ՀՌԱԿ ղեկավարների հանդիպումները Մալիշկայում, Սիսիանում եւ Գորիսում
ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը Վայոց ձորի եւ Սյունիքի ռամկավարական մասնաճյուղեր կատարած այցի ու տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում արձանագրեց ամենաառաջնայինը, որ անհրաժեշտ է տեւական գործազրկությունից հուսալքված մարզային բնակչությանըՙ ձեռնարկությունների գործարկում ու վերագործարկում: Այսինքն, տնտեսական առաջընթացի համար իրական պայմանների ստեղծումՙ անպտուղ ու աներաշխիք խոստումների փոխարեն:
Վերոնշյալի ամենավառ ապացույցը Վայոց ձորում գտնվող Մալիշկա գյուղն էՙ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը, որի բնակչության երբեմնի թիվը հասել է 10 հազարի: Վերջին տարիների արտագաղթից գյուղի բնակչության թիվը մի քանի հազարով նվազել է, սակայն ներկայումս արտագաղթ արդեն գրեթե չկա, իսկ գյուղաբնակների կենսամակարդակը զգալիորեն բարձրացել է, գործազուրկների թիվըՙ կրճատվել: Աբրահամյան եղբայրների հիմնած ադամանդագործության ձեռնարկություններից մեկըՙ «ԱՎԱ պլյուս» ՓԲԸ-ն, գտնվում է այս գյուղում, իսկ արտադրամասերում աշխատում են Մալիշկայի բնակիչներըՙ ավելի քան 150 մասնագետ, որոնք կարճ ժամանակահատվածում սովորել են այդ գործը:
Երբ ձեռնարկության տնօրեն Սերգեյ Աբրահամյանին խնդրեցինք առավել մանրամասն պատասխանել մեր հարցերինՙ հարցազրույցի համար, համեստորեն ասաց. «Հիմա դեռ ժամանակը չէ, հետո: Շատ բան ունենք հասցնելու: Երբ գործն էլ ավելի ընդարձակենք, այն ժամանակ...»:
Ձեռնարկության ղեկավարի հրավերով Ռուբեն Միրզախանյանը, ՀՌԱԿ ՀՎ անդամ Գառնիկ Հովակիմյանն ու պատվիրակության մյուս անդամներն այցելեցին ձեռնարկության բոլոր արտադրամասերՙ ալմաստի վերամշակման կետերից մինչեւ ոսկու փայլեցման առանձին բաժանմունքը: Ընդամենը 2-3 տարի գործարկվող այս ձեռնարկությունը զգալի մուծումներ է անում պետբյուջե, իսկ մշակած թանկարժեք քարերն առաքվում են Բելգիա, զարդեղենըՙ Մ. Նահանգներ եւ Կանադա: Ս. Աբրահամյանն իր հյուրերին ցույց տվեց նաեւ ձեռնարկության մերձակայքում գտնվող մրգերի չորացման արտադրամասը, ուր վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտվում են, արտասահմանյան սարքավորումները տեղադրված են: Այդ սարքավորումներով հնարավոր կլինի չորացնել օրական 1,5 տոննա միրգ:
Բնականաբար, այս արտադրամասը եւս նշանակում է լրացուցիչ աշխատատեղերի բացում, սոցիալապես ապահովված ընտանիքներ: Այս ձեռքբերումները Մալիշկայի բնակչության հետ հանդիպման ժամանակ բազմիցս հիշատակեց Ռ. Միրզախանյանը: Նրա խոսքերովՙ ժողովրդի փրկությունն այսօրինակ ձեռնարկությունների ստեղծմամբ ու մեծաքանակությամբ է պայմանավորված: Եթե հնարավոր լիներ մյուս գյուղերում ու հատկապես քաղաքներում (վերջիններում առանձնապես մեծ թիվ են կազմում գործազուրկները) մեկական գործող ձեռնարկություն ունենալ, արտագաղթի խնդիրն էլ ինքնըստինքյան կլուծվեր:
Հանդիպման ընթացքում գյուղաբնակները մի շարք հարցեր տվեցին ՀՌԱԿ ատենապետին: Հարցերն առնչվում էին հայրենական արտադրողի շահերի պաշտպանությանը, ղարաբաղյան հիմնախնդրին, հայ-ռուսական հարաբերություններին եւ այլն: Այնուհետեւ տեղի ունեցավ գյուղի անունը կրող ՀՌԱԿ ակումբի բացման եւ 15 նորագիր անդամների երդմնառության արարողությունը: ՀՌԱԿ ատենապետն ու իր ուղեկիցներն այցելեցին նաեւ գյուղում գտնվող Սբ. Աննա եկեղեցին, որ նույնպես կառուցվել է Աբրահամյան եղբայրների միջոցներովՙ ընդամենը 3 տարվա ընթացքում:
Ի դեպ, Մալիշկա գյուղում ծնված ու մեծացած Աբրահամյան եղբայրներից մեկըՙ Արա Աբրահամյանը, Ռուսաստանում հայտնի գործարար լինելուց բացի, նաեւ ՌԴ-ում բնակվող Հայերի միության ղեկավարն է, իսկ մյուս եղբայրըՙ Երեւանում ադամանդի մշակման հայտնի DCA գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Աբրահամյանը:
ՀՌԱԿ ատենապետի այցը շարունակվեց Սյունիքում: Սիսիան եւ Գորիս քաղաքներում Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց կուսակցության տեղի անդամներին, քննարկեց բնակիչներին մտահոգող մի շարք հարցեր: Հիմնական հարցը, ինչպես եւ այլուր, գործազրկությունն էր, որից բխելով էլՙ արտագաղթը: Սիսիանում գործող ՀՌԱԿ ակումբը, որ ժամանակավոր պարապուրդի էր մատնված, վերականգնվեց, ընտրվեց ակումբի նոր ղեկավարություն: Սիսիանի մի խումբ այլ բնակիչներ ընդունվեցին կուսակցության շարքերը: Գորիսում գործող «Սյունիք» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս անցկացվեց երդմնառության արարողություն, եւ կուսակցության մասնաճյուղը համալրվեց 12 անդամով: Ռ. Միրզախանյանը հանդիպումների ավարտին հավաստիացրեց, որ կուսակցության վերոհիշյալ մասնաճյուղերի անդամների հետ ՀՌԱԿ ղեկավարության հաջորդ քննարկումները չեն ուշանալու եւ տեղի կունենան առաջիկայում: Ա. Դ.