«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մ. Նահանգների մասնաճյուղի Գլենդեյլից ուղարկած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ներկայումս գտնվում են Մ. Նահանգներումՙ հիմնադրամի Հայաստանում եւ Արցախում գլխավոր ծրագրերի շուրջ ամերիկահայությանն իրազեկելու եւ հանգանակություններին խթանելու նպատակով:
Այդ ծրագրերից ամենակարեւորն Արցախի հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումն է, ինչպես նաեւ աղետի գոտու բնակարանային եւ դպրոցաշինական աշխատանքների շարունակումը, որոնց շուրջ Գ. Հարությունյանը եւ Վ. Տեր-Ղեւոնդյանն իրենց հրապարակային առաջին հանդիպումը կունենան հունիսի 26-ին, Գլենդեյլում: