ԿԱՆԲԵՐԱ, ԱՎՍՏՐԱԼԻԱ (Deutsche Press-Agentur): Մի հայ երիտասարդ, որը փորձում էր մնալ Ավստրալիայում, պատճառաբանելով, թե չի ցանկանում պատերազմել իր հին ընկերների դեմ, Կանբերայի դատարանի վճռով արտաքսվեց երկրից:
Հովհաննես Իսրայելյանը փախուստ էր տվել դեպի Ավստրալիա խուսափելու համար Հայաստանում պարտադիր զինծառայությունից:
Դատարանում նա ասել էր, թե անիմաստ է տարածքների համար Ադրբեջանի հետ պատերազմելը եւ թե այդ դեպքում ինքը ստիպված կլինի կռվել խորհրդային բանակում իր կողքին ծառայած ընկերների դեմ:
Սակայն դատարանը գտել է, որ Հ. Իսրայելյանին Հայաստանում պրոկոմունիստական հայացքների համար հետապնդումներ չեն սպասվում:
«Ազգի» կողմից. Ինչեր ասես, որ մեր հայրենակիցները չեն մոգոնում տարբեր երկրներում կեցության իրավունք կորզելու համար: «Կապուտակների» մասին շատ էինք լսել, կար ժամանակ, որ «հետապնդվող դաշնակցականների» թիվը կտրուկ աճել էր, ավելի ուշ ՀՀՇ-ական «հալածվածները» երեւան եկան: Սակայն առաջին անգամն ենք հանդիպում, որ «կոմունիստական» հայացքներն են առաջ քաշվում: Ականջդ կանչի, Խորեն Թռչունիչ: