Ռուսաստանի պատվիրակությունն օժանդակել է հայկական կողմին
Հունիսի 19-21-ը Բաքվում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական լիագումար նիստին, ի թիվս այլ հարցերի, հայկական խորհրդարանական պատվիրակության ջանքերով հաստատման է արժանացել տարածաշրջանում (ներառյալ Սեւանա լճի) էկոլոգիական վիճակը բարելավելուն ուղղված նախագիծը, որ ներկայացել է արդեն ՍԾՏՀ նախարարների խորհրդի քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում է Բաքու մեկնած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը, Ադրբեջանում իրենց ծավալած գործունեությունը կարելի է հաջողված համարել: Գլխավոր ձեռքբերումն այն է, որ քվեարկության արդյունքներով ՍԾՏՀ փոխնախագահի երեք աթոռներից մեկը տրվել է Վիկտոր Դալլաքյանին: Ընդ որում, դեմ է արտահայտվել ադրբեջանական կողմը, որը խախտելով Հայաստանում ձեռք բերված համաձայնությունները, այլ անդամ երկրների պատվիրակությունների շրջանակներում ակտիվ քարոզչական աշխատանքներ է ծավալել, որին, սակայն, տուրք չի տվել, փաստորեն, եւ ոչ մի պատվիրակություն: Հավաքելով առավելագույնՙ 37 ձայն, հայկական պատվիրակությունը ձեռք է բերել փոխնախագահի պաշտոնը, որն, ի դեպ, բավականին լուրջ լիազորություններ ունի, ինչպես ասենք, այլ միջազգային կազմակերպություններում ՍԾՏՀ-ի անունից հանդես գալը, նիստերի վարման իրավունքը եւ այլն: Այս գործընթացում էական ազդեցություն է ունեցել ռուսական խորհրդարանական պատվիրակությունը, որը նախապես հետ վերցնելով իր թեկնածությունն այդ պաշտոնում, նախընտրությունը տվել է հայ թեկնածուինՙ ստանձնելով միայն կազմակերպության գանձարանի պաշտոնավարումը: Իրենց քայլը ՌԴ Պետդումայի փոխխոսնակը բացատրել է այն հանգամանքով, թե մյուս պետություններն ամեն ինչ պետք է անեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը խթանելու համար: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը եւս իր ձայնը տվել է Վիկտոր Դալլաքյանին, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախօրոք:
Չնայած դրան, հայկական պատվիրակությանն Ադրբեջանը դիմավորել է բարձր մակարդակով, հատուկ ուշադրությամբ, որից ԱԺ պատվիրակության անդամները բավականին շոյված էին: Վ. Դալլաքյանը հաստատում է, որ ի հակադրություն մյուս անդամ երկրների խորհրդարանականների, որոնց տրամադրվել են միկրոավտոբուսներ, հայ պատգամավորներին հատկացրել են առանձին ավտոմեքենաներ:
Հայկական պատվիրակությանն ընդունել է ադրբեջանական Միլի մեջլիսի նախագահ Մուրթուս Ալեսքերովը: Հանդիպման ընթացքում շոշափվել են փոխհամագործակցություն սկսելու շուրջ աշխատանքների ծավալման հնարավորություններին առնչվող հարցեր: Ալեսքերովն ասել է, թե այդ առումով քաղաքական տարաձայնությունների լուծումն առաջնահերթ խնդիր է: Չհամաձայնելով այս դիրքորոշմանըՙ հայ պատվիրակներն առաջ են քաշել քաղաքական խնդիրների հետ զուգահեռ տնտեսական համագործակցության եզրեր գտնելու անհրաժեշտության խնդիրը, առավել եւս, որ այդ ուղղությամբ առաջին քայլերն արվում են: Նախքան ՍԾՏՀ վեհաժողովի մեկնարկը, Բաքվում է եղել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը, մոտակա ժամանակահատվածում սպասվում է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարի այցը Ադրբեջան: Պատվիրակության ղեկավարին ուղղած «Ազգի» այն հարցին, թե քննարկվե՞լ է Մեջլիսի նախագահի հետ երկու երկրների միջեւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ արդյոք այդ նպատակը չի՞ հետապնդում տրանսպորտի նախարարի այցը Ադրբեջան, Դալլաքյանը պատասխանել է, թե այդ հարցը քննարկվել է վեհաժողովում, կա որոշակի դրական վերաբերմունք, իսկ Երվանդ Զախարյանի այցը կարող է խթանել այս հարցի կարգավորումը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ