ԻՄ նախագահ դարձավ Պարույր Հայրիկյանը
Եթե 1991-ին իշխանության գար ԱԻՄ-ը, բանակը կստեղծվեր նույն տարում, սահմանադրությունը կընդունվեր 92-ին, հողի եւ ընդհանրապես սեփականաշնորհման գործընթացը պետական ունեցվածքի փոշիացման չէր վերածվի. Մի խոսքով, եթե ԱԻՄ-ն իշխանության գար, հիմա հիմնահարց չէինք ունենա լուծելու: ԻՄ 21-րդ համագումարում կուսակցության հիմնադիր Պարույր Հայրիկյանի զեկույցը հիմնականում այս տրամաբանությամբ զարգացավ, իհարկե, ինչպես միշտ, կոմունիստական, ավելի ճիշտՙ բոլշեւիկյան վարչակարգին ուղղված հայրիկյանական բնորոշումներով:
Ըստ Հայրիկյանիՙ Հայաստանն այսօր դարձել է մի խումբ արտոնյալների երկիրՙ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներով: Իսկ իշխող քաղաքական ուժն ի վիճակի չէ լուծելու ծառացած հիմնահարցերը, որի պատճառով արտագաղթն անկառավարելի բնույթ է ստացել:
ԻՄ-ն անտրամաբանական է համարում, թե ինչպե՞ս կարելի է միեւնույն տարում տոնել քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակը եւ քրիստոնեությունը, եկեղեցուն ու կաթողիկոսին «խեղդամահ անող» բոլշեւիկյան մարտի 8-ը, կամ, ասենք, տարին համարել նժդեհյանՙ միաժամանակ նրա սուրբ ազատագրական շարժումը հալածող բոլշեւիկյան մայիսի 1-ը տոնելով: Նման երեւույթները թույլ տալու համար ԱԻՄ նախագահ Զեյնալվանդյանն ակնարկեց, թե հանրապետականները չեն գիտակցումՙ ինչ է իրենց սպասում: Ինչ վերաբերում է «Միասնություն» դաշինքին ընդհանրապես, ապա, եթե հանրապետականներն ինչ-ինչ քայլեր կատարում են ծրագիրն իրագործելու համար, նրանց դաշնակից ՀԺԿ-ն մերթ իշխանամետ, մերթ ընդդիմադիր կեցվածք է ընդունումՙ միաժամանակ «սեփականաշնորհում հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»: Դա անթույլատրելի է: ԻՄ-ի ղեկավարների կարծիքով, դատավարությունն ընթանում է բնականոն հունով եւ անհանդուրժելի է, որ այնտեղ խախտումներ փնտրելով ինչ-ինչ ուժեր շահարկումների են ենթարկում դատավարությունը:
Տարվող արտաքին քաղաքականությունը բնութագրվեց դրականորեն: ԻՄ-ը ողջունում է եվրոպական ժողովրդավարությանն ուղղված Հայաստանի ջանքերը, սերտ հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրախորհրդին ինտեգրվելու հանգամանքը: Այդուհանդերձ, Հայրիկյանը չմոռացավ վերստին արծարծել Նախիջեւանի հարցն արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու առաջարկը, որը հայկական հիմնախնդրի անբաժանելի մաս է կազմում:
Անդրադառնալով կուսակցության ներքին խնդիրներին, Հայրիկյանն անբավարար համարեց գործունեությունը, նշելով, թե անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ սեփական ծրագրերն իրագործելու նպատակով իշխանական լծակների տիրապետելու միջոցների դիմել, միաժամանակ դուրս գալ գրասենյակային գործունեության իրավիճակից եւ գնալ դեպի ժողովուրդը:
Իրենց 21-րդ համագումարում ԱԻՄ ներկայացուցիչներն ընտրեցին նոր նախագահՙ Պարույր Հայրիկյանին, որը հանդիսավոր պայմաններում ուսերին առավ նախագահական սիմվոլ թիկնոցը: Ի դեպ, Հայրիկյանն այն Զեյնալվանդյանին էր հանձնել նախորդ համագումարի ընթացքում, երբ չկարողացավ հավաքել ընտրիչների ձայների անհրաժեշտ կեսից ավելին:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ