Երբ այս տարվա սկզբներին Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը վիթխարի միջոցներ գործադրեցՙ պատժելու ֆրանսիացիներին: Առաջին հերթին Փարիզից հետ կանչվեց երկրի դեսպանը, այնուհետեւ չեղյալ հայտարարվեց բազմամիլիարդ դոլարի զենք գնելու պայմանագիրը: Հայտարարվեց նաեւ, որ թուրքերն այսուհետեւ չեն ուտելու ֆրանսիական պանիր եւ չեն խմելու ֆրանսիական գինի: Միակ բանը, որ չարգելվեց, գուցե ֆրանսիական համբույրն էր...
Քսան տարի առաջՙ 1981 թվի ապրիլի 22-ին, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանը N 4838 նախագահական հրամանագիրը ստորագրեցՙ «Հայկական ցեղասպանություն» բառերի նշումով, թուրքական կառավարությունը չարձագանքեց դրան, չնայած առաջին անգամն էր, որ պաշտոնում գտնվելու ժամանակ Ամերիկայի նախագահն օգտագործում էր նման բառեր: Հակառակ պետքարտուղարության հաճախակի ծամծմված հանգերին, թուրքերը ՆԱՏՕ-ի բազաները չփակեցին Թուրքիայում, ոչ էլ Վաշինգտոնից իրենց դեսպանին հետ կանչեցին: Ոչ իսկ դադարեցին ամերիկյան զենք գնել:
Երբ Թուրքիան Ֆրանսիայի դեմ նման կտրուկ միջոցներ սկսեց գործադրել, ճիշտն ասածՙ սկսեցի մտահոգվել, որ դրանք կարող են տարհամոզել ուրիշ երկրներին, հատկապես Մ. Նահանգներին: Որախալին այն է, որ ընդամենը չորս ամիս անց այդ «կատաղի» սպառնալիքները հօդս են ցնդել ամբողջությամբ:
Զենքերի գնման պայմանագրի չեղյալ համարումը բլեֆ էր: Պարզվում է, որ թուրքական զինվորականությունն արդեն որոշել էր չգնել դրանք տնտեսական նկատառումներով: Վերջին շրջանում երկրի տնտեսությունն այնքան անկում է ապրել, որ որեւէ երկրից զենք գնելու հնարավորությունը բացառվում է:
Հակառակ պաշտոնական այցելությունների արգելքին, Թուրքիայի տնտեսության նորանշանակ նախարար Քեմալ Դերվիշը վերջերս Փարիզ է այցելել փող «մուրալու» եւ դրանով վերակենդանացնելու երկրի սնանկացած տնտեսությունը:
Սոնմեզ Կոքսալը մայիսի 13-ին վերադարձել է իր պաշտոնինՙ որպես Ֆրանսիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան:
«Պատժամիջոցներից» վերջինը թուրքական խորհրդարանի պատրաստած բանաձեւն էր, որը մեղադրում էր Ֆրանսիայինՙ պատմության ընթացքում գործադրված ամեն մի չարագործության մեջ: Սա էլ չորս ամիս անց դեռեւս քննարկման եւ քվեարկության չի դրվել:
Այս փաստերից կարող ենք համոզված եզրակացնել, որ Ֆրանսիային կամ որեւէ այլ երկրի ուղղված թուրքական սպառնալիքները (Հայկական ցեղասպանության ընդունման առնչությամբ) սոսկ բլեֆ են, եւ որ Թուրքիան այդ երկրների օժանդակության կարիքն ավելի ունի, քան նրանքՙ Թուրքիայի:
Առաջարկում եմ մեր քարոզչության ընթացքում օգտագործել այս անհիմն սպառնալիքները եւ բացահայտել դրանց անհեթեթությունը, որպեսզի հետագայում պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը չսարսռան դրանցից:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ» թերթի հրատարակիչ