Երեւանի մամուլի ակումբի եւ Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում այսօր Բաքու են մեկնում վեց հայ լրագրողներ: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ հունիսի 20-23-ը Ադրբեջանի մայրաքաղաքում, ապա հունիսի 23-26-ը Թուրքիայի Անկարա եւ Ստամբուլ քաղաքներում հայ լրագրողներին կմիանան վեցական ադրբեջանցի եւ թուրք լրագրողներՙ մասնակցելու «Մամուլի դերը երեք երկրների հարաբերությունների մերձեցման գործում» թեմայով քննարկումներին:
Նույն կազմով (վեցական հայ, ադրբեջանցի եւ թուրք լրագրողներ) հաջորդ հանդիպումը, որը ծրագրի շարունակությունն է, տեղի կունենա Երեւանում: Չեն բացառվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հետ լրագրողների հանդիպումները:
Հայ լրագրողների խմբում ընդգրկված են հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ Վալերի Այդինյանը, «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի տնօրեն Արամ Սաֆարյանը, Արմենպրեսի մեկնաբան Աշոտ Սողոմոնյանը, «Գոլոս Արմենիի» օրաթերթի թղթակից Մարինա Գրիգորյանը եւ «Ազգ» օրաթերթի թղթակից Թաթուլ Հակոբյանը: Խումբը գլխավորում է Բորիս Նավասարդյանը: