Հունիսի 17-ն անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է
Դեռեւս 1977-ին, աշխարհի ոչ մի երկիր չշրջանցող անապատացման սպառնալիքի ընդարձակումը կանխելու նպատակով, ՄԱԿ-ի կոնֆերանսն ընդունեց անապատացման դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որը հետագա տարիների ընթացքում ձեւափոխվելով ու կատարելագործվելովՙ ամբողջացավ 1994-ին հրապարակված ՄԱԿ-ի կոնվենցիայում: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 5 տարի առաջ, այդ ընթացքում անապատացման դեմ պայքարին ուղղված վերոհիշյալ փաստաթուղթը վավերացրել է ԱԺ-ն, ընդունվել կառավարության որոշմամբ: Կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրագործողն ու պատասխանատուն դարձավ ՀՀ բնապահպանության նախարարությունը: Թե մինչ օրս անապատացման դեմ պայքարի ուղղությամբ գործնականում ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվել, հանրությանը տեսանելի չեն: Վերջերս բավականին նորաձեւ է դարձել մի պատճառաբանություն. ե՞րբ հարցնում ես, թե ինչո՞ւ այս կամ այն ոլորտում, չնայած պաշտոնյաների ճոխ ելույթներին, առաջընթաց չի նկատվում, անմիջապես պատասխանում են. «Մենք զբաղված ենք ռազմավարությունը մշակելով»: Ռազմավարությունը մշակում են, գեղեցիկ տեսքով ու բովանդակությամբ փաստաթղթեր կազմում եւ... վե՚րջ: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով օրենքներն այդպես էլ չեն հասնում կիրառման փուլին, այդ տեսությունները, ցավոք, չափից դուրս գեղեցիկ են մեր տգեղ իրականության համար: Անշուշտ, կարելի է նույնպես նորաձեւ դարձած «պոպուլիզմ» բառով մեղադրել վերոհիշյալ դատողություններն անողներին, այդ կերպ մտածողներին (իսկ այդպիսիք մեծամասնությունն են կազմում), սակայն իրականությունը չես փոխիՙ տվյալ դեպքում բնապահպանության ոլորտում լրիվ թափով շարունակվում են նույն հանցավոր գործընթացները, մասնավորապեսՙ ապօրինի անտառհատումներն էլ են շարունակվում, Սեւանի մակարդակն էլ է իջնում, ջրային ու հանքային ռեսուրսներն էլ են անխնա վատնվում եւ այլն: Սրանից էլ պարզ թվաբանություն դժվար է պատկերացնել: Մշակվում է ռազմավարություն, թե չի մշակվում, այս գործընթացները շարունակվում են, եւ կորուստներն անդառնալի են...
Հենց տագնապի, մտահոգության ու սրտացավության ոգին էր, որ թվաց, իսպառ բացակայում էր բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանի, փոխնախարար Արտաշես Զիլոյանի, հողերի պահպանության վարչության պետ Աշոտ Վարդեւանյանի ելույթներում: Կցկտուր, անհիմն լավատեսությամբ տոգորված, էապես գրեթե ոչինչ չասող այդ ելույթները, որ զբաղեցրին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցող անապատացման դեմ պայքարի ազգային ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը նվիրված մեկօրյա սեմինարիՙ աշխատանքային առումով ամենաարդյունավետ առավոտյան ժամերը, ի սկզբանե նվազեցրին թե՚ լրատվամիջոցների, թե՚ այլ հրավիրյալների հետաքրքրությունը: Սեմինարի մթնոլորտը փոխվեց, աշխուժացավ միայն «պաշտոնական մասի» ավարտից հետո, երբ ելույթ ունեցան կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ էկոլոգիական ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի նախագծի հեղինակ Սամվել Բալոյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը եւ այլք: Բնապահպանության նախկին փոխնախարար Ս. Բալոյանն իր պաշտոնանկությունից հետո շարունակում է ծրագրով զբաղվել որպես պատասխանատու խմբագիր, հեղինակի համար չափազանց անհասկանալի մի կարգավիճակ, որ թերեւս «հաշվի չեն առել» կադրային փոփոխություն իրականացնողները:
Ինչեւէ: Հայաստանում անապատացման հիմնախնդիրները ՄԱԿ-ի շրջանակներում ի սկզբանե ներկայացրել է Ս. Բալոյանը: «Ազգի» հարցերին պատասխանելովՙ նա մասնավորապես տեղեկացրեց, որ սեմինարի կազմակերպումը ծառայելու է իր հեղինակած ծրագրում վերջին շտկումները կատարելուն, իսկ հետո ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը: «Կաշխատի՞» ծրագիրը, թե՞ շատ այլ ծրագրերի պես կմնա սեղանին: Ս. Բալոյանի համոզմամբՙ այս ծրագիրն անպայման «կաշխատի», քանի որ իրատեսական է ու մատչելի. «Ծրագիրը մշակված է այն սկզբունքներով, որ իրականացնողներից պահանջի «նվազագույնը»ՙ բարի կամք, արհեստավարժություն ու պետական մտածողություն»: Հուսանք, ծրագրի իրականացման պատասխանատու պաշտոնյաները գործնականում կդրսեւորեն վերոհիշյալ 3 հատկությունները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարին ուղղված ազգային այդ ծրագրի նախագիծը (ինչպես պարզվեց ունկնդրումից) իրոք հանգամանալից էր, կազմակերպված եւ իրատեսական:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ