Եվ համատեղ պայքարելու են թմրանյութերի շրջանառության դեմ
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱՊՀ մասնակից երկրների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը քննարկեց հարցերի լայն շրջանակ: Օրակարգը յոթ կետ ուներ, եւ բոլոր քննարկված հարցերի շուրջ ընդունվեցին համապատասխան որոշումներ», նշեց ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանըՙ երեկ Երեւանում կայացած երկօրյա նիստի ավարտին կայացած մամլո ասուլիսում, որին մասնակցում էին ԱՊՀ մնացյալ 11 երկրների ներկայացուցիչները եւսՙ հինգը նախարարների մակարդակով:
ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների ղեկավարները քննության են առել ՆԳՆ-երի փոխգործունեության օպերատիվ-ծառայողական գործունեության տարբեր ուղղությունները, 2000-2003 թթ.-ի համար նախատեսված հանցագործությունների դեմ համատեղ պայքարի միջոցառումների, մինչեւ 2003 թ. ընդգրկող միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի ծրագրերի ընթացքը:
«Նիստի ընթացքում նշվեց, որ մեր երկրների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի ոլորտներ թափանցող կազմակերպված հանցագործ խմբերի գործունեության ակտիվացումը պահանջում է ամենախիստ վերահսկողություն հաստատել այդ խմբերի հետ կապ ունեցող պաշտոնյաների հանդեպ», նշեց պրն Հարությունյանը: Նա առանձնացրեց տրանսպորտային հանցագործությունների դեմ պայքարի մասին նախագիծը, որի վերաբերյալ համաձայնագիր ստորագրվել է դեռեւս 1995-ին, բայց որի լրամշակված, կատարելագործված տարբերակն այս անգամ ներկայացրել է Կիրգիզիայի ՆԳ նախարարությունը:
Մամլո ասուլիսին մանրամասն անդրադարձ եղավ թմրանյութերի եւ հոգեներգործող նյութերի անօրինակ շրջանառության դեմ պայքարին, որը, մեր ՆԳ նախարարի հավաստմամբ, համագործակցության ծրագրերի առաջնահերթություններից է:
ՌԴ ՆԳ նախարար պրն Գրիզլովը նշեց, թե այս ոլորտում նախապատրաստվում է մեծամասշտաբ համատեղ մի օպերացիա, որին կմասնակցեն Համագործակցության երկրների ՆԳՆ ոչ միայն մասնագիտացված օրգաններն, այլեւ ոստիկանությունն ու մի շարք այլ կառույցներ: «Կարծում եմՙ այս պայմանավորվածությունը պիտի առավել արդյունավետ դարձնի հանցագործությունների կոնկրետ դեպքերի բացահայտումները, եւ ընդհանրապես օպերացիան էական դեր կկատարի թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում», նշեց ռուս նախարարը:
Այս որոշումներն իրականացնելու համար ԱՊՀ մասնակից երկրների ՆԳ նախարարների խորհրդի 20-րդ նիստը մի որոշում էլ ընդունել է Համագործակցության երկրների ՆԳՆ-երի փորձագետներ ընդգրկող աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հայաստանյան թղթակցի հարցին, թե նկատի առնելով եղած կոնֆլիկտները, համագործակցությունը ձեւական չէ՞, պատասխանեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախարարները:
Պրն Հարությունյանն ընդունեց, թե իրապես շատ ստորագրված փաստաթղթեր են մինչ այժմ մնացել թղթի վրա, ինչի համար էլ խորհուրդը պատրաստվում է հաշվառել եղած բոլոր համաձայնագրերն ու կյանքի կոչել դրանք:
Բայց մյուս կողմից էլ նախարարը նշեց, թե ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների աշխատանքում կիրառվում է օպերատիվ-հետաքննական համատեղ խմբեր ստեղծելու փորձը, ինչպես, ասենք, Հայաստանի եւ Ռուսաստանի պարագայում:
Պրն Գրիզլովի համոզմամբՙ ՆԳ նախարարների խորհուրդն ԱՊՀ շրջանակներում գործող ամենակենսունակ կառույցներից է, որն այնպիսի ռեալ խնդիրներ է լուծում, ինչպես, օրինակ, տեղեկատվական ընդհանուր համակարգի ստեղծումը: «Թմրանյութերի շրջանառության վերաբերյալ մենք ունենք արդեն 500.000 անուն ինֆորմացիա ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերյալ, որ մշտապես կարող ենք փոխանակել», ասաց նա: Գրիզլովը շեշտեց նաեւ ԱՊՀ երկրների միջեւ կիրառվող հանցագործների հանձնման պրակտիկանՙ շնորհակալություն հայտնելով մասնավորապես Ադրբեջանի ՆԳ նախարարին չեչենական ահաբեկիչներին հանձնելու համար:
Ադրբեջանի ՆԳ նախարար պրն Ուսուբովը նշեց, թե իրենք անցած երկու տարիներին 60 հանցագործների են հանձնել, իսկ Ռուսաստանը Ադրբեջանին անցած չորս տարիներինՙ 1400:
Պրն Հարությունյանն էլ ավելացրեց, թե ԱՊՀ երկրներն անցյալ տարի Հայաստանին են հանձնել 60 հանցագործների, իսկ մենք Համագործակցության երկրներինՙ 14: ԱՊՀ մասնակից երկրների ՆԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Թբիլիսիում, իսկ առայժմ խորհրդի նախագահությունը Հայաստանինն է: