Ամեն տարի հունիսի 23-ը որպես միջազգային օլիմպիական օր նշվում է աշխարհի բոլոր երկրներում: Նորանկախ Հայաստանն էլ արդեն մի քանի տարի նշում է այն, անցկացնում տարբեր միջոցառումներ:
Առաջիկա շաբաթ օրը եւս մեզանում կնշվի օլիմպիական օրը, ինչը կնպաստի սպորտի մասսայականացմանը, օլիմպիական գաղափարների տարածմանը: ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների մասնակիցներին ուղերձ է հղել այդ կազմակերպության նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ սպորտվարչության լրատվական ծառայությունում, միջոցառումները կսկսվեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Ժամը 11-ին կտրվի մասսայական վազքարշավի մեկնարկը: Մասնակիցները կանցնեն Նալբանդյան, Սայաթ Նովա, Ալեք Մանուկյան, Վարդանանց փողոցներով եւ վազքը կավարտեն Վազգեն Սարգսյանի ավան «Հանրապետական» մարզադաշտում:
Վազքարշավում աչքի ընկած մասնակիցներին պարգեւատրելուց հետո կսկսվի ֆուտբոլի պատանեկան մրցաշարի եզրափակիչ խաղը:
Դրանից հետո մրցասպարեզ կմտնեն հեծանվորդները, որոնք մանկական զբոսայգու շուրջը վազքարշավ կանցկացնեն կրիտերիում մրցաձեւից: Այնուհետեւ հետաքրքիր մրցումներ կանցկացվեն Երեւանյան լճում, որտեղ հանդես կգան հանրապետության ուժեղագույն թիավարողները: Ջրային ձեւերի մրցումները դրանով չեն ավարտվի. Սեւանա լճում ասպարեզ կմտնեն առագաստանավային սպորտի վարպետները:
Միջազգային օլիմպիական օրվա վերջին ակորդը կհնչի Թատերական հրապարակում: Նախատեսված է այստեղ անցկացնել տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների ելույթներ: Կանցկացվեն սեղանի թենիսի, բադմինտոնի, վոլեյբոլի, բազկամարտի, կշռաքարային սպորտի մրցումներ: Ընդ որում, իրենց ուժերը, ունակությունները կարող են փորձել բոլոր ցանկացողները:
Հանրապետության մարզերում նույնպես հունիսի 23-ին կանցկացվեն մարզական տարբեր միջոցառումներ: Բոլոր մասնակիցներին, առանց բացառության, կհանձնվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ստորագրությամբ հավաստագրեր: