Նվիրվում է կինոբեմադրիչ եւ պատմաբան Արտեմ Օհանջանյանին
«Բացելով դուռը Եվրոպայի». այսպես է կոչվում արձակագիր, Արմենպրես լրատվական գործակալության լրագրող Վանիկ Սանթրյանի նոր գիրքըՙ նվիրված կինոբեմադրիչ եւ պատմաբան Արտեմ Օհանջանյանին (Ավստրիա): Այն լույս է ընծայել «Հրազդան» հրատարակչությունը:
Բաքվում ծնված, Թեհրանում մեծացած եւ Ավստրիայում ուսում առած, այնուհետեւ այնտեղ հաստատված ղարաբաղյան արմատներով մտավորականն առաջին անգամ Հայաստան է այցելել 1988 թվականին: Ապա ամեն տարի գալով հայրենիքՙ գործով, նաեւ ապրիլի 24-ին մշտապես այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք:
«Հենց այնպես, ձեռքերս թափ տալով չէի ուզում գալ հայրենիք, ասում է Օհանջանյանը: Իսկ երբ տեսա, որ ժողովրդիս համար մի համեստ գործ արդեն արել եմ, եկա շարունակելու ծառայել նրան»: Այդ ծառայությունը կայանում է ավստրիական աղբյուրների պրպտումների մեջ, որտեղ նա հայտնաբերել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք անհերքելի ապացուցում են, որ Ավստրոհունգարիան մեղսակից է Հայոց ցեղասպանության իրագործման մեջ: Այդ փաստաթղթերը դարձել են 12 հատորանոց գիրք (ֆաքսիմիլե), որից մեկական օրինակ Ավստրիայի կառավարությունը գնել եւ ընծայել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, Ազգային գրադարանին եւ Երեւանի պետական համալսարանին:
Իսկ որպես ռեժիսոր, Օհանջանյանը նկարահանել է վեց տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են Հայոց ցեղասպանությանը, Ֆրանց Վերֆելին ու նրա «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին նվիրված ժապավենները, դրանք ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ Ավստրիայում ու հեռուստասփռվել ամբողջ Եվրոպայով մեկ:
Օհանջանյանի ջանքերով է հող բերվել Ֆրանց Վերֆելի գերեզմանից եւ զետեղվել Ծիծեռնակաբերդի բարձունքում, անցկացվել ավստրիացի գրողին ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաքներ: Նա հանդիպումներ է ունեցել Վիլյամ Սարոյանի, Շառլ Ազնավուրի, Վազգեն Ա կաթողիկոսի, Սերգեյ Փարաջանովի եւ այլ նշանավոր մարդկանց հետ, հարցազրույցներ վարել:
65-ամյա մագիստրոս-դոկտոր Օհանջանյանն այսօր էլ շարունակում է ստեղծագործել Ավստրիայում, միաժամանակ այդ երկրում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լիազոր ներկայացուցիչն է Հայ դատը պաշտպանելու գործում, տեղում գործող «Ֆրանց Վերֆել» կոմիտեի փոխնախագահը: Այս օրերին նա գտնվում է Չիկագոյում, որտեղ մեկնել է ստանալու այնտեղ անցկացված փառատոնի մրցանակըՙ Սերգեյ Փարաջանովին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի համար:
Ս. Գ.