Նախարարը հավատացնում է, որ մինչեւ օգոստոս աշխատավարձի պարտքը կփակվի
Էներգետիկ համակարգի հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի չվճարումները հանգեցրել են սոցիալական լարվածության, որի գագաթնակետը երկու օր առաջ ատոմակայանի աշխատակիցների բաց նամակն էր ՀՀ վարչապետին ու նախագահինՙ վերջին հինգ ամիսների աշխատավարձերը միանվագ չվճարելու դեպքում գործադուլի սպառնալիքով: Իսկ դա նշանակում է վտանգի ենթարկել ՀԱԷԿ-ի անվտանգությունը: Արձագանքը չուշացավ: ՀՀ էներգետիկայի նախարարը երեկվա ասուլիսում պատմեց, թե վերջին «ծանր կես տարում» ինչպես է հնարավոր եղել լուծել համակարգի առջեւ դրված մի շարք «գլոբալ ֆինանսական խնդիրներ»ՙ «պետական խնդիրներ», որոնց զուգահեռ առաջացել են դժվարություններ համակարգի ներսումՙ աշխատավարձերի հետ կապված: Նախարարը պաշտոնապես տեղեկացրեց, որ մինչեւ ամսվա վերջ կվճարվեն գլխավոր ձեռնարկությունների աշխատողների (մասնավորապեսՙ ատոմակայանի, որն ունի մոտ 3000 աշխատակից) 2 ամսվա աշխատավարձերը, իսկ հուլիսին, միգուցե մի մասն էլՙ օգոստոսին, կփակվեն աշխատավարձերն ամբողջությամբ: Արդեն երեկվա դրությամբ վճարվել է ատոմակայանի, Հրազդանի ՊՇԷԿ-ի, Սեւան-Հրազդան կասկադի, Հյուսիսային ցանցի աշխատակիցների մեկ ամսվա, մասամբ նաեւՙ բարձրավոլտ կայանների աշխատողների աշխատավարձը: Հուլիսի 25-30-ը կճարվեն նաեւ երկրորդ ամսվա աշխատավարձերը: Նախարարը խոստացավ հուլիսի մեկին եւս ասուլիս հրավիրել ու ներկայացնել արդյունքները:
Նա մանրամասն կանգ առավ համակարգի ֆինանսական վիճակի վրաՙ փորձելով համոզել, որ ներքին խնդիրները մի փոքր տուժել են, բայց փոխարենը լուծվել են մի շարք կարեւոր հարցեր: Առաջինըՙ այսօր համակարգը 100 տոկոսով կատարում է պետբյուջեի բոլոր վճարումները: Մայիս ամսին գրանցվել են բնակչության ու ձեռնարկությունների վճարումների աննախադեպ ցուցանիշներՙ 90 տոկոսից բարձր: Այս ամենի հետ մեկտեղ համակարգին պարտքերի ծավալը հասնում է ավելի քան 80 մլրդ դրամի, որից 6 միլիարդը արդյունաբերության պարտքն է, 1 միլիարդըՙ քաղաքային տրանսպորտի, 11 միլիարդըՙ ոռոգման, 12 միլիարդըՙ խմելու ջրի...
Պարտապանների ցուցակը նախարարը կարող էր երկար շարունակել, բայց հարկ համարեց միայն գնահատելՙ ստացվում է այնպես, որ էներգետիկ համակարգը ստանձնել է տարբեր ոլորտների դոտացիան: Իսկ խմելու ջրի համակարգի կամ քաղաքային տրանսպորտի հոսանքը չի անջատվում միմիայն այն պատճառով, որ չեն ցանկանում լրացուցիչ սոցիալական լարվածություն ստեղծել: Սակայն այսուհետեւ մոտեցումը չվճարումների դեպքում խիստ է լինելու: Համակարգը ստիպված է գնալ որոշ քայլերի, այլապես չի կարող դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, թեեւ, նախարարի գնահատմամբ, ֆինանսական ճգնաժամի պիկը կարելի է արդեն անցյալ համարել: Եվ դա շնորհիվ մի քանի կարեւոր քայլերի: Ինչպես հայտնի է, մայիս ամսին ռուսական կողմը կտրուկ իջեցրել էր Հայաստանի գազի ծավալներըՙ ընթացիկ վճարումների հետ կապված: Դրա ազդեցությունն ուղղակի էր հատկապես արդյունաբերության վրա: Երկար բանակցություններից հետո հայկական կողմին հաջողվել է լուծել ընթացիկ վճարումների հարցը, մնում է հնից մնացած 8,5 մլն դոլարի պարտքը: «Ներկայումս «Իտեռայի» հետ ընթացիկ վճարումների հետ կապված որեւէ խնդիր հայկական կողմը չունի: Հայաստանի վճարման իմիջը բարձրացել է», հատուկ շեշտեց նախարարը: Հնարավոր է եղել լուծել նաեւ ՌԴ-ի կողմից հաստատված, բայց սառեցված 11,6 մլն դոլար վարկի հարցը, որի համար անհրաժեշտ էր նախ լուծել ՌԴ-ի 114 մլն դոլարի վարկի վճարումների հարցը: Դրա համար կա երկու ճանապարհՙ պարտքի դիմաց ռուսական կողմին տալ որոշ ձեռնարկությունների բաժնետոմսերՙ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, բայց որի համար ժամանակ է պետք: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, որպեսզի ստացվի նոր վառելիքի ձեռքբերման 13,75 մլն դոլարը, վերակառուցել նախկին 16 մլն դոլարի պարտքը: Երկուշաբթի օրը սպասվում են նախարարի այցն ու հետագա բանակցությունները: Բացի ռուսական վարկից, էներգահամակարգը ունեցել է նաեւ այլ պարտքերՙ միջազգային ու տեղական առեւտրային բանկերին: Այնպես է ստացվել, որ դրանց մարման ժամկետը համընկել է վերջին կես տարվա հետ. 15 մլն դոլարի վարկ արդեն մարվել է, 10 մլն-ն էլ վերակառուցվել է: Նախարարը դա շատ է կարեւորում, քանի որ դա նշանակում է նորմալ հարաբերությունների հաստատում բանկային համակարգի հետ, ինչը կարեւոր էՙ նկատի ունենալով, որ համակարգը միշտ ունենալու է ֆինանսական ներարկումների խնդիր:
Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի դիմաց չվաճարված 65 մլրդ դրամի (կամ 120 մլն դոլարի) մասին նախարարի գնահատականը հետեւյալն էրՙ չպետք է հարցին միակողմանի մոտենալ: Ըստ նրա, նույն ՀԱԷԿ-ի համար վերջին տարիներին կատարվել են ընդհանուր հաշվով մոտ 74 մլրդ դրամի ներդրումներ, որոնց եթե գումարվի նաեւ վերջերս ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը 100 մլն դոլարի հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որից 50 մլն-ը կտրամադրվի միայն ատոմակայանի անվտանգության ապահովմանը, ապա պատկերը լիովին պարզ է: Այնպես որ, խնդրին չպիտի նայել առանձին ձեռնարկությունների տեսանկյունից: «Եկեք պատկերացնենք, թե ի՞նչ կլիներ, եթե չվճարեինք վառելիքի դիմաց կամ չվճարեինք վարկերը», հարցրեց նախարարըՙ կրկնելով, որ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարվում է, իսկ աշխատավարձերի վճարումից հետո, հավանաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ