«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2001-06-19 | #113, 2001-06-20 | #114, 2001-06-21


ԱՆՀԱՏՈՒՅՑԸ... ՀԱՏՈՒՑՈ՞ՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ, ԿԱՄ Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Այս պատմությունն աննախադեպ է: Ուղիղ մեկ տարի առաջ, 2000 թ. հունիսի 13-ին ընդունվեց արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) օրենքը: Հուլիսի 3-ին օրենքը վավերացրեց ՀՀ նախագահը: Համաձայն օրենքի 4-րդ հոդվածի պահանջների. «Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երեւան քաղաքում քաղաքապետի որոշմամբՙ կառավարության սահմանած կարգով»: Պետական արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) կարգը հաստատելու կառավարության որոշումն ընդունվում է գործընթացի կիրարկման համար բավական մեծ ուշացումով, միայն 2000 թ. սեպտեմբերի 30-ին: Սակայն սա իր հերթին: Կառավարական որոշմամբ բավական հստակ պարզաբանվում է հետեւյալը. «Պետական բնակարանային ֆոնդին պատկանող տարածքներում գտնվող պետական արվեստանոցները մինչեւ 2000 թ. մայիսի 1-ը վարձակալության հիմունքներով օգտագործող արվեստագետները մինչեւ 2001 թ. դեկտեմբերի 31-ն այդ արվեստանոցներն իրենց անհատույց մասնավորեցնելու (սեփականաշնորհելու) դիմումը ներկայացնում են մարզերում համապատասխան մարզպետներին, իսկ Երեւանումՙ Երեւանի քաղաքապետին»: Սա որոշման 2-րդ կետն է, իսկ 3-րդը սահմանում է, որ «դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում, մարզերում համապատասխան մարզպետը, իսկ Երեւանում Երեւանի քաղաքապետը ստուգում են այդ փաստաթղթերի օրինականությունը եւ ընդունում որոշում պետական արվեստանոցները դիմողին անհատույց մասնավորեցնելու (սեփականաշնորհելու) մասին»: Վերոնշյալ օրենքով եւ որոշմամբ զինված արվեստագետներըՙ վերցնելով համապատասխան փաստաթղթերը (օրդեր, վարձակալության պայմանագիր, վարձակալական գրքույկ, ինչպես նաեւ ստեղծագործական միության երաշխավորագիրը), դիմում են մարզպետարաններ եւ քաղաքապետարան ու. մերժվում: Այստեղ, կարծում ենք, տեղին է մեջբերել եւս մեկ հոդված օրենքից: Հոդված 7-ը միանշանակ պահանջում է հետեւյալը. «Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան»: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների մասին համապատասխան օրենքով համայնքային գույքն առանձնացված է պետական գույքից, օրենքում խոսք է գնում պետական բնակարանային ֆոնդում գտնվող վարձակալական տարածքների մասին, իսկ պետական բնակֆոնդում արվեստանոցներ չկան. քանի որ դրանք գտնվում են համայնքային բնակարանային ֆոնդում: Մնում էր օրենքում փոքրիկ մի լրացում կատարել, «պետական բնակարանային ֆոնդ» հասկացությունը փոխարինելով «համայնքային բնակարանային ֆոնդ» հասկացությամբ կամ լրացնելով այն: Թերարժեք օրենքը 2000 թ. ընթացքում հասնում է մարզպետարաններ եւ քաղաքապետարան, մերժվում, հետ է դառնում ԱԺ եւ դատապարտվում լեթարգիկ նինջի ԱԺ մշակույթի եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի թղթապանակում: 2000-ի ընթացքում ՀՀ նկարիչների եւ ճարտարապետների միությունները բազմիցս դիմում են պատկան մարմիններին (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ԱԺ նախագահություն): Տասնյակ խոստումներ են հեղվում նախագահական աշխատակազմի եւ կառավարության աստիճանավորների կողմից, մշակույթի եւ գիտության մշտական հանձնաժողովի անդամներն արվեստագետներին պահում են մշտական լարման մեջՙ մշտապես խոստանալով խնդիրը կարգավորել. Տողերիս հեղինակը, որը պատիվ կամ դժբախտություն ունի շուրջ մեկ տարի զբաղվելու այս չարչրկված օրենսդրական ծածկադմփոցով, տասնյակ հուզաթոթով խոստումներ է լսել պատգամավորներից: Ու մինչ խոստումներ են հեղվում, տարին ավարտվում, եւ գործը փոխանցվում է 2001-ին: Առաջին իսկ նստաշրջանից սկսած դիմում-բողոքների տեղատարափ է սկսվում, որոնց արդյունքում ի վերջո երեւան է գալիս հանձնաժողովի նախագահը, հստակ եւ վերջնական խոսք ասելով, որ առաջիկայում խնդիրը կմտցվի օրակարգ, կկատարվի համապատասխան լրացում եւ. ամեն բան կհասնի իր տրամաբանական վախճանին: Այդ պահից սկսած խնդրի կարգավորմամբ զբաղվում է միայն Շավարշ Քոչարյանը: նախկին ԱԺՄ-ական գործիչն այժմեական մտախառնվածքի ու վարքագծի տեր է, եւ մարտի սկզբին հանձնաժողովի նիստում հաստատված օրակարգային հարցը մեկ ամիս անցՙ ապրիլին հանվում է օրակարգային խնդիրների ցանկից եւ. հերթական անգամ ուղղվում կառավարություն: Ի՞նչ տրամաբանությամբՙ անհայտ է եւ անմեկնելի: Սակայն ամեն բան դառնում է տրամաբանական եւ մեկնելի, եթե հիշենք, որ բանը հասել է խորհրդարանի ամառային հանգստին, որից հետո կգա հերթական թեժ աշունը, կհնչեն էլի մի քանի թեժ խոստումներ, եւ տարին կավարտի իր շրջանը, օրենքը չի ընդունվի, եւ Շ. Քոչարյանը հավատարիմ կմնա խորհրդարանի կուլիսներում արտահայտած իր հատուկ կարծիքին. «Չի հասնում նրանց»:

Թե ո՞ւմ եւ ի՞նչ է հասնումՙ կերեւա մոտ ապագայում, երբ ՀՀ ԱԺ մշակույթի, գիտության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները կվիժեցնեն իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի կիրառումը: Իսկ մեզ մնում է հուսալ, որ գործին կմիջամտեն ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ նախագահի մշակութային հարցերով խորհրդական Ռազմիկ Դավոյանը եւ կառավարության համապատասխան կառույցները:

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4