«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2001-06-19 | #113, 2001-06-20 | #114, 2001-06-21


ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ

«Հատուկ սպասարկման» տնօրենը առաջարկում է դիակիզում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում նոր գերեզմանոցի համար հողատարածք հատկացնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է հանրապետության կառավարությանը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ տնօրեն Գառնիկ Աղաջանյանի, արդեն դժվարացել է եղած գերեզմանատներում նոր տեղեր տրամադրելը, որի համար էլ հարցն ուղղել են իշխանություններին: Նրա կարծիքով, սակավահող մեր հանրապետության համար ավելի նպատակահարմար է անցնել աշխարհի համար ընդունելի դիահրկիզման ձեւին: Սրանով, նախՙ կկրճատվեն հուղարկավորության ծախսերը եւ կլուծվի հողհատկացման խնդիրը: Ըստ ընկերության տնօրենի, նրանք, ովքեր ունեն «պապենական» գերեզմանատեղեր, կարող են օգտագործել դրանք, չնայածՙ սրանք էլ բոլոր սերունդների համար չեն: Թե ինչպես կընդունվի այս առաջարկությունը հայ եկեղեցու եւ ժողովրդի կողմից, Գ. Աղաջանյանը դժվարացավ պատասխանել, բայց ավելացրեց, որ նախ պետք է Երեւանում կառուցել դիակիզարան, հետագայումՙ սերնդափոխության հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Մեր հարցումին ի պատասխան, Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Գնել Նալբանդյանը հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին ավանդույթի ուժով դեմ է դիակիզումին: Սակայն, քանի որ որոշ երկրներում այն կիրառվում է, ուստի, այդ երկրներում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները ծիսակարգը կատարում են մինչ դիակիզումը: Ընդսմին, Հայ առաքելական եկեղեցին պաշտոնական որոշում չի կայացրել դիակիզում երեւույթի առընչությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4