«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ԵՎՍ ՄԵԿ ՄԵՂԱԴՐԱՆՔ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի տնտեսության զարգացմանը չնպաստելու համար

«Հոկտեմբերի 27»-ի քր. գործով պետական մեղադրողի երեկվա հարցացուցակում ամբաստանյալ Ն. Հունանյանի ուսանողական տարիներին գործած «հանցանքների» ուսումնասիրությունն էր: Ընդ որում, մեղադրողը հարցադրումներ էր անում նաեւ մամուլից հղումներ կատարելով: «Հայ ուսանողական դաշինքի «Դաշինք» պարբերաթերթի վաճառքից ստացված գումարները եւ նվիրատվությունները ձեզ են փոխանցվել, սակայն անհայտ է մնացել նրանց ճակատագիրը: Ո՞ր իրավունքով եք «Դաշինքի» համար հավաքված գումարներն օգտագործել այլ նպատակներով»:

«Օգտագործել եմ ստեղծողի իրավունքով», կտրուկ հայտարարեց ամբաստանյալը: Այնուհետեւ պարզաբանեց, թե «Դաշինքին» ոչ ոք նվիրատվություն չի արել, իսկ թերթի վաճառքից հավաքված 6000 ռուբլին անցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը, որը դարձյալ նույն կազմով են հիմնադրել: Նավասարդյան խաղերին մասնակցելու նպատակով Լոս Անջելես մեկնելիս այդ գումարով նվերներ է գնել: Մեղադրողը հղում անելով ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի նախաքննական ցուցմունքներին, ասաց, թե Հունանյանին կուսակցությունից հեռացրել են զեղծարարության համար: Ամբաստանյալի պատասխանը հետեւյալն էր. «Դաշնակցության պաշտոնական գրության մեջ գրված չէ, որ ինձ զեղծարարության համար են հեռացրել: Իսկ Գ. Մանուկյանին ձեռքից բռնած Լոս Անջելես եմ տարել, դատարկ գրպանով, իսկ 92 թ. ՀՅԴ ժողովում նա ցուցմունք էր տալիս, որ ինձ 50 դոլար էր տվել ԱՄՆ-ում»:

Մեղադրողի համար սպառիչ չէին ամբաստանյալի բացատրությունները, եւ նա եզրակացրեց, որ երբ հարցը հասնում է «Դաշինքի» նյութական խնդիրներին, ամբաստանյալի հիշողությունը մթագնում է եւ չի վկայակոչում որեւէ մեկին, որը կհաստատի նրա ասածի իսկությունը: Ի պատասխան ամբաստանյալը հայտնեց, թե մեղադրողը խեղաթյուրում է իր ասածները եւ զրպարտում իրենՙ չբերելով ոչ մի վկայություն, թե ում նվիրատվությունն է ծախսել: Այնուամենայնիվ, մեղադրողը չափազանց մեծ գումար էր համարում այդ տարիների համար 6000 ռուբլին եւ հարցրեցՙ միգուցե «Դաշինքի» նյութական միջոցներո՞վ եք գնել Եվպատորիայի տունըՙ անտեսելով քրեական գործում եղած բացատրությունները: Երբ ամբաստանյալը հայտնեց, որ ստիպված է լինելու մեկ անգամ էլ հանգամանորեն պատմել, թե ինչպես է ձեռք բերել հիշյալ տունը եւ որ այն չեն գնել, մոր ստանձնած խնամակալի պայմանագրով է անցել իրենցՙ մեղադրողը սկսեց փորփրել ամբաստանյալի մոր կենսագրությունը:

«Ձեր մայրը 17 տարի Եվպատորիա է մեկնել վատառողջ լինելու պատճառով, միշտ այդ տա՞նն է իջեւանել: Ամուսնու հե՞տ է գնացել, թե՞ միայնակ, քանի՞ անգամ է ամուսնու հետ գնացել» եւ այլն: Անշուշտ, մեղադրողը քաջածանոթ է ՀՀ Սահմանադրության 20 հոդվածին, որում ամրագրված է. «Արգելվում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը եւ տարածելը»: Զարմանալի է նաեւ, որ նախագահողի կողմից հիշյալ հարցերը չէին հանվումՙ ելնելով գոնե այն բանից, թե ի՞նչ է տալիս դատաքննությանը Ն. Հունանյանի մոր սպիտակեղենը փորփրելը, քանի որ դատարանում քննվում է Ն. Հունանյանի քրեական գործը, ոչ թե նրա մոր:

Ամբաստանյալը մեղադրվեց նաեւ այն բանում, որ Եվպատորիայից մեծ գումարներով Հայաստան վերադառնալով ոչ մի լումա չի նվիրաբերել Արցախյան ազատամարտի հերոսներին, չի նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ գումարները ծախսել է Թուրքիայում:

Ս. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4