«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2001-06-16 | #112, 2001-06-19 | #113, 2001-06-20


ՈՐՈՇՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Աշխարհամասի չեմպիոնը Էմիլ Սուտովսկին է

Ավարտվեց Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի երկրորդ առաջնությունը: Այն, չեմպիոնին եւ մրցանակակիրներին անվանելուց բացի, նաեւ պետք է որոշեր այն շախմատիստներին, որոնք հանդես կգան տարեվերջին անցկացվելիք աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի չորս շախմատիստներՙ Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, ինչպես նաեւ Չեխիայում բնակվող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը իրավունք նվաճեցին հանդես գալու աշխարհի առաջնությունում:

Առաջին եւ երկրորդ տեղերը, 13 հնարավորից վաստակելով 9,5-ական միավոր, բաժանել էին Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Երրորդ եւ չորրորդ տեղերը, 9-ական միավորով, բաժանել էին Հուդիթ Պոլգարը (Հունգարիա) եւ Զուրաբ Ազմայփարաշվիլին (Վրաստան):

Եվ ահա, չեմպիոնին եւ մրցանակակիրներին որոշելու համար անցկացվեցին միկրոմրցախաղեր: Երկուսում էլ արագ շախմատի կանոններով անցկացված պարտիաներից հետո գրանցվեց 1,5-0,5 հաշիվ. Սուտովսկին հաղթեց Պոնոմարյովին, Ազմայփարաշվիլինՙ Պոլգարին: Այսպիսով, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Էմիլ Սուտովսկին, իսկ երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ դարձան համապատասխանաբար Ռուսլան Պոնոմարյովը եւ Զուրաբ Ազմայփարաշվիլին:

Նաեւ լրացուցիչ մրցախաղերի միջոցով 21 շախմատիստներ վիճարկեցին աշխարհի առաջնության վերջին 4 ուղեգրերը: Դրանք բաժին հասան Կիրիլ Գեորգիեւին, Ալեքսանդր Դելչեւին (երկուսն էլՙ Բուլղարիա), Զոլթան Գիմեշին (Հունգարիա) եւ Ժոել Լոթիեին (Ֆրանսիա):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4