Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի Միացյալ Նահանգներ եւ Կանադա կատարած հովվապետական այցելությունը ցնցող հաջողություն արձանագրեց: Հայ հավատացյալներից բացի, այլազգի քաղաքական եւ եկեղեցական առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ամենայն հայոց հայրապետին:
Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի այս օրերին այցելությունը, ինչպես նաեւ ոգեւորությունը, որ առաջացրեց բառացիորեն բոլոր թեմերում, կարելի է պատշաճ գնահատականը համարել իրականացվող միջոցառումների, որոնք իրենց գագաթնակետին են հասնելու Երեւանի կենտրոնում Մայր տաճարի պաշտոնական օծումով եւ Հռոմի պապի Հայաստան այցելությամբ:
Սակայն այս խանդավառ մթնոլորտին զուգահեռ ճգնաժամային իրադարձություններ տեղի ունեցան Մոսկվայի հայկական թեմում: Խնդիրը երկար ժամանակ հասունանում էր եւ պայթեց չափազանց անպատեհ մի պահի: Իր նշանակումից ի վեր Տիրան արք. Կյուրեղյանը յուրաքանչյուր հայրապետի փորձում էր հրահրել, որ իրեն կարգի հրավիրի: Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի տատանումներն այդ հարցում միայն ջուր լցրին ամբարտավանության նրա ջրաղացին: Նա շարունակեց իր վարքագիծն առանց գուցե գիտակցելու, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի աթոռին բազմել է արդեն նոր մի կաթողիկոս, որը նախորդների պես ներողամիտ կարող է չլինել: Այլ նշանակումների թվում Գարեգին Բ-ն որոշեց ուրիշ պաշտոնի փոխադրել արք. Կյուրեղյանին: Վերջինս ոչ միայն մերժեց կարգադրությունը, այլեւ դիմեց բացահայտ հակադրման, որն էլ ստիպեց կաթողիկոսին կարգալույծ անել նրան:
Ինչ էլ առանձին կղերականներ մտածեն, մի համընդհանուր սկզբունք պետք է հարգել, որ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի իշխանությունը ոչ մի դեպքում չպետք է հարցականի տակ դնել, առավել եւս անհատական նկատառումներով:
Բայց թվում է, թե որոշ կղերականներ չեն ընդունում այս սկզբունքը: Նրանցից մեկը Պոլսո Մութաֆյան պատրիարքն է, որը չի էլ թաքցնում իր ամբարտավանությունը: Նա հարցականի տակ է դրել կաթողիկոսի որոշումը, հասկացնելով, որ որպես Գերագույն հոգեւոր խորհրդի անդամՙ իր կարծիքը եւս պետք է հաշվի առնվեր: Ի պատասխան, խիստ ցուցադրական մի ժեստով, 30 հոգանոց մի պատվիրակության գլուխն անցած, նա մասնակցեց Անթիլիասում սուրբ մյուռոնի օրհնանքի արարողություններին:
Մյուռոնն օրհնելու հապճեպ որոշումը նույնպես բացահայտ անհնազանդության դրսեւորում էր Արամ Ա. կաթողիկոսի կողմից, որը Մայր աթոռից առաջ անցնելով կազմակերպել էր իր այցելությունը Հյուսիսային Ամերիկա:
Գաղտնիք չէ, որ կաթողիկոս Արամ Ա-ն ու պատրիարք Մութաֆյանը իրար չեն սիրում, հավանաբար որովհետեւ երկուսն էլ նույն խառնվածքի տեր մարդիկ են, որոնց համար անձնական փառքն ավելի կարեւոր է, քան կրոնական իրենց կոչումը, բայց Մայր աթոռին ընդդիմանալու հարցում նրանք չեն վարանում միասին գործել:
Բավական երկար ժամանակ քաղաքական կուսակցություններին էին մեղադրում եկեղեցու պառակտման գործում: Այսօր շատ հստակ երեւում է, որ անհարթություններն այդ ոլորտում արդյունք են իշխանություն ունեցող որոշ կղերականների փառամոլության: Տխուր փաստն այն է, որ նման արարքները գերագույն պատրիարքի իշխանությունը վարկաբեկելուն զուգահեռ նաեւ ուղղակիորեն նպաստում են եկեղեցու պառակտմանը:
Պահը կարծես հասունացել է մտածելու, որ ժամանակն է փրկելու եկեղեցին որոշ անձնապաշտ եկեղեցական առաջնորդների «ողորմածությունից»:
«Արմինյըն միրոր սփեքթեյթոր», Բոստոն