«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2001-06-16 | #112, 2001-06-19 | #113, 2001-06-20


ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱՑՆԵԼ

Եթե տնտեսական հարաբերակցությունը հավասար լինի

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան-Երեւան

Այն ժամանակից, երբ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում սկսեց դիտվել Լաչինը Մեղրիով փոխանակելու տարբերակը, պաշտոնական Թեհրանը, մեր տեղեկություններով, արդեն երեք անգամ դիմել է Երեւանինՙ հայ-իրանական սահմանային հատվածը երկու երկրների միջեւ առավել թափանցիկ դարձնելու, այցագրային կարգը դյուրացնելու, ընդհուպ այցագրերը վերացնելու առաջարկով: Պաշտոնական Երեւանը որեւէ պատասխան չի տվել, ինչը դիվանագիտական պրակտիկայում նշանակում է առաջարկության մերժում: Միեւնույն ժամանակ, հայկական եւ իրանական կողմերի համատեղ ջանքերով փորձ է արվում առավել բարձր մակարդակի հասցնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, արդեն վերաբացվել է Մեղրու սահմանային շուկան, նախատեսվում է Արաքսի վրա կառուցել հայ-իրանական ՀԷԿ, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը կարծես թե այլեւս կասկած չի հարուցում, իրանական կողմը շարունակում է կարեւորել Քաջարանի թունելի կառուցումը:

Վերջին օրերին Մեղրին պահանջելու «խնդրանքով» երկու անգամ Թուրքիան հայտարարություն է արել: Նախ, վարչապետ Էջեւիթը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորությունը պայմանավորեց Հայաստանիՙ Ադրբեջան-Նախիջեւան անխափան հաղորդակցություն տրամադրելու նախապայմանով, ապա Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թեզջանը հայտարարեց, թե «Նախիջեւանը պետք է ցամաքով միավորվի Ադրբեջանի մնացած տարածքի հետ»:

Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը «Ազգի» խնդրանքինՙ մեկնաբանելու հայ-իրանական սահմանային անցումն առավել դյուրացնելու իրանական կողմի առաջարկը, պատասխանեց. «Կարծում եմ, երկու երկրների միջեւ տնտեսական առաջընթաց կա, բայց նաեւ պետք է ձգտել, որպեսզի տնտեսական հարաբերակցությունը հավասարեցվի: Օրինակ, անցյալ տարի հայ-իրանական սահմանը հատել է 15 հազար ավտոմեքենա, որից 12 հազարը եղել է իրանական: Նույն հարաբերակցությունը վերաբերում է զբոսաշրջիկներին, առեւտրով զբաղվող անձանց: Այսինքնՙ եթե հարաբերակցությունը հավասարեցվի, ապա միանշանակ կողմնակից եմ այցագրային կարգի դյուրացմանը: Ուզում եմ նշել, որ դա մեր լուծելու խնդիրը չէ, այլՙ երկու պետությունների արտգործնախարարություններինը: Այսօրվա պայմաններում, կարծում եմ, խնդրի լուծման որեւէ խոչընդոտ չի կարող լինել, եւ խոսքը զուտ տնտեսական հաշվարկների մասին է»:

Տեղեկացնենք, որ հայկական սահմանը հատող իրանական յուրաքանչյուր մեքենայից գանձվում է 200 դոլար հարկ, ինչպես նաեւ Հայաստանի գանձարանը «հարստանում» է մեր երկրի Իրանի քաղաքացիներին տրվող եւ դրա դիմաց գանձվող այցագրերի գումարներով:

Ինչ վերաբերում է Մեղրու խնդրին, դեսպան Ղարիբջանյանի կարծիքովՙ «ինքնին ուրախալի է ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի դերի կարեւորումը». «Սա նշանակում է, որ տարածաշրջանի խնդիրներն առանց տարածաշրջանի հզոր երկրներից մեկիՙ Իրանի մասնակցության, դժվար կլինի լուծել: Ինչ վերաբերում է Մեղրու խնդրին, ինչպես նշեցիք հարցի մեջ, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է ընտրվածՙ տնտեսական զարգացման ճանապարհը: Մի քանի ամիս առաջ «Ազգը» գրեց, որ աշխուժություն է նկատվում Սյունիք-Արեւելյան Ատրպատական մակարդակով: Այդ աշխուժությունն օր-օրի ավելի է մեծանում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4