ԲԱՔՈՒ, 25 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարի գերնախագծի իրացմանը չմասնակցող նավթընկերությունները դեռ կափսոսան դրա համար, «Բրիթիշ փետրոլեում» ընկերության նախագահ Ջոն Բրաունի հետ կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
Ինչպես հաղորդում է Կասպիական լրատվական գործակալությունը, Ալիեւը հատկապես ընդգծել է, որ Ազերի-Չըրաղ-Գյունեշլի կասպյան հանքավայրերի յուրացման մասնակից մի քանի ընկերությունների տատանումները պաշտպանություն գտան հայամետ տրամադրված ԱՄՆ-ի կոնգրեսականների կողմից: Նրա ասելով, մի քանի սենատորներ եւ Կոնգրեսի անդամներ նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին ուղերձ հղեցին Ադրբեջանից Հայաստանի տարածքով արտահանական նավթամուղի անցկացման հնարավորությունը ուսումնասիրելու առաջարկությամբ: Այդ փաստը գնահատելով որպես երկրի ղեկավարության դիրքորոշման վրա ճնշում գործադրելու փորձ, Հեյդար Ալիեւը կտրականապես բացառել է այդպիսի ուղեգծով խողովակաշարի կառուցման հնարավորությունը:
Պաշտպանելով Ադրբեջանի ղեկավարին, «Բրիթիշ փեթրոլեումի» նախագահ Ջոն Բրաունը նրան հավաստիացրել է, որ Ազերի-Չըրաղ-Գյունեշլի նախագծի օպերատոր-ընկերությունը Ադրբեջանից Թուրքիա արտահանական նավթատարի եւ գազատարի շինարարության գործում կներդնի 13 մլրդ դոլար: Ջոն Բրաունը նշել է, որ Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների հետ իր հանդիպումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահի հետ վերջերս կայացած զրույցը համոզում են, որ մերձկասպյան տարածաշրջանը կանգնած է նավթի ռազմավարության արմատական փոփոխման շեմին: