Աղքատության նվազեցման ռազմավարության ծրագրի առնչությամբ հասարակայնության տեսակետները եւ իշխող տրամադրությունները պարզելու նպատակով Tacis-ի շրջանակներում ստեղծված «Աջակցություն ազգային համակարգման կենտրոնին» կառույցը նախաձեռնել եւ իրականացնում է քննարկումների շարքՙ թվով 21 կլոր սեղան, որից 10-ն արդեն կայացել է: Ինչպես տեղեկացանք, քննարկումները հատկապես թեժ բնույթ են կրել «Աջակցություն ազգային համակարգման կենտրոնին» ծրագրի ղեկավարությանՙ Հայաստանի մարզային բնակչության հետ ունեցած հանդիպումների ընթացքում: Այս փաստն, անշուշտ, բացատրության կարիք չունի. հայտնի է, որ մարզերում, բնակչության սոցիալական ապահովությանն առնչվող արդեն «ճահճացած» խնդիրների առումով, իրավիճակն ավելի լարված է: Իրենց հանապազօրյա խնդիրներն ու հոգսերն օտարերկրյա հյուրերին ներկայացնելու համար մարզերի (նաեւՙ մայրաքաղաքի) բնակիչներին ամենեւին էլ հարկավոր չէ հիմք ընդունել աղքատության նվազեցման ինչ-որ մի ծրագիր (եւս մեկըՙ եղած տասնյակ տեսությունների շարքում). նրանք պարապ խոսակցություններից հոգնել են, որովհետեւ այդ հանապազօրյա հոգսերի եւ իրենց անհուսության բեռն ամեն օր են կրում:
Ինչեւէ, հերթական քննարկման հրավիրյալները լրատվամիջոցներն էին: Երեկ Tacis-ի շրջանակներում գործող վերոհիշյալ ենթածրագրի ղեկավար Դիդյե դը Լա Մետրին հանդիպման մասնակիցներիս հավաստիացրեց, թե բնակչության արտահայտած ռազմավարական ծրագրին առնչվող բոլոր դիտողություններն ու դատողություններն անպայման հաշվի են առնվելու եւ հաշվետվության տեսքով տրվելու են Եվրահանձնաժողովին, որն էլ իր հերթին ինչ-որ լծակներ կգտնի (պարզ է, թե որ լծակների մասին է խոսքը)ՙ աղքատության վերաբերյալ կառավարության մոտեցումները շտկելու, ռազմավարական ծրագիրն էլ ավելի իրատեսական ու կիրառելի դարձնելու համար: Քննարկման ընթացքում հերթական անգամ արձանագրեցինք այն ամենը, ինչն առանց մեր արձանագրման էլ պարզ է ու տեսանելի. առանձնապես մանրակրկիտ քննարկման արժանացան կոռուպցիային, մենաշնորհներին առնչվող հարցերը, անօրինականությունները կրթության, առողջապահության, բնապահպանության եւ այլ ոլորտներում: Եզրակացություններում, իհարկե, լավատեսություն չկար, իսկ ծրագրի ղեկավարի համոզմունքը, թե «մենք պիտի մի կապող օղակ դառնանք քաղաքացիական հասարակության ու երկրի կառավարության միջեւ», առնվազն կասկածելի ու միամիտ հնչեց. կապակցել անկապակցելի՞ն.
Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ