Արդեն չկա Սարգիս Բաղդասարյանը
Հայոց լեռնաշխարհում քարն այնքան շատ է, որ անհնար է պատկերացնել, թե այսքան քար ու քռի մեջ մի նոր քարեղեն բան կարելի է հնարել: Հայ արվեստագետներից ոմանց հաջողվեց քարեղեն նոր բան հնարել մեր Հայաստան երկրում: Այդ հազվագյուտներից մեկը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, արվեստագետ, որին, ավաղ, արդեն ճանապարհում ենք երկրային ուղիներից: «Ղարաբաղցիներ. Մենք ենք, մեր սարերը». չգիտեմ, կա աշխարհում մի հայ կամ գուցե օտարազգի, որը Հայաստանը, առավել եւս Արցախը պատկերացնի առանց այս հանրաճանաչ ստեղծագործության: Սա, իհարկե, չի նշանակում, որ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը մեկ ստեղծագործության հեղինակ է: «Հասկանալի էՙ ոչ, ասում է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Բայց Արամ Խաչատրյանին ամբողջ աշխարհում ճանաչում են առաջին հերթին «Սուսերով պար»-ով, չնայած, անկասկած, այն մեծ կոմպոզիտորի ոչ միակ եւ ոչ էլ ամենաարժեքավոր ստեղծագործությունն է: Սա այն դեպքն է, երբ խառն է Աստծո մատը»:
Սարգիս Բաղդասարյանի ողջ ստեղծագործությունը հերոսապատում է, հայ ժողովրդի կենսագրության հերոսապատումը: «Ղարաբաղցիներ» (1963 թ.), «Մայր Ղարաբաղ» (1964 թ.), «Ղարաբաղյան ընտանիք» (1965 թ.), «Հարյուրամյա ծերունին» (1971 թ.), «Թագվոր» (1974 թ.), «Դավիթ Բեկ» (1978 թ.), «Հերոսները չեն մեռնում» (1983). Իհարկե, անչափ շատ չեն Սարգիս Բաղդասարյանի ստեղծագործությունները, բայց այս դեպքում է, որ արվեստագետի մոտ քանակը չէ որակ կազմողը: Ամեն մի քանդակ, ամեն մի հուշակոթող, հաստոցային ամեն մի քանդակ արված է հոգու մեծ պոռթկումով: Եվ եթե սրան ավելացնենք ամենատես հայացքն ու փայլուն պրոֆեսիոնալիզմը, ապա ամեն ինչ բնականոն կհնչի:
Դժվարությամբ է ստեղծվել «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործությունը, մեծ դժվարությամբ: Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը հիշում է Սարգիս Բաղդասարյանի խոսքը. «Երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը կտրականապես մերժեց «Մայր Ղարաբաղ» պատրաստի էսքիզը միայն այն պատճառով, որ կնոջ ձեռքի սուրն ուղղված էր Շուշիի կողմը, իսկ մյուս ձեռքը, իբրեւ թեՙ դեպի Բաքու, ես անմիջապես մտածեցի, որ հարկավոր է գլխավոր գաղափարը թաքցնել խորքում:
Ես արդեն փայփայում էի այն միտքը, որ «պապիկն ու տատիկը», թեեւ արտատպված են իմ հարազատ պապիկից ու տատիկից, այնուամենայնիվ, նրանք մարմնավորում են ո՚չ միայն իմաստնություն ու երկարակեցություն: Նրանք հենց ժողովուրդն են: Նրանք հենց մայր հողն են: Նրանքՙ այդ մենք ենք: Նրանքՙ մեր սարերն են: Մենք մեր սարերն ենք: Ծնվեց վերջնական անունըՙ «Մենք ենք, մեր սարերը»:
«Հուշարձանի պաշտոնական բացում չի եղել, թեեւ այն պատրաստ էր արդեն 1967 թ., շարունակում է վերհիշել Զորի Բալայանը: Ոչ մի հանդիսություն: Ինչ-որ մեկը «կաթեցրել» էր Բաքվում, Աստված գիտե, թե ինչ: Իբր թե այն «Նահապետականության կարոտաբաղձություն» է արտահայտում: Զարմանալի ոչինչ չկա: Դա այն ժամանակների համար այնքա՜ն բնական էր: Բնական էր, որ Բաքվից անմիջապես հատուկ հանձնաժողով եկավ քննարկելու «հրեշի» հարցը: Պարզելուՙ ո՞վ է հեղինակը: Ի՞նչ փողերով է կառուցվել: Ի՞նչ է նշանակումՙ «Մենք ենք, մեր սարերը»: Այդ ովքե՞ր են այդ մենքը: Այդ ո՞ւմ սարերի մասին են ակնարկում հայերը.»:
78 տարի ապրեց այս արեւի տակ, այս քարքարոտ երկրում: Եվ երկրի քարերի մեջ տեսավ նրանց հոգին, տեսավ ու մարդկանց ցույց տվեց հենց այդ ոգին: Արցախի Հադրութի շրջանի Բանազուր գյուղում ծնված Սարգիս Բաղդասարյանն այնուհետեւ աշխարհի ամենատարբեր ճանապարհներով անցավ, ամենածանր հոգեկան ապրումներն ունեցավ, սակայն կարողացավ միշտ վառ պահել արցախցու աննկուն կամքը:
Սարգիս Բաղդասարյանի ստեղծագործությունը հիմնված է ազգային ավանդույթների վրա: Սակայն ժամանակի ընթացքում, չհրաժարվելով ազգային պատկերացումներից, արվեստագետն ստեղծեց իր ուրույն աշխարհը, որն առավել շեշտվեց դիմաքանդակներ ստեղծելիս: Եղիշե Չարենց, Սերգեյ Փարաջանով, Լեո, Վիլյամ Սարոյան, Պարույր Սեւակ, Սերո Խանզադյան, Զորի Բալայան, Սոս Սարգսյան. Ահա ոչ լրիվ ցանկը Սարգիս Բաղդասարյանի «դիմաքանդակային պատկերասրահի»: Սակայն սոսկ ճանաչված մարդիկ չեն այստեղ: Կան նաեւ շինարարների, օդաչուների, գորգագործուհիների, քարտաշների դիմաքանդակներ, որոնցից ամեն մեկը, լինելով յուրօրինակ ու անկրկնելի, Սարգիս Բաղդասարյանի ձեռագիրն է:
Մոնումենտալ քանդակագործությունը նույնպես խորթ չի եղել Սարգիս Բաղդասարյանին: 1978 թ. արվեստագետն ստեղծեց «Հավերժ միասին» մոնումենտալ համալիրը Աբովյանում, իսկ դրանից մեկ տարի առաջՙ 1977-ին, Հունգարիայի Շոպրոն քաղաքում բացվեց «Հայ-հունգարական բարեկամության» հուշարձանը:
Մեր գեղանկարչության նահապետըՙ Մարտիրոս Սարյանը, նույնպես բարձր է գնահատել Սարգիս Բաղդասարյանի ողջ ստեղծագործությունը. «Երեւանում, երբ բացվեց Ավետիք Իսահակյանի հուշարձանը, այն տպավորությունը ստացանք, որ մեծ բանաստեղծն իր բնական շարժումով ու խոհուն դեմքով շարունակում է քայլել, շնչել երեւանցիների հետ: Հուշարձանի հեղինակիՙ Սարգիս Բաղդասարյանի մեջ մշտապես արթուն է հայրենի Արցախի ոգին, եռանդն ու աննկուն կամքը: Նրա լավագույն գործերն աչքի են ընկնում քանդակային ուրույն կառուցվածքով, եւ, որ կարեւորն է, նա միշտ ներկայանում է մայր ժողովրդի ցավերով ու երազանքներով ապրող արվեստագետ»:
Կարելի է ասել, որ Սարգիս Բաղդասարյանը բացառիկ երջանիկ արվեստագետներից մեկը եղավ մեզանում: Նրա «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը միանգամից համընդհանուր ճանաչման արժանացավ: Այսպիսի բան կատարվել էր գուցե միայն Երվանդ Քոչարի «Սասունցի Դավթի» պարագայում: Ու հենց այս երջանկությամբ էլ գուցե նաեւ հեռացավ երկրային կյանքից:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ