Քրեական գործով պատասխանատվություն կկրեն 7 ամբաստանյալները
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 27-ի քրեական գործով ամբաստանյալներից 6-ըՙ Արմեն Գասպարյանը, Ավետիք Մինասյանը, Արմեն Հարությունյանը, Սարգիս Եթիմյանը, Սաշիկ Ղլեչյանը եւ Միսակ Մկրտչյանը, նախագահող դատավոր Սամվել Ուզունյանի որոշմամբ ներման արժանացան եւ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Դատարանի որոշմամբ, նրանք սույն գործով դատակոչվեցին իբրեւ վկաներ, որոնք պարտավորվում են իրենց բացակայության մասին տեղեկացնել դատարանին:
Համաներումը կիրառելու հարցը դատարանում բարձրացրեց ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, որին ի պատասխան նախագահողը հայտնեց, թե դատարանը դեռեւս չի ստացել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի համաներման որոշումը, որն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից: Նախագահողը խոստացավ օրվա ընթացքում անդրադառնալ այդ հարցին: Ընդմիջումից հետո Սամվել Ուզունյանը հայտնեց, թե հարցեր ունի ամբաստանյալներին եւ նրանց հետ ճշտեցՙ ցանկանո՞ւմ են իրենց նկատմամբ համաներումը կիրառվի, թե՞ նախընտրում են գնալ արդարացման, որի իրավունքն ունեն: Ամբաստանյալները միաբերան ցանկություն հայտնեցին իրենց նկատմամբ համաներում կիրառելու: Դատավարության մասնակից կողմերն առարկություն չներկայացրինՙ ընդգծելով, որ համաներման որոշումն օրենք է:
Հիշեցնենք, որ ամբաստանյալներից Միսակ Մկրտչյանը եւ Սարգիս Ղլեչյանը նախնական կալանքի տակ չէին գտնվում, սակայն երկուսն էլ նախընտրեցին համաներումով ազատ արձակվել: Նախնական կալանքի տակ գտնվող Արմեն Գասպարյանը եւ Ավետիք Մինասյանը հոկտեմբերի 27-ին հերթապահել էին ԱԺ պահակակետերում եւ մեղադրվում էին ծառայական պարտականությունները չկատարելուՙ անփութության մեջ: Նրանք ազատ արձակվեցին համաներման որոշման առաջին կետի «բ» ենթակետով: Սարգիս Եթիմյանը մեղադրվում էր ապօրինի զենքՙ ինքնաձիգ հրազեն պահելու մեջ, որը հետագայում հանձնել է ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանին: Նա ազատվեց ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու համար, որի վերաբերյալ ՊՆ-ից համապատասխան տեղեկանք կար քրեական գործում:
Արմեն Հարությունյանը մեղադրվում է տեռորիստական ակտի մասին իմանալ-չհայտնելու մեղադրանքովՙ ՀՀ քր. օր.-ի 84 հոդված, որով առավելագույն պատժաժամկետը 3 տարի է, նշված հոդվածի վրա նույնպես տարածվում է համաներումը: Սարգիս Ղլեչյանը նույնպես մեղադրվում էր ապօրինի զենքՙ ատրճանակ պահելու համար, որը հետագայում հանձնել է ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանին: Համաներումով նա ազատ արձակվեց իբրեւ 60 տարին լրացած անձ: Միսակ Մկրտչյանը եւս մեղադրվում էր իր տանը ռազմամթերքՙ փամփուշտներ պահելու համար, որը չի առնչվում հոկտեմբերի 27-ի գործողություններին: Նա նույնպես գերադասեց համաներումով ազատ արձակվել, չնայած բոլորն այն կարծիքին էին, որ կարող էր սկզբունքորեն պայքարել արդարացման համար:
Որոշումն ընթերցելուց հետո նախագահողն ընդմիջեց դատական նիստը, որի ընթացքում ոստիկանությունը բացեց վանդակաճաղերը եւ դատարանի հետնադռնով ամբաստանյալներին ուղեկցեց դուրս:
Հիշեցնենք, որ դատաքննությունը սկսվելուն պես հիշյալ վեց ամբաստանյալները պարբերաբար միջնորդություններ են ներկայացրել դատարանինՙ իրենց մասով քրեական գործն առանձնացնելու խնդրանքով, քանի որ նախաքննությամբ հաստատված էրՙ նրանք ոչ մի կապ չունեն հոկտեմբերի 27-ն իրականացրած ահաբեկչական խմբի եւ բուն գործողության հետ: Նրանց միջնորդությունները մշտապես մերժվել են վաղաժամ համարվելով, միաժամանակ դատավորը հուշել է, որ զրկված չեն դատաքննության որոշակի փուլում միջնորդությունը կրկնելու հնարավորությունից: Միսակ Մկրտչյանն ամիսներ առաջ դատարանի աջակցությունը խնդրեցՙ կամ միջնորդել դատախազությանն իր նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, կամ ազատել ամբաստանյալի կարգավիճակից: Նրա միջնորդությունը նույնպես մերժվեց վերը նշված պատճառաբանությամբ:
Առհասարակ դատաքննության մասնակիցների մեծամասնությունը գտնում էր, որ ճիշտը նրանց մասով քրեական գործն առանձնացնելն է եւ դատարանում հոկտեմբերի 27-ի գործողությունների բուն մասնակիցների հարցը քննելը: Սակայն մեղադրող կողմը, հետագայում նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները շատ հաճախ դեմ գնալով իրենց սկզբունքներին, կամ ձեռնպահ էին մնում հարցը քննելուց, կամ դեմ էին արտահայտվում: Սակայն միանշանակ պարզ էր, որ վաղ թե ուշ նրանցից ոմանց ազատ արձակելու հարցը կրկին հայտնվելու էր օրակարգում: Հակառակ դեպքում մեղադրող կողմի համար չափազանց դժվար կլիներ հիմնավորել նրանցից ոմանց մեղադրանքը, հատկապես հոկտեմբերի 27-ին առնչություն ունենալու առումով:
Մեր հրապարակումներում առիթ ունեցել ենք ասելու, որ նախաքննությունը տպավորություն ստեղծելու նպատակով էր նրանց դատակոչել այս քրեական գործով, իր աշխատանքն արդարացված համարելու առումով: Համաներումը կիրառելուց հետո հոկտեմբերի 27-ի քրեական գործով 13 ամբաստանյալներից 7-ը մնացին, նրանք, ովքեր այդ օրը գտնվել են ԱԺ-ում: Թեպետ դատարանի դահլիճում գտնվող տուժողներին ներկայացնողներն անհանգստություն չարտահայտեցին ամբաստանյալներից 6-ին ազատ արձակելու առիթով, սակայն չի նշանակում, որ այս հարցում անգամ հետագայում շահարկումներ չեն լինելու: Թեպետ ընդգծենք, որ համաներման որոշումն ընդունել է այն ԱԺ-ն, որտեղ կատարվել է հանցագործությունը, եւ որի մեծամասնությունը տուժող է ճանաչվել այս քրեական գործով: