«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


ՀԱՎԱՏՔՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԸՙ 1700-ԱՄՅԱԿԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Հունիսի 16-ին ուշագրավ մի ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նկարիչների միությունում: Ավետարանչական պատմություններն ու Հայաստանիՙ 1700 տարի առաջ քրիստոնեացման պատկերավոր դրվագները, գեղանկարչական կտավների, քանդակների ու գոբելենների տեսքով, հանգրվանել էին ցուցասրահումՙ յուրահատուկ մի մթնոլորտ ստեղծելով այցելուների համար: Իսկ այցելուների թիվն անհամար էր. որեւէ ցուցահանդեսի հանդեպ համընդհանուր հետաքրքրության նման ապացույց վաղուց չէինք ունեցել: Այցելուների թվում, ի դեպ, մեծ թիվ էին կազմում օտարերկրյա հյուրերը, ինչը եւս պատահական չէր: 1700-ամյակի տոնակատարությունն, իրոք, Հայաստան է «բերել» հազարավոր զբոսաշրջիկների, սակայն այս դեպքում էական դեր էր խաղացել մեկ այլ իրադարձություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունիսի 17-ը հռչակել է առաջին քրիստոնյա երկրի օր, եւ այսուհետ էլ, ամեն տարի, այդ օրը նշանավորվելու է 1700-ամյա հոբելյանի հիշատակմամբ:

Մի քանի հարյուր գեղանկարչական աշխատանքից բաղկացած այդ ցուցահանդեսը կազմակերպվել էր 1700-ամյակի պետական հանձնաժողովի, նկարիչների միության եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի համատեղ ջանքերով: Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարչական աշխատանքների հեղինակները հիմնականում նկարիչների միության անդամներն էին, թեպետ մասնակցում էին նաեւ երիտասարդ արվեստագետներըՙ նոր անունները: Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանի հավաստմամբՙ ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքներն էլ անկասկած շնորհալի արվեստագետների ձեռքով են արված: Շահե արք. Աճեմյանը ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդած իր ելույթում վերոհիշյալ միջոցառմանն անդրադարձավ զուտ հոգեւոր տեսանկյունից. նա նշեց, որ այս ցուցահանդեսը մի չափազանց կարեւոր քայլ էՙ հայ արվեստի ու հավատքի գաղափարական միաձուլման, ընդհանրության ու համագործակցության ճանապարհին: 1700-ամյակի պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանն իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսի կազմակերպումն ինքնին տոն է, քանզի նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-իՙ հունիսի 17-ի առնչությամբ ընդունած արդեն հայտնի որոշմանը, նաեւՙ սա Մայր աթոռի տոնն է: Գեղեցիկն ու հոգեւորը պատկերներում ամփոփված տեսնելուց բացիՙ այս կտավներում նաեւ մեր պետականության ոգին ու ազգային գաղափարներն ենք տեսնում. այս միտքը հնչեցրին ու զարգացրին նաեւ մյուս ելույթ ունեցողները:

Ի դեպ, ինչպես տեղեկացանք, լավագույն 16 աշխատանքներն արժանանալու են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հատուկ մրցանակներին: Մեր կարծիքով, այդպիսիք գտնելն ու գնահատելը որեւէ դժվարություն չի ներկայացնի: Թեեւ ցուցահանդեսում ներկայացված պատկառելի թվով աշխատանքների շարքում շատ էին «սովորական», աննկատ նկարները, սակայն պատահում էին նաեւ իրոք տաղանդավոր, ինքնատիպ եւ բարձրարժեք գործեր:

Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4