«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2001-06-19 | #113, 2001-06-20 | #114, 2001-06-21


ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ ԽԱՌՆ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ

Հոկտեմբերի 27-ի գործով ԱԺ հանձնաժողովն այցելեց մեկուսարաններ

Թերեւս ոչ մի ժամանակավոր հանձնաժողով, որ ստեղծվել է Ազգային ժողովի կողմից, այնքան հաճախականությամբ նիստեր չի գումարել, որքան հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալների անվտանգությունն ապահովող իրավապահների գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովը: Զարմանալի է, որ այդ ընթացքում հանձնաժողովը դեռ չի կարողացել հստակ գործունեության պլան մշակել: Իսկ առանձին նախաձեռնությունները կարծես պահի տակ որոշված քայլեր լինեն, որոնք տրամաբանական շաղկապվածություն չունեն: Պատահական չէ, որ հանձնաժողովի յուրաքանչյուր որոշում կամ քայլ մեծ աղմուկի պատճառ է դառնում:

Մի քանի նիստ հազիվ գումարածՙ հանձնաժողովը հանկարծ որոշեց «խնդրանքով» դիմել առաջին ատյանի դատարան ամբաստանյալներին ազգային անվտանգության մեկուսարանից ՆԳՆ Նուբարաշենի մեկուսարան տեղափոխելու թույլտվության համարՙ կապված այն բանի հետ, թե Հունանյանն իր ցուցմունքներում ակնարկել է նախկին ՊԱԿ-ի հետ ունեցած իր կապերի մասին: Այդ քայլին հաջորդած տարաբնույթ կարծիքների հեղեղը, հանձնաժողովի անդամների տարակարծությունները, ուժային նախարարների միանշանակ դեմ արտահայտվելը վկայեցին, որ քայլը լուրջ վերլուծությունների վրա հիմնված չէր:

Դրան հետեւեց հանձնաժողովի հայտարարության մի հրապարակում, ըստ որի բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տրվում մեկուսարաններում, դատարանում եւ դատավարության ժամանակ իրավապահների, պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների, ԱԱ մեկուսարանում Նաիրի Հունանյանին պահելու օրինականության եւ Նորայր Եղիազարյանի 2000 թ.-ի օգոստոսի 29-ին մահվան հանգամանքների կապակցությամբ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել իրենց:

Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը հայտարարության անհրաժեշտությունը բացատրեց, թե «Պատերի տակ հազար տեսակ խոսակցություններ ենք լսում, պե՞տք է փարատենք այդ կասկածները, թե՞ ոչ»: Եթե պատերի տակ լսվող խոսակցություններըՙ ընդ որում ամենաֆանտաստիկ բնույթի, ամբողջովին հանձնաժողովն իր ուսումնասիրության առարկան դարձնի, ապա դրանց շուրջ տարվող աշխատանքները չեն ավարտվի անգամ դատավարության վերջանալուց հետո: Եվ չնայած նկատի են առնվում գործին քիչ թե շատ ծանոթ պաշտոնատար անձինք, այնուամենայնիվ, հայտարարության մեջ որեւէ կոնկրետացում այդ առումով չկա:

Եվ հետո ո՞վ կարող է ստացված տեղեկատվության աղբյուրիՙ քաղաքացու անվտանգությունը երաշխավորել, եթե այդ մասին ոչ մի բառ հայտարարության մեջ գրված չէ:

Հանձնաժողովի շրջանակներում հինգ աշխատանքային խմբեր ստեղծվեցինՙ կազմված 2-ական պատգամավորից, որոնք ուսումնասիրությունները պետք է կատարեին առանձին վայրերումՙ մեկուսարաններ, դատարան, գործին առնչվող փաստաթղթեր եւ այլն:

Եվ չնայած դեռեւս չեն հստակեցվել այդ խմբերի կոնկրետ անելիքների շրջանակները, փորձագետներ չեն նշանակվել, երեկ հանձնաժողովը որոշեց ողջ կազմով այցելել նախ ՆԳՆ, ապա նաեւՙ Ազգային անվտանգության մեկուսարաններ: Թե կոնկրետ ինչ էին անելու այնտեղ պատգամավորները, այդպես էլ չհստակեցվեց: Հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի տեղեկությամբ. «Հարցերով պետք է դիմենք մեկուսարանի աշխատակիցներին, առաջին հերթին պարզելու, թե ո՞ր մեկուսարան ո՞վ պետք է այցելի, ո՞ր ժամին, հետո կտեսնենքՙ ոնց ենք կազմակերպում մեր աշխատանքները»: Պրն Հակոբյանին հիշեցնենք, որ հանձնաժողովն ստեղծվել է հենց այն նպատակով, որ երբ անդամները ցանկանան, կարողանան մուտք գործել մեկուսարաններ, իրավիճակին տեղում, ինչու չէ, նաեւ հանկարծակի ծանոթանալու:

Սակայն նույն հանձնաժողովի մեկ այլ անդամիՙ Ղուկաս Ուլիխանյանի բնորոշմամբ. «Առաջին այցը ճանաչողական բնույթի է: Երբ մենք մեր փորձագետներին ներկայացրած կլինենք, դրանից հետո յուրաքանչյուրս մեզ համար կոնկրետ աշխատանքային պլան կկազմենք: Այս անգամ այցելում ենքՙ ծանոթանալու մեկուսարանի ընդհանուր վիճակին»:

Հակված ենք կարծելու, որ հանձնաժողովի այցը հենց այս նպատակն է հետապնդում, քանի որ դա ավելի շատ տեղեկություն կտա, քան ԱԱ մեկուսարանի աշխատակիցներին հարցաքննելը, առավել եւս, որ պատգամավորները խնդիր ունեն վերջապես հասկանալու, թե ի վերջո ո՞րն է ճիշտ. ամբաստանյալներին ԱԱ մեկուսարանում թողնե՞լը, թե՞ ՆԳ համակարգ տեղափոխելը: Անհասկանալին թերեւս այն է, թե ինչո՞ւ այս այցը նախօրոք չէր կազմակերպվում, չէր ուսումնասիրվում երկու մեկուսարանների ներկա վիճակն անվտանգության ապահովման երաշխիքների տեսակետից, նոր դրանից հետո որոշվերՙ տեղափոխման խնդրանքով դիմե՞լ դատավորին, թե՞ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա: Մյուս կողմից, շատ ավելի նպատակահարմար կլիներ, որ պատգամավորները նախ վճռեին փորձագետների նշանակման հարցը, ապա մեկուսարաններ այցելեին, ինչը նրանց կօգներ առավել պրակտիկ ծանոթանալու իրավիճակին:

Ինչեւէ. այսօր հանձնաժողովը եւս նիստ կգումարիՙ լուծելու փորձագետների խնդիրը: Պատգամավոր Հակոբ Հակոբյանի հավաստմամբՙ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ երեք փորձագետից կազմված խումբ կունենա, որոնցից կվարձատրվի միայն մեկը, մյուսները կաշխատեն հասարակական հիմունքներով: Եթե հաշվենք, որ հանձնաժողովը 12 անդամ ունի, ապա փորձագետների բանակը համալրելու են 36 հոգի, որոնցից կվարձատրվեն 12-ը միայն: Թե ո՞րն է լինելու մյուս 24-ի շահագրգռության հիմքը, հանձնաժողովը թերեւս կփորձի պարզել այսօրՙ խմբերի անելիքները որոշելու հետ:

Ի դեպ, ինչպես տեղեկացանք, հանձնաժողովի դիմումը դատարանինՙ արդեն ուղարկվել է:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4