«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26


ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՆ

Երեկ կառավարության ընդունելությունների տանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեւեց նախատեսվածից 2 ժամ ավելի եւ չնայած լրագրողների սպասումներին, ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրեց եւ վկայակոչելով այդ ժամին նախատեսված հանդիպումը, հրաժարվեց հարցերին պատասխանելուց: Հանդիպման որոշ մանրամասներ լրագրողներին ներկայացրին հրավիրված 20-30 գործարարներից միայն «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը եւ «Գրանդ» ընկերությունների նախագահ Հրանտ Վարդանյանը:

«Սիլ գրուպի» նախագահը մասնավորապես նշեց, որ ինքն առաջարկել է արտահանման ինստիտուտ ստեղծել, քանի որ դա Հայաստան ֆինանսների հոսք ապահովող երկրորդ գործոնն է (առաջինը դրամական փոխանցումներն են այլ երկրներից): Դա կլինի որեւէ նախարարության կառուցվածքում թե անկախ մարմինՙ կարեւոր չէ: Խաչատուր Սուքիասյանն առաջարկել է նաեւ, որ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչն ամսվա ընթացքում մեկ անգամ հանդիպի նախագահի հետ: Այս առաջարկը նա հիմնավորել է այսպես. «Եթե կառավարության անդամներն ունեն նախագահի հետ հանդիպելու օրեր, ապա ինչո՞ւ ՀԱԳՄ նախագահը կամ գործադիր տնօրենը որպես կողմ չներկայացնեն մեր խնդիրները»: Այս երկու առաջարկներն էլ ընդունելի են եղել նախագահի համար:

Անդրադառնալով ծխախոտի հաստատագրված վճարի փոփոխությանըՙ «Սիլ գրուպի» նախագահը բնական համարեց այս ոլորտում տեղական արտադրողին պետության աջակցելը, քանի որ ծխախոտը մտնում է «հատուկ կարգավիճակ» ունեցող ապրանքների ցանկում: Նախագահ Քոչարյանն այս հարցի առնչությամբ նշել է, որ նման ապրանքների արտադրությանը պետք է աջակցել «այնքանով, որքանով» դրանք հատուկ նշանակություն ունեն: Սակայն ընդգծվել է, որ այդ աջակցությունը պետք է իրականացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության սահմանած կանոնների շրջանակներում:

Հրանտ Վարդանյանը նշեց, որ նախագահի հանդիպումը գործարարների հետ «տվեց նոր իմպուլս գործարարությանը», եւ կարծիք հայտնեց, որ երկրի տնտեսության զարգացումը կախված չէ երեք մարդուցՙ նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, այլ յուրաքանչյուրիցՙ «հասարակ բանվորից մինչեւ գործարար»: Իսկ հանդիպման նպատակը նախագահի կողմից ՀԱԳՄ նորընտիր խորհրդի եւ գործարարության առաջադրած խնդիրներին ծանոթանալն էր: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին, «Գրանդ» ընկերությունների նախագահը նշեց, որ ինքը միության «վերջնական ծրագիրը դեռ չի հասկացել», սակայն կաջակցի բոլոր այն ծրագրերին, որոնք նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը:

Ավելի ուշ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրությունից տեղեկացանք, որ գործարարների եւ արդյունաբերողների հետ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը հատկապես կարեւորել է հանրապետության տնտեսական առաջընթացի եւ առկա խոչընդոտների հաղթահարման գործում Հայաստանի գործարարների գործունեությունը, պետական մարմինների եւ նրանց միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Հատկապես հետեւողական պետք է լինել, ասել է Ռ. Քոչարյանը, հարկային եւ մաքսային օրենսդրության հետագա կատարելագործման հարցումՙ կարեւորելով օրենսդրության խթանիչ դերը տնտեսության զարգացման եւ ներդրումների խրախուսման գործում: Այս խնդիրները, ավելացրել է նա, սերտորեն առնչվում են նաեւ գործարարության իրավական պաշտպանվածությանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Խոսելով պետության անելիքների մասին, նախագահ Քոչարյանն ընդգծել է դրանցից առավել կարեւորներըՙ վարչարարության կատարելագործում, միջին եւ ստորին օղակների ծառայողների պարտականությունների հստակեցում, պաշտոնյաների սուբյեկտիվիզմի ու հնարավոր կամայականությունների նվազեցում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4