«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ՏՈՆԱԿԱՏԱՐՎԵՑ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ

«Հզոր հայրենիք» կուսակցությունը եւ «Ջավախք» հայրենակցական միությունը «Մոսկվա» կինոթատրոնում երեկ կազմակերպել էին հանդիսությունՙ նվիրված ռազմական գործիչ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 75-ամյակին:

Հայոց բանակի հիմնի հնչյունների տակ ծափողջյուններով դիմավորվեց պանծալի զորավարը, որ Արցախյան պատերազմի հենց սկզբից, անսալով կարինցի ծնողներից ժառանգած գեներին, հրաժեշտ տվեց խորհրդային բանակին եւ վերադարձավ Հայաստան: Այնուհետեւ նրա ունեցած 25 շքանշանների եւ մեդալների շարքն արդեն հայրենիքում համալրվեց ՀՀ եւ ԼՂՀ Առաջին կարգի մարտական շքանշաններով եւ նրան շնորհվեց հայկական բանակում առայժմ միակՙ գեներալ-գնդապետի կոչում:

Զորավարի անցած մարտական ուղին ներկայացրին նրա մարտական ընկերներըՙ ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Միքայել Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ուրիշներ: Երեւանի քաղաքապետի որոշմամբ զորավարին հանձնվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում, եւ քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդապետյանը «Հզոր հայրենիք» կուսակցության անունից նրան հանձնեց մի շքեղ սուր: Գրողներ Հովհաննես Այվազյանը եւ Սասուն Գրիգորյանը հոբելյարին նվիրեցին իրենց նոր լույս տեսած մենագրություններիՙ «Հաղթանակած բանակի գեներալը» եւ «Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայան» գրքերի ազդօրինակները:

Կատարվեց գեղարվեստական հայտագիր: Վերջում հայրենասիրական հուզիչ խոսք ասաց զորավարը: Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4