Հանրակրթական դպրոցների նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) կաբինետներում հրաձգային ուսումնական զենքերի չհրկիզվող պահարանները... դատարկ են: Ահա տասը տարի է, ինչ դպրոցներից ուսումնական զենքերըՙ Կալաշնիկովի ավտոմատները, օդամուղ եւ այլ հրացանները հավաքել են: Միգուցե այն ժամանակ այդ քայլը ստիպողական էր, պատճառաբանված, քանի որ պատերազմական իրավիճակ էր, սակայն հիմա նման իրավիճակ գոյություն չունի, իսկ ուսումնական զենքերը դպրոցներին չեն վերադարձվում:
Պատկերացրեք այսպիսի դրություն: Ուսումնական ծրագրերով թեման «Կրակային պատրաստություն» է, որի ժամանակ հարկ է ուսումնասիրել Կալաշնիկովի ավտոմատը, քանդելու եւ հավաքելու ձեւերը, մասերից յուրաքանչյուրի գործողությունը կրակելու ժամանակ: Զինղեկը գրատախտակի վրա խփված մեխից կախում է ավտոմատի մասին «պատմող» նկարազարդ պլակատը (զինպատրաստության կաբինետներում պլակատների 95 տոկոսը ռուսերեն է, նույնիսկ բրեժնեւյան ժամանակների, թարմացման ու հայկականացման խիստ կարիք է զգացվում, բայց հայերեն պլակատներ չեն տրամադրվում), ցույց է տալիս նկարները եւ բացատրումՙ տղանե՚ր, սա ավտոմատն է (հավանաբար կինոնկարներում տեսած կլինեք), բաղկացած է հետեւյալ մասերից ու մեխանիզմներից... Աշակերտները բարեխղճորեն գրում են թելադրածը (դասագրքերի պակաս էլ կա), մեկ առ մեկ մոտենում են պլակատին, նայում, նստում իրենց տեղը ու... մոռանում: Իսկ հաջորդ դասին պատասխաններն, անշուշտ, կցկտուր են, չգոհացնող:
Դպրոցը նույնիսկ օդամուղ հրացաններ չունի, որպեսզի աշակերտներին նշանառության տարրեր, դիպուկ կրակել սովորեցնի: Տասը տարի առաջ նույնիսկ ուսուցչուհիները հիանալի հրաձիգներ էին, քանի որ ազատ րոպեներին զինպատրաստության կաբինետներ էին մտնում...
Երբ ուսումնական ծրագրի համաձայն տասներորդ դասարանների աշակերտներին մոտակա զորամաս տարա, տեսնեիք տղաների ու աղջիկների աչքերում փայլատակող կրակըՙ իսկական, մարտական ավտոմատ են տեսնում, կարող են ոչ միայն շոշափել, վերցնել, այլեւ քանդել, մասերի բաժանել ու հավաքել: Իսկ մայիսի վերջերին մեր դպրոցի ավարտական դասարանների տղաները գնացին կրակային պատրաստության: Կրակագիծ դուրս գալուց առաջ երկու տղաներ մոտեցան ինձ եւ շշուկով խոստովանեցին, որ վախենում են կրակել, քանի որ ավտոմատ երբեք ձեռքները չեն վերցրել (զորմասինը չհաշված): Ես ցրեցի նրանց կասկածները, նորից բացատրեցի, թե ինչպես պետք է կրակել, եւ... ամեն ինչ հաջող անցավ: Համոզված եմ, որ երեք փամփուշտները քիչ էին, բայց առաջին անգամվա համարՙ բավական: Միգուցե տղաներից շատերը թիրախները խոցել չկարողացան, բայց գոնե վառոդի հոտն առան:
Հավանաբար հայտնած կլինեմ ՆԶՊ բոլոր ուսուցիչների կարծիքը, որ շատ շտապ անհրաժեշտ է դպրոցներից ժամանակին հավաքած ուսումնական զենքերը վերադարձնել աշակերտներին: Շատ դպրոցներ պատրաստ են ընդունելու դրանք: Սակայն, չգիտես ինչու, պաշտպանության նախարարությունը հապաղում է: Իսկ հապաղումը հղի է նոր փորձություններին անպատրաստ լինելու վտանգով:
Մի կարեւոր նկատառում եւս: Զենքերի բացակայությունը բացասաբար է անդրադառնում երիտասարդների առաջադիմության վրա. նրանք ՆԶՊ առարկային մատների արանքից են նայում, դասերին հաճախում են հենց այնպես, ընկնում է կարգապահությունը: Իսկ ուսումնական զենքերի առկայության դեպքում տղաներն իրենք կձգտեն բարեխիղճ լինել, լավ սովորել, քանզի վատ վարքի կամ դասը չսովորելու համար կպատժվենՙ հաջորդ անգամ չեն կրակելու: Եվ այդ ամենը խթան կդառնա լավ զինվորներ պատրաստելու գործում:
ԳՐԻԳՈՐ ՖԱՐՈՒՆՑ, Պահեստի մայոր, զինղեկ