Հիշատակի օրՙ Սեւակի ծննդավայրում
Հունիսի 17-ինՙ Պ. Սեւակի եղերական մահվան 30-րդ տարելիցի օրը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած Սեւակի հիշատակի ուխտավորները վաղ առավոտից ճանապարհ ընկան Արարատի մարզՙ Զանգակատուն գյուղ, ուր ծնվել ու մեծացել է տաղանդավոր բանաստեղծ Պարույր Սեւակըՙ մասնակցելու գյուղի դպրոցի բակում տեղադրված գրողի հուշարձանի բացմանը:
Ոչ միայն Արարատից, այլեւ հարեւան մարզերից, Երեւանից, Արցախից ու արտերկրից էին ժամանել Սեւակի երկրպագուները: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը բնորոշեց Պարույր Սեւակ անկրկնելի գրողին. «Այսօր մենքՙ Սեւակի ուխտավորներս, Սեւակի ծննդավայրում, այս նորաբաց հուշարձանի կողքին, մեր իսկ ներկայությամբ, այդ իրողության հերթական ապացույցն ենք տալիս, դարձյալ ու կրկին վերահաստատելով ոչ միայն պոետի նետի մեծությունը, այլեւ նշանի ահագնությունը, որ իրոք հանճար է ծնում»: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, որը Զանգակատուն գյուղի գյուղապետ Արմենակ Սիմոնյանի, ճարտարապետ Արմեն Սարգսյանի եւ քանդակագործ Կամսար Ղազարյանի հետ նախաձեռնեց հուշարձանի տեղադրումը, նշեց. «Այս հուշարձանը կդառնա մշտական ուխտավայր ու մշտական ղողանջ Պարույր Սեւակի անմեռ հիշատակին»: Բազմերանգ ծաղիկներով զարդարելով հուշարձանը, ներկաները այցելեցին Պ. Սեւակի տուն-թանգարան, այնուհետեւ գրողի շիրիմի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին բանաստեղծի հիշատակը: Գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը, գրողներ Հովիկ Հովեյանը, Էդուարդ Միլիտոնյանը, Համլետ Կարճիկյանը, Ազատ Եղիազարյանը, Արմեն Ռոստոմյանը, Հարություն Սաղրյանը (Լոս Անջելես) նշեցին այն միտքը, որ Պ. Սեւակը մեր պոեզիան բարձրացրել է այնպիսի մակարդակի, որն իրապես երեւույթ է 20-րդ դարի ողջ պոեզիայում: Պ. Սեւակի հիշատակի օրը Հայաստանի գրողների միությունն ավանդաբար նշում է որպես պոեզիայի օր, եւ այդ օրը տրվում է Պարույր Սեւակի անվան ամենամյա մրցանակը: Ինչպես տեղեկացրեց «Նոր դար» հանդեսի գլխավոր խմբագիր Աբգար Ափինյանն, այս տարի այն սահմանել են Արարատի մարզպետարանը, գրողների միության վարչությունը եւ «Նոր դար» հանդեսի ղեկավարությունը: Տարվա մրցանակը տրվեց գրող, բանաստեղծ Վարդգես Բաբայանինՙ «Երկինք եւ երկիր» գրքի համար: Մրցանակըՙ դրամական պարգեւը եւ պատվոգիրը, հանձնեց Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Միջոցառմանը հրաշալի ընթերցումներով ներկայացան Ազատ Գասպարյանն ու Սվետլանա Խանումյանը: Անակնկալ էր քանդակագործ Տարիել Հակոբյանի նվերը տուն-թանգարանինՙ Սեւակի աջը, որը 30 տարի առաջ հանել էր գիպսից մահվան օրը եւ սուրբ մասունքի պես պահել: Նվիրելով այդ սուրբ մասունքը, նա ասաց. «Թող մեծ բանաստեղծի իրեղեն աջը հոգեւոր աջի դեր ծառայի իր ժողովրդին»: Այդ օրը թանգարանին հանձնեցին մի շարք նվերներ, իսկ բանաստեղծ Համլետ Կարճիկյանն էլ մի ամբողջ հավաքածու նվիրեց, որտեղ հիշատակվել են Պ. Սեւակի գործն ու անունը, իսկ «Վառվող արյուն» ժողովածուն, ուր ամփոփված են Սեւակի 75 բանաստեղծությունները, նա նվիրել էր գրողի ծննդյան 75-ամյակին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ