«Մարմարա» թերթը հաղորդում է, որ հունիսի 8-ին թուրքական «Սաբահ» օրաթերթը հարցազրույց է տպագրել Մ. Նահանգների արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հետ, որը մի խումբ ուխտավորների հետ այդ ընթացքում Թուրքիայում էր գտնվում: Հարցազրույցը վերնագրվել է իր իսկ խոսքերով, թե ինքն էլ կվրդովվեր, եթե իրեն ոճրագործ անվանեին:
Թուրք լրագրող Բենար Թուրենչը նրան հանդիպել է Նյու Յորքում, եւ նրա հարցազրույցից հատվածներ հաղորդել են թուրքական ATV հեռուստակայանովՙ «Խիզախ բառեր» խորագրով:
Նշելով Հայկական համագումարի որոշ անդամների հակաթուրքական արտահայտությունները, լրագրողը հարցրել է արքեպիսկոպոսին. «Որոշ հայեր նույնիսկ 100 տարի անց ատում են թուրքերին, ասելով, որ թուրքերի ձեռքերը արյունոտ են: Դուք որ բարեւեցիք ինձ, արյուն տեսա՞ք իմ ձեռքերին»: Արքեպիսկոպոսը պատասխանել է «ոչ», եւ զգացնել տվել, որ հարցն այնքան էլ դուր չի գալիս իրեն. «Ես ձեր մեջ չեմ տեսնում ոճրագործի թոռանը: Հակառակ անցյալի զգացմունքներին, ես մոտիկ մարդ եմ համարում ձեզ: Ցեղասպանությունը շատ կարեւոր թեմա է: Չեմ ասումՙ ճիշտ է, թե սխալ: Բայց կարեւոր թեմա է, որի շուրջ պետք է խոսենք: Դա մեր ցավն է: Բայց հիմա նաեւ դարձել է ձերը: Եթե չխոսենք միմյանց հետ, ծայրահեղականները կարող են մեջ ընկնել: Մեծ հայրս էլ, որ սպանվել է 1915-ին, կարող է մեղքի իր բաժինն ունեցած լինել դրանում: Մենք պարտավոր ենք իմանալ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա մեզ ցավ պատճառի: Ես այս խոսքերը հավատով եմ ասում: Մենք պետք է հանձնախմբեր կազմենք եւ քննարկենք հարցը: Շատ լավ եմ հասկանում Թուրքիայի կացությունը: Ես էլ կվրդովվեի, եթե մեկն ինձ ոճրագործ անվաներ», ավելացրել է նա:
Խաժակ արք. Պարսամյանը ծնվել է Արաբկիրում ու շատ լավ թուրքերեն է խոսում: Չափազանց ինքնավստահ անձնավորություն է եւ մեծ դեր է կատարել հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Որպես արքեպիսկոպոս ծառայել է 67 եկեղեցիներում:
«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տպագրելով հարցազրույցի թարգմանությունը «Մարմարայից», գրում է, որ հնարավոր չեղավ արքեպիսկոպոսի հետ կապ հաստատել իր խոսքերի իսկությունը ճշտելու համար, քանի որ նա Թուրքիայում էր: