«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ 6-7-ՐԴ ԴԱՐԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

Գուգարաց թեմի Սպիտակի տարածաշրջանի Արջահովիտ (Ղուրսալի) գյուղում թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ վերաօծվեց գյուղի 6-7-րդ դարերի Սուրբ Գեւորգ միախորան գողտրիկ եկեղեցին:

Եկեղեցու վերաօծման ծախսերն ամբողջությամբ հոգացել է հայազգի անհայտ մի բարերար: Ծրագիրը կյանքի կոչվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անմիջական հսկողությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է Սպիտակի շինարարական «Հույս» ՍՊԸ-ն (տնօրենՙ Մկրտիչ Լամբարյան): Ներսում աշխատանքներ են կատարվել կանադահայեր տեր եւ տիկին Էվրենսելների ֆինանսավորմամբ, կառուցվել են Սուրբ սեղանը, մկրտության ավազանը: Հարկ է նշել, որ գյուղն ամբողջությամբ վերաբնակեցված է Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթված մեր հայրենակիցներով:

Սրբազանն իր քարոզով ներկաներին կոչեց «տուրք չտալ օտարամուտ աշխարհիկ եւ կրոնական հոսանքներին, հավատարիմ մնալ մեր ազգային եւ արժեքներին»: Նա Ամենայն հայոց հայրապետի օրհնությունն ու բարի մաղթանքը փոխանցելով ներկաներինՙ թեմի հավատացյալների անունից շնորհակալություն հայտնեց բարերարին եւ հիմնադրամի պատասխանատուներին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4