«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26


ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՊԻՏԻ ՆՊԱՍՏԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Բեռլինյան հանդիպումներում շեշտել է Հրանուշ Հակոբյանը

Մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք հունիսի 20-ին Բեռլինի Մայր տաճարում Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված միջոցառման մասին: Այն սկսվեց ոչ թե ժամը 18.00-ին, ինչպես նախատեսված էր, այլ մեկ ժամ ուշ, քանի որ շրջակայքում հայտնաբերված 2-րդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը ստիպել էր ոստիկանությանը լուրջ հսկողություն իրականացնելՙ էվակուացնելով տաճարի մերձակայքում գտնվողներին: Այդ պատճառով միգուցե տոնակատարության ժամանակ տաճարում աթոռ գտնելը խնդիր չդարձավ: Միջոցառումը բավականաչափ երկարաշունչ էր (մեր նախորդ հրապարակման մեջ ծրագիրն արդեն ներկայացրել ենք), հպանցիկ արձանագրենք, որ մեր եկեղեցուն ու պետությանն ուղղված շնորհավորական բնույթի ուղերձներից բացի, հիշատակվեց նաեւ, որ Հայ եկեղեցին ամենահին ազգային քրիստոնեական եկեղեցին է: Շեշտվեց պատմության մեջ հայ ազգային եկեղեցու ունեցած դերն ու նշանակությունը: Հայոց մեծ աղետը ցեղասպանություն բառով որակեցին ոչ միայն Գերմանիայում գործող քրիստոնյա տարբեր եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, այլեւ պետական պաշտոնյաներՙ հատկապես հույս հայտնելով, որ Գերմանիայի օրինակով Թուրքիան էլ սեփական պատմության հետ հաշտվելու գիտակցությունը կունենա, ինչը կստիպի ներում հայցել: Հիշատակվեց նաեւ Ղարաբաղյան հակամարտությունըՙ ակնարկելով խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Ոսկանյանըՙ անդրադառնալով Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանը, հիշեցրեց, թե եվրոպական արժեքները սերում են քրիստոնեական ավանդույթներից: Այնուհետ կարդաց ԳԴՀ եւ ՀՀ նախագահների ողջույնի ուղերձները: Համերգային կատարումներով ընդմիջվող ելույթներից վերջինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանինն էր, որն անդրադարձավ հայ-գերմանական բարեկամությանըՙ ընդգծելով Գերմանիայի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած երախտագիտությունը:

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանից ժամանած Հայաստան- Գերմանիա բարեկամության խորհրդարանական խումբը, որի նախագահ Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք գնահատել հունիսի 18-ին Բեռլինում սկսված հանդիպումները: Տիկին Հակոբյանը նախ հիշեցրեց հունվարի 9-11-ը քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդներից, պաշտպանության նախկին նախարար Ֆոլկեր Ռյուհեի այցը տարածաշրջան: «Գերմանիա վերադառնալով նա մի շատ հետաքրքիր հոդված գրեցՙ «Շարժական դուռ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», իսկ այնուհետ կուսակցության անունից փաստաթուղթ են ներկայացրել Բունդեսթագ, եւ հետաքրքրական զուգադիպությամբ ուրբաթ օրը քննարկվում է Բունդեսթագում (մեր նյութն ուղարկելու պահին քննարկման մանրամասները դեռեւս հայտնի չէին-Ան. Հ.), եւ մենք հնարավորություն ունենք մասնակցելու այդ քննարկումներին ունկնդրի կարգավիճակով: Կարծում եմ, սա հայ-գերմանական հարաբերությունների զարգացման բավական կարեւոր փուլ է, քանի որ ոչ միայն խնդիրը քննարկվում է, այլեւ առաջին անգամ Արեւմտյան Եվրոպայի կարեւորագույն երկրներից մեկում փաստաթուղթ է մշակվում, որը կոնկրետ մեր տարածաշրջանին է ուղղված: Բնականաբար այնտեղ շեշտադրված են խաղաղության կարգավորման, կայունության, անվտանգության խնդիրները», ասում է տիկին Հրանուշ Հակոբյանըՙ թվարկելով բեռլինյան հանդիպումները իշխողՙ Սոցիալ դեմոկրատական կուսակցության փոխնախագահի, խմբակցության փոխնախագահի, Կանաչների, նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Կարող եմ արձանագրել, որ արտաքին քաղաքականության հարցում չկա ոչ «դիմություն», ոչ ընդդիմություն այն առումով, որ նրանց հայացքները համընկնում են, նրանց տեսակետները նույնն են: Գերմանիան ունի աճող հետաքրքրություն տարածաշրջանի, կասպյան նավթի նկատմամբ: Նրանք Անդրկովկասը դիտում են ոչ թե որպես առանձին տարածք, այլ ուզում են միջինասիական երկրների հետ դիտարկել որպես մեկ ընդհանուր տարածք: Իհարկե, էական է նաեւ Եվրախորհրդին մեր մասնակցությունը: Մենք համարվում ենք Եվրոպայի տարածք, համարվում ենք Գերմանիայի մերձավոր հարեւանները, եւ նրանք փոխում են իրենց քաղաքականությունը մեր տարածքի նկատմամբ, այսինքնՙ փորձում են ե՚ւ տնտեսական, ե՚ւ քաղաքական, ե՚ւ սոցիալական շահեր գտնել, եւ այս առումով վերջին մեկուկես տարում Գերմանիայից բարձր մակարդակի պատվիրակություններ եղել են Հայաստանում այնքան, որքան չէին եղել 1992 թվականից մինչեւ 2000 թվականը»: Տիկին Հակոբյանի դիտարկմամբ, Գերմանիան շատ առումներով կարող է օգնել մեզ: Առաջինը նրանով, որ դատապարտեց ֆաշիզմը, եւ այդ օրինակը Թուրքիայի համար պետք է դաս լինի: «Այսպիսի քաղաքակրթություն ունեցող զարգացած երկիրը, որ դերակատարում ունի ինչպես Եվրամիությունում, Եվրախորհրդում, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում, ուրախալի է, որ ընդունում եւ հասկանում է, որ կատարվել է ցեղասպանություն: Այսօր Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթուղթ կա, բայց առայժմ իշխող կուսակցությունը գտնում է, որ դա պատմաբանների խնդիրն է եւ ոչ քաղաքագետների: Նրանք գտնում են, որ իրենց երկրի պատմությանն առնչվող հարցերը կարող են քննարկել Բունդեսթագում, ոչ թե այլ երկրների խնդիրները, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ մեր հանդիպումների արդյունքում նրանց մեջ ձեւավորվում է տեսակետ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը չի նպաստում մեր երկրի տնտեսական զարգացմանը, եւ այս առումով մեզ կախման մեջ է գցում տարբեր երկրներից»:

Հայաստան-Գերմանիա խորհրդարանական խմբի նախագահուհու փոխանցմամբ, ինքը շեշտել է, որ «Ադրբեջանի նկատմամբ լավ վերաբերմունքը բացատրելի է նավթի առկայությամբ, Վրաստանի հանդեպ տածած դրականն անհասկանալի է, որովհետեւ ով էլ լիներ այդ ժամանակ ԽՍՀՄ արտգործնախարար, պատը քանդվելու էր, որովհետեւ դա օբյեկտիվ օրինաչափություն էր եւ ոչ թե պատահականություն եւ կախված չէր այս կամ այն երկրի ղեկավարի կամ նրա արտգործնախարարի ցանկություններից: Նույնիսկ շեշտեցի, հավելում է ԱԺ-ի պատգամավորուհին, որ իրենք պետք է շնորհակալ լինեն հայերին, որովհետեւ հայ ժողովուրդը 88-ին ոտքի ելավ ու ժողովրդավարական խնդիրներ առաջադրեց ԽՍՀՄ-ին, եւ նրանք չկարողացան ազդել գերմանական գործընթացների վրա: Այս առումով, իրենք պիտի հասկանան, որ Հայաստանի դերը պիտի բարձրացնեն տարածաշրջանում, հակառակ դեպքում Հայաստանը միշտ կարող է լինել անհանգստացնող եւ կայունությունը չհաստատող գործոն: Տարածաշրջանի երկրների հանդեպ մոտեցումները հավասարակշռված պետք է լինեն»:

Տիկին Հակոբյանի երկրորդ առաջարկը առնչվել է բարձր տեխնոլոգիաների խնդրին: «Հայաստանը եթե չի կարող նավթ, ապա կարող է ինտելեկտ եւ ուղեղ արտահանել: ԱՄՆ-ի մեր հայրենակիցները մեծ ծրագիր են սկսում: Ծրագրավորողների հսկայական բանակ ունեն, որոնց փնտրում է Գերմանիան Հնդկաստանում կամ այլ երկրներում: Կարելի է այդ աշխատուժն օգտագործել եւ առավել էժան ու կոնկրետ աշխատանք կատարել այս բնագավառում», գերմանացի պաշտոնակիցների հետ հանդիպումներում կարծիք է հայտնել Հրանուշ Հակոբյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4