ՄԱԱ-ում մտահոգություն հայտնեց Ջիվան Գասպարյանը
Մամուլի ազգային ակումբի «Հոգեւոր Հայաստան» ծրագրի շրջանակներում հունիսի 22-ին լրագրողները հանդիպեցին ժողովրդական արտիստ, Մ. Մաշտոցի անվ. շքանշանակիր, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:
Ջիվան Գասպարյանը ներկայացրեց «Գլադիատոր» ֆիլմում հայկական դուդուկի «հայտնության» պատմությունը: Նա պատմեց, որ ֆիլմում երգչուհուն նվագակցելուց եւ ձայնագրությունից հետո ամերիկացի երգչուհին լաց է եղել, ասելով, որ ինքը հայկական արմատներ ունի, եւ դուդուկի հնչյունները արթնացրել են նրա հայկական ծագման հիշողությունները: «Գլադիատորը» արժանացել է 5 «Օսկար» մրցանակի: Ջիվան Գասպարյանի կատարմամբ հայկական դուդուկը հնչել է նաեւ ամերիկյան «Եվգենի Օնեգին», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերում:
Լրագրողների խնդրանքով Գասպարյանը վերհիշեց, թե ինչպես է նվագել Ստալինի համար: Կրեմլում «Օլիմպիադա» փառատոնից հետո լավագույն մասնակիցներին հրավիրել են նվագելու Ստալինի համար: Գասպարյանը նվագել է «Աշխարհումս ախ չիմ քաշի»: Նվագելուց հետո շփոթահար դուրս է եկելՙ Ստալինի կողմից նվեր ստանալով «Պոբեդա» ժամացույցը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում Ջիվան Գասպարյանին սկսեցին ըստ արժանվույն գնահատել այն ժամանակ, երբ արդեն գանահատել էին նրան արտերկրում: Արդյոք դա այդպե՞ս է: Ի պատասխան մեր այս տեսակետի, Ջիվան Գասպարյանը նկատեց, որ «մեր ողջ պատմության ընթացքում է այդպես եղել եւ ոչ միայն մշակույթի ոլորտներումՙ Արամ Խաչատրյան, Պավել Լիսիցյան, Առնո Բաբաջանյան, ակադեմիկոսներ, շախմատիստներ: Ներսում սկսում են մեզ նկատել, երբ դրսում արդեն մեզ գնահատել են»: Հայաստանում առաջինը Թաթուլ Ալթունյանն է գնահատել նրան, ասելով. «Տղա ջան, դու արդեն դափնեկիր ես»:
Մենք խնդրեցինք անվանի դուդուկահարին ներկայացնել նաեւ հայկական երգարվեստի ներկա վիճակը: «90 տոկոսը շինծու, աղավաղված, ոչ հայկական, տեքստերնՙ անորակ, անճաշակ: Երգում են չինական, պարսկական, պարսկական երաժշտությունը ներծծվել է հայկականի մեջ, հայ մեծանուն երգահանները այդքան զտեցին հայկական երգը, որ այս տարիների ընթացքում «ռազբոյնիկների» մի խումբ հարձակվի՞ հայկական թե՚ ժողովրդական, թե՚ էստրադային երգի վրա: Եվ փչացրեցին ողջ հայկական երգարվեստը»: «Սրա մեղավորը կառավարության ներկայացուցիչները պետք է լինեն, մեկը պետք է հսկի», նկատեց ՄԱԱ--ի հյուրը: Ելքը, ըստ նրա, այս էՙ տղին հեր ա պետք, մալինՙ տեր: Կա կոմպոզիտորների միություն, պետք է այդ կառույցն աշխատի, ԽՍՀՄ-ի ժամանակ անգամ ռեստորաններում նվագելու համար պիտի որոշակի հանձնաժողովում քննվեին կատարողները եւ նոր միայն իրավունք ստանային երգելու ու նվագելու:
Մինչդեռ, եթե օրենքներն աշխատում են մանրավաճառի համար, պետք է աշխատեն եւ արվեստի մարդկանց համար. «Ով ասես էկրան է բարձրանում, երգում ռադիոյով, կոմպակտ սկավառակ թողարկում», նկատեց Ջիվան Գասպարյանը: «Քաղաքականությունն են փոխել, հայերեն չեն խոսում, հայերեն չեն երգում: Այն, ինչից փախչում են ամերիկացիները, եվրոպացիները, այդ ողջ կեղտը ընդունել է Հայաստանը»:
Ջիվան Գասպարյանն անդրադարձավ նաեւ երգարվեստի բնագավառում հեղինակային իրավունքի պահպանման հարցին, մանավանդ որ վրացիները փորձում էին սեփականել դուդուկը: Թուրքիայում եւս դուդուկ էին նվագում, նրան ակնարկել են, թե դուդուկը թուրքական էլ կարող է լինել, բայց «ես նրանց ասացի, որ հայերն էլ բալալայկա են նվագում, դա չի նշանակում, որ բալալայկան հայկական երաժշտական գործիք է»:
Ջիվան Գասպարյանն անդրադարձավ «Սայաթ -Նովա» երգի մրցույթ-փառատոնին, նշելով, որ նախաձեռնությունը լավն է, բայց ինքը, մեղմ ասած, վերապահ է հանձնաժողովի եւ մասնակիցների հանդեպ:
Գասպարյանն անդրադարձավ նաեւ «ռաբիս» երաժշտությանը, նշելով, որ այն հեռացել է նախնական արմատներից, եւ այնտեղ մնացել է միայն կեղտը, անճաշակությունը, մինչդեռ այդ երաժշտությունը կարող էր ժողովրդական լավ երգերին զուգահեռ ապրել: Նա նկատեց, որ ժամանակին «ռաբիս» երաժշտությունը վերահսկվում էր համապատասխան պետական գերատեսչության կողմից: Լրագրողները տեղեկացան, որ այսօր գործող «Ռաբիս կենտրոնը» Ջիվան Գասպարյանը պատրաստվում է վերածել դուդուկահարների կենտրոնի:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ