Ադրբեջանի ներքգործնախարար Ռամիլ Ուսուբովը գտնում է, որ մինչեւ ԼՂ խնդրի քաղաքական լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի ներքգործնախարարությունների համագործակցությունն անհնար է: Ինտերֆաքսին տված հարցազրույցում նա նշեց, որ առ այսօր երկու երկրների միջեւ նման գործակցություն չկա: «Բայց դա չի նշանակում, թե մենք միմյանց կարիքը չենք զգում, հատկապեսՙ հանցագործությունների դեմ մղվող պայքարում», ասաց նա: Նրա խոսքերով, եթե Հայաստանում որեւէ մեկը հանցագործություն կատարի եւ փորձի թաքնվել Ադրբեջանում, ապա ինքը, իհարկե, նրան ձերբակալելու կարգադրություն կանի, քանի որ «հանցագործը հանցագործ է եւ պետք է արժանի պատիժ կրի»: Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը գտնում է, որ հետագայում երկու պետություններին համագործակցությունն անհրաժեշտ կլինի: Նա արձանագրեց, որ ներկայումս մեծ հաջողությամբ համագործակցում են Ադրբեջանն ու Վրաստանը: «Երբ քաղաքական իրավիճակը թույլ տա, անպայման կգործակցենք նաեւ Հայաստանի հետ», ավելացրեց նա:
Երբ խնդրեցինք մեկնաբանել վերջերս Ադրբեջանում հնչած այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղն ահաբեկչության կենտրոն է եւ հարկավոր է այնտեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնել, Ռ. Ուսուբովն ասաց. «Դա հավանաբար պետական պաշտոնյա չի ասել: Ներկայումս մամուլն ազատ է, եւ ամեն ոք կարող է խոսել ամեն ինչի մասին»:
Կուզենայինք Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարին հիշեցնել, որ այդ հայտարարությունն արել է ոչ այլ ոք, քան Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը:
Ռ. Ուսուբովը գոհունակություն արտահայտեց Երեւանում ցույց տրված հյուրընկալության բարձր մակարդակի առթիվ: «Մենք ոչ միայն լավ աշխատեցինք, այլեւ լավ հանգստացանք», ավելացրեց նախարարը:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանում Ինտերֆաքսի սեփ. թղթակից