Հունիսի 9-15-ը Հայաստանի կառավարության պատվիրակությունը հերթական անգամ գտնվում էր Վաշինգտոնում: Նպատակը, ինչպես երեկվա մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Համաշխարհային բանկից Հայաստանի ոռոգման համակարգի ինքնահոս ջրամատակարարմանն անցնելու համար վարկ ստանալն էր: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց 32 մլն դոլարի վարկային պայմանագիր: Վարկը կստանանք սեպտեմբերին, Ազգային ժողովի հաստատելուց հետո: Իսկ մինչ այդ կտրամադրվի 1,5 մլն դոլար կանխավճարՙ նախնական աշխատանքների համար: Այս վարկի հիմնական միջոցները կուղղվեն Վայոց ձորի, այնուհետեւ Արմավիրի, ապա Այրումի եւ Այգեձորի ոռոգման համակարգի բարելավմանը: Մեկ այլ ծրագիր է Արաքս գետի վրա պատվարի կառուցումը: Այս բոլոր ձեռնարկումները կհանգեցնեն էլեկտրաէներգիայի զգալի խնայողությունների: Իսկ Արաքսի պատվարի վերաբերյալ ասուլիսին մասնակցող ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ այն հնարավորություն կտա Արարատյան դաշտ ուղղել 100 մլն խմ ջուր: Դա նշանակում է, որ անուղղակի ձեւով կխնայենք Սեւանից բաց թողնվող ջրի (170 մլն խմ) մեծ մասը, իսկ Եղվարդի ջրամբարը կառուցելով կունենանք Սեւանից բաց թողնվող ջրի մնացած մասիՙ 70 մլն խմ խնայողություն: «Արդյոք այս ծրագիրը չի՞ հարուցի Թուրքիայի դժգոհությունը» հարցին Գագիկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ 1966, 1983 եւ 2001 թթ. վերահաստատվել է Թուրքիայի հետ կնքած պայմանագիրըՙ Արաքսից հավասար չափով ջուր վերցնելու մասին: Մինչդեռ Հայաստանն այսօր չի կարողանում լիարժեք օգտագործել այդ պայմանագրի հնարավորությունները եւ Արաքսից ստանում է նախատեսվածից գրեթե կրկնակի քիչ ջուր:
Անդրադառնալով Հայաստանի կառավարությանՙ խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարեփոխման ծրագրին, կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ դրա արժեքը կազմում է 200 մլն դոլար: 57 մլն գերմանական մարկ Գերմանիայի կառավարությունից արդեն ստացվել է եւ 43 մլն մարկը հստակեցվել, այսինքնՙ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դրա ստացման վերաբերյալ: Վաշինգտոնում Համաշխարհային բանկից ստացվել է հիշատակված 32 մլն դոլարը եւ 65 մլն դոլարը հստակեցվել:
Խմելու ջրի ինքնահոս համակարգի անցնելու նպատակով 50 մլն գերմանական մարկի եւ 150 մլն դոլարի ստացման վերաբերյալ եւս նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Գագիկ Մարտիրոսյանը վերստին հավաստիացրեց, որ ջրամատակարարման համակարգի արմատական բարեփոխման այս ծրագիրը մինչեւ 2006 թ. կիրականացվի եւ մասնավորապես խմելու ջրի առումով Հայաստանի եթե ոչ բոլոր, ապա բնակավայրերի ճնշող մեծամասնությունը շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կծախսվեն ստացված գումարները, նա բերեց 1996-ին ոռոգման համակարգին տրված առաջինՙ 52 մլն դոլար վարկի իրացման օրինակը: Այդ վարկից խնայվել է 5,5 մլն դոլար, որն ուղղվել է մի քանի այլ ջրատարների կառուցմանը եւ վերականգնմանը:
Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավարների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել SAC-IV վարկի առաջին տրանշի տրամադրման մասին: Այն, սակայն, կկազմի ոչ թե 15 մլն, այլ 14,3 մլն դոլար, ինչը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը բացատրեց դրամի կուրսի տատանումներով: Նա նաեւ հավանական համարեց հոլանդական կառավարությունից 10 մլն գուլդեն (մոտ 4 մլն դոլար) դրամաշնորհի ստացումը: Վարդան Խաչատրյանը հույս հայտնեց, որ հուլիսին կայանալիք Հայաստանի դոնոր երկրների համաժողովում կտրամադրվեն լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք «պետք է ուղղվեն նախորդ տարիների պարտքերի մարմանը»:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարըՙ դուրս գալով մամուլի ասուլիսում ներկայացված թեմայի շրջանակներից, պատասխանեց նաեւ իր ոլորտին առնչվող այլ հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով ընթացիկ տարվա համախառն ներքին արդյունքի կանխատեսվող ցուցանիշին, Վարդան Խաչատրյանը հավանական համարեց 6-7 տոկոս աճը: Այդ կանխատեսումը, ըստ նրա, հիմնավորված է եւ չափավոր:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ