«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2001-06-21 | #115, 2001-06-22 | #116, 2001-06-23


ՕԳՈՍՏՈՍԸ ԹԵԺ ԱՄԻՍ Է

Օգոստոսի 18-26-ը կանցկացվեն Համահայկական համաշխարհային երկրորդ խաղերը: Ծրագրում ընդգրկված են 9 մարզաձեւերՙ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, թեթեւ ատլետիկա, լող, շախմատ: Ի տարբերություն երկու տարի առաջ անցկացված առաջին խաղերի, այս անգամ ծրագրում ավելացել են երկու մարզաձեւերՙ մինի ֆուտբոլը եւ լողը:

Երեկ սպորտվարչության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Համահայկական երկրորդ խաղերի անցկացման Համաշխարհային կոմիտեի եւ ՀՀ կառավարական հանձնաժողովի համատեղ նիստը:

Շոշափված հարցերը բազմազան էինՙ խաղերի բացման եւ փակման արարողություններ, խորհրդանիշ եւ թալիսման, մարզաբազաներ եւ մարզագույք, հյուրանոցներ, տրանսպորտ, բժշկական սպասարկում, լրատվություն, գովազդ...

Խաղերի բացումը լինելու է «Հանրապետական» մարզադաշտում, փակումըՙ Մարզահամերգային համալիրում:

Մրցումներն անցկացվելու են Երեւանի, Աբովյանի, Արտաշատի եւ Աշտարակի 11 մարզաբազաներում, եւ արդեն հուլիսին դրանք պետք է լինեն նորմալ վիճակում: Մարզադահլիճները վերանորոգելու, պատրաստի վիճակի բերելու համար նախատեսված է շուրջ 10 մլն դրամ: Անհրաժեշտ է նոր, ժամանակակից մարզագույք, որը դեռ պետք է բերվի: Այդ նպատակի համար դեռեւս պետք է ծախսվի 11,5 մլն դրամ:

Տեղեկացվեց, որ այսօրվա դրությամբ խաղերին մասնակցելու հայտեր են ներկայացրել 32 երկրների 85 քաղաքներ: Թիմային մրցումների մասնակցության հայտեր ընդունելու ժամկետն արդեն ավարտվել է: Ինչ վերաբերում է անհատական մրցումներին, ապա հայտարարվեց, որ հայտերը կընդունվեն մինչ հուլիսի 15-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4