմբերի 27»-ի գործն այնպիսի հիմքեր ունի, որ այս կուսակցությունները միանգամայն բնական են ընդունում նոր դաշինքիՙ այսպես կոչված նոր «Միասնության» ձեւավորման շուրջ սկսված խոսակցությունները: Ավելին. այդ հնարավոր համախմբման շուրջ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ քաղաքական շրջանակներ, ինչպես ասենք, արմատական ընդդիմություն հանդիսացող «Ազգային համաձայնության ճակատը»ՙ Աշոտ Մանուչարյանի գլխավորությամբ: Այս միավորման հետաքրքրություններն ի հայտ են եկել վաղուց, երբ Աշոտ Մանուչարյանը հանկարծ ուշացած սկսեց հիշեցնել, թե Արամ Սարգսյանը վարչապետ լինելու ամենահարմար եւ թերեւս միակ թեկնածուն էր: Որ Մանուչարյանի դիրքորոշումները երբեք միանշանակ ընդունել չի կարելի, պարզ էր սկզբից եւեթ: Սակայն փոխադարձ պոտենցիալների օգտագործումը ներկայումս օգտակար է երկու կողմերին էլ: Դա է պատճառը, որ Հանրապետությունը մատների արանքով է նայում իր «համակրի», մեղմ ասածՙ փոփոխական բնավորությանը:
Այլ խնդիր է մեկ այլ համակրիՙ Ազգային ժողովրդավարական կուսակցության հետաքրքրությունը, որը, լինելով նորաստեղծ, իր ներուժն ու հնարավորությունները մասսայականացնելու խնդիր ունի: Կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը մեր հարցին, թե որքանո՞վ են, այնուամենայնիվ, հիմնավոր ՀԺԿ-«Հանրապետություն» հնարավոր նոր դաշինքին ԱԺԿ-ի միանալու մասին սկսված խոսակցությունները, պատասխանեց. «Համենայն դեպս, ՀԺԿ համագումարում Ստեփան Դեմիրճյանի կողմից հնչեց հայտարարություն, որ պետք է քննարկել անցումն այս կիսանախագահական համակարգից պառլամենտականի, որը մեր գաղափարական հիմնարար սկզբունքներից է: Նաեւ նմանատիպ հայտարարություններ արվել են «Հանրապետության» կողմիցՙ մասնավորապես Ալբերտ Բազեյանի: Եթե այդ կուսակցությունները կգտնեն, որ ճիշտ է նոր սահմանադրության ընդունումը, որը խարսխված կլինի պառլամենտական կառավարման ձեւի վրա, ոչ մի խնդիր չունենք»:
Իհարկե, նման դաշինքի մասին խոսելն այսօր ընդամենը ենթադրությունների վրա կարող է հիմնված լինել: Սակայն ակնհայտ է, որ նման միտումներ կան, եւ այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել ոչ թե առանձին կուսակցությունների, այլ հզոր պոտենցիալով միավորման հետ, որը, ընդ որում, արմատական դառնալու որոշակի միտումներ է դրսեւորում: Սակայն մարդկային այդ ռեսուրսների առկայությունը դեռեւս չի նշանակում, որ նոր կառույցը գաղափարական ընդհանրության վրա է հիմնված: Նման բան չի կարող լինել. ՀԺԿ-ն ընդգծված ձախ, սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, «Հանրապետությունը»ՙ նորոշ չափով աջ, եթե նկատի առնենք վերջիններիս հայտարարությունները, թե իրենք տանելու են Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը: Իսկ այս հակասությունն արդեն վկայում է երկու ուժերի միավորման խոցելիությունը, եւ ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում ձեւավորվելիք դաշինքը չի կանգնելու այնպիսի պառակտման եզրին, ինչպիսին առկա է «Միասնության» պարագայում, որի ստեղծման ժամանակ էլ, ի դեպ, նույնատիպ գաղափարական հակասությունները հաշվի չառնվեցին:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ