Կարեւորագույն հարցերը քաղաքական համախմբվածություն են պահանջում
2002 թվականի կեսերից Հայաստանը թեւակոխում է ընտրությունների տեւական շրջան: Նախ կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իսկ հաջորդ տարվա փետրվարին ՀՀ նախագահի եւ ապրիլինՙ ԱԺ պատգամավորների ընտրությունները: Եվ չնայած դրան, երկրի համար կարեւորագույն այդ միջոցառումներին գնում ենք դեռեւս անպատրաստ:
Առանձին ընտրությունները տարբեր ընտրատարածքներում շարունակ վկայում են, որ հին հիվանդությունըՙ ընտրացուցակների հետ կապված, առողջացման միտումներ չի արձանագրում, իսկ ընտրական գործընթացի բարեփոխումների ծրագրային փաթեթի շուրջ տարվող աշխատանքները բավականին դանդաղ ընթացք ունեն: Այսուհանդերձ ե՚ւ Եվրախորհրդի, ե՚ւ Հայաստանում օրենսդրական գործունեությանը մշտապես հետեւող Վենետիկյան հանձնաժողովի կողմից այս ընթացքում առաջադրվող բարեփոխումներ կատարելու պահանջները հույս են ներշնչում, որ Ազգային ժողովը, կառավարությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկարողանան համատեղ ուժերով «Ընտրական օրենսգիրքն» այս ընթացքում հասցնել վերջնական կամ գրեթե վերջնական տեսքի:
Գոյություն ունեն երեք լրջագույն հիմնախնդիրներ, որոնք բացառապես քաղաքական լուծում են պահանջում. առաջինը Աժ ընտրություններում համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցության հստակեցումն է: Նախորդ տարի խորհրդարանը կարեւոր քայլ կատարեց այս ուղղությամբՙ մեծացնելով համամասնական տեղերի քանակը խորհրդարանում: Սակայն բազմաթիվ քաղաքական կազմակերպություններ եւ հատկապես կուսակցություններ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ավելի ու ավելի ջանադրաբար են առաջարկում հարյուր տոկոսանոց համամասնականի անցնելու խնդիրըՙ բխեցնելով կիսանախագահական կառավարման համակարգից պառլամենտականի անցնելու անհրաժեշտությունից: Ամեն դեպքում սահմանադրության փոփոխությունների ուշացման պարագայում ԿԸՀ-ն առաջնորդվելու է ընդունված 94/37 հարաբերակցությամբ, որը բերելու է երկրորդ կարեւոր քաղաքական լուծում պահանջող հարցի կարգավորման խնդրինՙ ընտրահանձնաժողովների եւ ընտրատարածքների ձեւավորման մեխանիզմների հստակեցմանը:
Այս հարցում միանշանակ դիրքորոշում գոյություն չունի: Օրինակ, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից է ձեւավորվելու ԿԸՀ-ն. զուտ քաղաքական ուժերի՞, սակայն որո՞նց, ընդհանրապես կառավարությա՞ն, թե՞, ասենք, ներքին գործերի նախարարության: Բոլոր հիշատակված մեխանիզմները կիրառվում են համաշխարհային պրակտիկայում, սակայն բոլորի հանդեպ էլ առանձին վերապահումներ գոյություն ունեն, որոնք մեր իրականության մեջ հաշվի չառնել չի կարելի: Նախ ինչպես անել, որ ԿԸՀ-ի անդամը գործի միաժամանակ իրեն առաջադրած քաղաքական ուժի ցուցումներով, միաժամանակ գործունեության մեջ լինի ազատ: Եվ երկրորդըՙ ո՞ր ուժերը կարող են անդամներ ունենալ հանձնաժողովներում: Փորձը ցույց տվեց, որ ստորագրություններով հիմնավորված անդամների առաջադրումն իրեն չի արդարացնում: Թերեւս ամենահարմար տարբերակը ԿԸՀ-ն խորհրդարան մտած քաղաքական ուժերի կողմից ձեւավորումն է ըստ ստատուս քվոյի, որը կգործի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Այս ճանապարհով կարելի է հավասարակշռություն մտցնել քաղաքական ուժերի եւ կառավարության առաջադրած անդամների հարաբերակցության միջեւ, եթե, իհարկե, կուսակցությունները նախընտրեն գործադրին եւս ԿԸՀ-ում լծակներ թողնելու ճանապարհը: Մյուս երկու դեպքերումՙ ընտրությունների կազմակերպումը եւ իրականացումը կառավարությանը կամ ՆԳՆ-ին թողնելու դեպքում կենտրոնական եւ մարզային ընտրահանձնաժողովները կկորցնեն անկախությունըՙ հարմար առիթների համար դառնալով իշխանության մեքենան:
Երրորդ կարեւորագույն հիմնահարցը ընտրություններին զինծառայողների մասնակցելը կամ չմասնակցելն է: Գաղտնիք չէ, որ բանակի մասնակցությունը մշտապես վճռորոշ է եղել ընտրություններում այն շատ պարզ պատճառով, որ զինվորները զանգվածաբար կատարել են վերադասների պատվեր-պարտադրանքը: Արդյունքում, եթե անգամ պատգամավորության թեկնածուն տվյալ ընտրատարածքում ձայն էլ չհավաքեր բնակչությունից, տեղի զորամասը լիովին բավարար էր նրան պատգամավորի մանդատ «նվիրելու» համար:
Հարցի կարգավորումը ըստ էության բավականին խրթին է. եթե միանշանակ մերժվում է բանակի մասնակցությունը ընտրություններին, խախտվում է մարդու ընտրելու բնական իրավունքը, եթե ընտրություններին մասնակցել նրան թույլատրվում է մասնակիորեն (որի մասին կխոսենք), ապա ինչպե՞ս պաշտպանել իր գրանցման վայրից հեռու, այլ բնակավայրում աշխատող, ասենք բուժքրոջ իրավունքը, որն այդ բնակավայրում ընտրելու հնարավորությունից զրկվում է, ի հակադրություն գրեթե նույն վիճակում գտնվող զինվորի:
Միջազգային դիտորդները Հայաստանում գտնում են, որ պետք չէ գնալ այս կամ այն շերտի իրավունքների սահմանափակման ճանապարհով, այլ գործուն մեխանիզմներ գտնել զինվորներին վերադասների պարտադրանքից հեռու պահելու, ինչը ծանր լուծելի խնդիր է:
Առանձին քաղաքական կազմակերպություններ, ելնելով իրենց գաղափարական առանձնահատկություններից, տարբեր մոտեցումներ են առաջարկում: ԱԺԿ-ն, օրինակ, ամենահարմար տարբերակը համարում է անցումը հարյուր տոկոսանոց խորհրդարանական համակարգի, եւ գտնում է, որ այդ մասով զինվորներն այլեւս խնդիր չեն ունենա: Թե ինչպե՞ս է դա խանգարելու պարտադրանքի կիրառմանը, կոնկրետ չի բացատրվում: Կոմկուսը եւս գտնում է, որ լրիվ քաղաքականացված խորհրդարանի ձեւավորումը ամենահարմար տարբերակն էՙ վկայակոչելով Իսրայելի օրինակը:
Հարցին քիչ թե շատ հարմար լուծում է առաջարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ նրա ներկայացրած բարափոխումների փաթեթի, առաջարկվում է զինվորներին ընտրելու հնարավորություն տալ միայն համապետական նշանակության ընտրություններինՙ հանրաքվեին, նախագահականին եւ ԱԺ միայն համամասնական ընտրություններին: Այսինքն, նրանք զրկվում են ԱԺ մեծամասնական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից: Այսօրվա դրությամբ այս տարբերակըՙ կիսատ-պռատ կամ զուտ ցանկության մակարդակով ներկայացվածների համեմատ, ամենահարմարն է, թեեւ սա էլ հարցի վերջնական լուծում չէ:
Ինչեւէ, շոշափված ենթաոլորտներն, իհարկե, կարեւորներն էին, սակայն ոչ բոլորը: Պակաս նշանակություն չունեն ընտրացուցակների ձեւավորման աշխատանքների կազմակերպումը, ընտրագրավների չափերի որոշումը, բռնագաղթածներիՙ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մշտարթուն խնդիրը եւ այլն: Ամեն դեպքում համակարգային մոտեցման անհրաժեշտությունն աներկբա է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ