«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


«ՇԻՐԱԿԸ» ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի չորս թիմեր հանդես կգան եվրագավաթների խաղարկություններում:

Հանրապետության անցյալ չեմպիոն «Արաքսը» կմասնակցի Չեմպիոնների լիգայի, իսկ երկրորդ մրցանակակիր «Արարատն» ու գավաթակիր «Միկան»ՙ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններին: Այս երեք թիմերը մրցապայքարի մեջ կմտնեն հուլիսի վերջին:

«Ինտերտոտոյի» գավաթի խաղարկությունում իր մրցելույթներն սկսեց «Շիրակը»: Նշենք, որ մրցաշարում հանդես են գալիս աշխարհամասի համարյա բոլոր երկրների 60 թիմեր: Նրանցից միայն 3-ը իրավունք կստանան մասնակցելու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:

«Շիրակը» հաջող սկսեց մրցապայքարը: Հունգարիայի Տատաբանյա քաղաքում մրցելով տեղի «Լոմբարդ» թիմի հետՙ գյումրեցիները հաղթեցին 3-2 հաշվով: Հանդիպման արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերը (Պետկովիչ) բացեցին հաշիվը: Սակայն ընդամենը 7 րոպե անց Հենրիկ Բադիկյանը խփեց պատասխան գոլը:

1-1 հաշիվը շատ երկար պահպանվեց: Հանդիպման 74-րդ րոպեին շիրակցի Արարատ Հարությունյանն առաջ մղեց իր թիմին: 10 րոպե անց, երբ դաշտի տերերն իրենց տուգանային հրապարկում խախտեցին խաղի կանոնները, հենց նա էլ մոտեցավ 11 մ նշանակետին ու խփեց իր երկրորդ գոլը: Միայն վերջին րոպեին «Լոմբարդի» խաղացողներից Բայկուշային հաջողվեց գրավել հյուրերի դարպասն ու կրճատել հաշվի տարբերությունը:

«Շիրակը» հաղթեց 3-2 հաշվով, իսկ հունիսի 24-ին Գյումրիում պատասխան խաղը կանցկացնի հունգարացիների հետ: Իհարկե, երկու հանդիպումների արդյունքով մեր ֆուտբոլիստները հիանալի հնարավորություններ ունեն հաջորդ փուլ մտնելու: Ավելացնենք, որ հաջողության դեպքում «Շիրակի» հերթական մրցակիցը կլինի «Տիլիգուլ» (Մոլդովա)-«Քլիֆթոնվիլ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4