Մայիսի 30-ին, կարճատեւ հիվանդությունից հետո, Նյու Յորքի Ջոնսուն քաղաքի «Ուիլսոն մեմորյալ» հիվանդանոցում, 97 տարեկանում մահացել է Բինգհամտոն համայնքի հայտնի գործարար Քենեթ Գրաջյանը:
Ծնվել է 1903-ին Հաճընում (Թուրքիա) եւ Մ. Նահանգներ է գաղթել 1923-ին: Լեզու չիմանալով եւ փող չունենալովՙ նա մի քանի տարի աշխատում է կոշիկի ֆաբրիկայում, ապա իր եղբոր հետ Բինգհամտոնում բացում է քիմմաքրման իր սեփական խանութը: Ձեռներեցության շնորհիվ հետագայում ընդլայնել է իր աշխատանքներն անշարժ գույքի, սուպերմարկետների եւ հյուրանոցների բնագավառում: Հայտնի նարդի խաղացող է եղել: Զբաղվել է որսորդությամբ, ձկնորսությամբ եւ պարտիզպանությամբ: Պաշտել է ձիով զբոսնելը:
Համայնքում ակտիվ գործունեություն է ծավալելՙ միշտ օժանդակելով հայկական կազմակերպություններին եւ եկեղեցուն: 1998-ին Գարեգին Ա կաթողիկոսի ձեռադրմամբ հուշամեդալ է ստացել իր ծառայությունների համար:
Հ. Ծ.
Այս կապակցությամբ «Ազգ»-ը խորապես ցավակցում է հանգուցյալի այրունՙ տիկին Սոնիկ Գրաջյան-Վայեճյանին: