Ժողովուրդների երաժշտության միջազգային փառատոնին, որ ավանդաբար նախաձեռնում եւ 2 տարին մեկ եվրոպական որեւէ երկրում անցկացնում է «Երիտասարդությունը Եվրոպայում» գերմանական կազմակերպությունը, այս անգամ, անդրանիկ մասնակցությամբ, ներկայացել էր նաեւ Էրեբունու համայնքի մշակութային կենտրոնում գործող պարային համույթը: Տեղեկանալով, որ հունիսի 1-4-ը Գերմանիայի Դուդերշտադտ քաղաքում ընթացած այդ փառատոնում հայկական ժողովրդական երգն ու պարը ներկայացնող մեր պատանի արտիստներն այնտեղ մեծ հաջողություն են ունեցել եւ առանձնահատուկ ջերմ ընդունելության արժանացել, հանդիպեցինք Էրեբունի համայնքի մշակույթի եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ, ՀՌԱԿ ՀՎ անդամ Գառնիկ Հովակիմյանինՙ լսելու նրա պատմությունը փառատոնի մանրամասների վերաբերյալ: Ինչպես պարզվեց, գերմանական այդ կազմակերպության ղեկավարն ավելի վաղ այցելել էր Հայաստան եւ վերոհիշյալ մշակութային հիմնարկության գործունեությանը ծանոթանալովՙ կենտրոնի սաներին հրավիրել փառատոնին մասնակցելու: Նախկին ԽՍՀՄ երկրներից այդ փառատոնին մասնակցել են ընդամենը 3-ըՙ Ռուսաստանը, Լիտվան ու Հայաստանը, իսկ ընդհանրապես մասնակիցների թիվը հասել է 1400-իՙ 14 երկրներից ժամանած:
«Փառատոնի մասնակիցները ելույթ էին ունենում ո՚չ միայն բեմահարթակներում, այլեւ քաղաքի հրապարակներում. սա միտումնավոր էր արված կազմակերպիչների կողմից, որպեսզի իրապես ժողովրդական շունչ հաղորդվի փառատոնին, ինչը եւ լիովին հաջողվեց: Ժողովուրդների միջեւ իսկական բարեկամությունըՙ ինչ-որ շահերից ու խաբեություններից զերծ, ծնվում է հենց այսօրինակ պայմաններում, անմիջական շփման ընթացքում, երբ ծանոթանում են դիմացինիդ մշակույթին ու խառնվածքին, երբ փորձում ես բացահայտել դիմացինի ազգային ինքնությունը: Փառատոնին բազմիցս անգամներ մասնակցած երկրներնՙ ի դեմս իրենց համույթների, ասես մեկ ընտանիք լինեին: Մենք նոր անդամ էինք այդ ընտանիքում եւ բարեկամական ընդունելության արժանանալուց բացի, նաեւ մեծ հետաքրքրություն զգացինք մեր մշակույթի հանդեպ: Եվրոպացի ունկնդրին, օրինակ, սլավոնական մեղեդիներով չես զարմացնի, չափազանց ինքնատիպ ու հետաքրքրական համարեց մեր ազգային երգն ու պարը. սրա վառ վկայությունն այն էր, որ երբեմն ոչ բազմամարդ հրապարակներն ու դահլիճները, մեր ելույթի առաջին պահերից սկսած, հետզհետե լցվում էին հանդիսատեսով: Իսկ ելույթների ավարտին մեզ մշտապես մոտենում էին, հարցուփորձ անում մեր երկրի ու մշակույթի վերաբերյալ.»: Փառատոնին մասնակից երկրների թվում լավագույններից մեկը ճանաչված Հայաստանն արժանացել էր կազմակերպիչների ամենահեղինակավոր պարգեւին. համույթն այսուհետ ունենալու է իրեն նվիրված ինտերնետային էջը:
Փառատոնի շրջանակներում նախատեսված համերգներից բացի մեր պարային համույթը ելույթներ է ունեցել նաեւ Բոննի հայ համայնքի համար, սփյուռքահայ ընտանիքներին հանդիպել Քյոլնում, Ֆրանկֆուրտում եւ այլ քաղաքներում: Հաջորդ փառատոնին, որ 2 տարի անց տեղի կունենա Սլովենիայում, մեր պարային համույթը մեծ ցանկություն ունի եւ պատրաստ է մասնակցելու, եթե, անշուշտ, որեւէ խնդիր չառաջանա հովանավոր ու աջակիցներ գտնելու առումով: Այս անդրանիկ մասնակցությունն էլ անհնարին կլիներ, եթե չլիներ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի աջակցությունը, եթե փորձառու մասնագետի իր խորհուրդներով համույթին չօգներ հայ պարարվեստի երախտավոր Արտյուշա Կարապետյանը, եթե համույթի ղեկավարությունը չստանձներ Գայանե Ղազանչյանը:
Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ