«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26


ԿՍՊԱՌԻ՞ ԻՐԵՆ ՀԱԳՄ-Ն, ԹԵ՞ ԿԴԱՌՆԱ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Իսկ նրա նորընտիր նախագահըՙ անկախ ու ուժեղ ֆիգուր

«Եղեք ուժեղ, որպեսզի ձեր երկիրն էլ լինի ուժեղ», Լիտվայի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահը այս մեկ նախադասությամբ ողջունեց իր հայաստանցի գործընկերներինՙ շաբաթ օրը ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միության երրորդ համագումարում: Այս ցանկությունը, թերեւս, ամենաճիշտ ու տեղին ցանկությունն է, որ կարելի է այսօր մաղթել ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին ու նրանց մոտ 80 տոկոսին միավորող միությանըՙ ՀԱԳՄ-ին: Ի սկզբանե ստեղծվելով քաղաքական հիմքի վրա, այս միությունն ու նրա անդամները այսօր, առավել, քան երբեւէ, ոչ միայն ուժեղ, այլեւ իշխանություններից անկախ լինելու խնդիր ունեն: Շաբաթ օրվա համագումարում էլ ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասվում էր: Համագումարը գրավոր ուղերձով ողջունել էր ՀՀ նախագահը, անձամբ իր ներկայությամբ պատվեց վարչապետը, ներկա էին բազմաթիվ հյուրեր ԱՊՀ եւ այլ երկրների համանման կառույցներից, սակայն ընդհանուր առմամբ համագումարի դահլիճում չէր նկատվում գործարարների այն անկախ, անկաշկանդ մթնոլորտը, որին կարելի էր սպասել: Հավաքվածների մեջ ավելի շատ մանր ու միջին չինովնիկների կարելի էր նշմարել, այլեւայլ միջազգային, խորհրդատվական մարմինների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քան թե արդյունաբերող-գործարարների: Նույնիսկ չկային այն խոշոր գործարարները, որոնք հետագայում ընդգրկվեցին միության 90 հոգանոց խորհրդի կազմում: Հնչած ազգանունների տերերը, երեւի նախապես իմանալով, որ ամեն ինչ ընթանալու է ըստ սցենարի, լինելով գործնական մարդիկ, հարկ չէին համարել ժամանակ կորցնել ու շաբաթ օրով ներկայանալ կառավարության նիստերի դահլիճ (ի դեպ, համագումարի անցկացման վայրըՙ ՀՀ կառավարության նիստերի դահլիճը, եւս ներդաշնակում էր ընդհանուր մթնոլորտին): Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ինչո՞ւ որոշ խոշոր, ակտիվ գործարարներ չկան նստածների մեջ, պրն Ղազարյանը պատասխանեց, որ «օլիգարխները չեն եկել, քանի որ ոչ թե նրանք միության կարիքն ունեն, այլ միությունըՙ նրանց»: Համագումարի վերջում, երբ արդեն դահլիճը դատարկվել էր կիսով չափ, ինչպես եւ ենթադրվում էր, միության նախագահի միակ թեկնածու եւ 5-6 ամսվա պաշտոնակատար Արսեն Ղազարյանը միաձայն դարձավ ՀԱԳՄ նախագահ:

Ի սկզբանե ստեղծվելով քաղաքական հիմքի վրա ու քաղաքական նկատառումներով, ՀԱԳՄ-ն, չհաշված որոշ կարճ ժամանակահատվածներ ու «պոռթկումներ», միշտ էլ աչքի է ընկել իր հարմարվողականությամբ, իշխանահաճո կեցվածքով, եղել է կարծես ՀՀ կառավարության օղակներից մեկը: Երբ 1996 թ.-ին տեղի ունեցավ միության հիմնադիր համագումարը, բոլորին էլ ի սկզբանե պարզ էր դրա ստեղծման նպատակըՙ ստեղծել գործող նախագահի համար առեւտրական, արդյունաբերական ու ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներից բաղկացած հզոր հենարան: Բացի այդ, քանի որ երկիրը որդեգրել էր ազատական տնտեսության կուրսը, տնտեսության մասնավոր հատվածը միավորող նման մի հասարակական կազմակերպություն ստեղծելը դարձել էր անհրաժեշտությունՙ որպես ապացույց այդ կուրսի անշրջելիության ու Հայաստանում մասնավոր հատվածի կայացման: Անցյալ 4-5 տարին ցույց տվեց, որ ՀԱԳՄ այն ժամանակվա ղեկավարությունը լավ կատարեց իր առաքելությունը: Միության առաջին նախագահ Արամ Վարդանյանը, լինելով հանգիստ ու առանց ամբիցիաների անձնավորություն, կարողացավ իր շուրջը համախմբել հիմնականում տնտեսական էլիտային ու այդ տարիների ընթացքում ծավալել որոշ ակտիվ գործունեություն: Միությունը շատ լավ կարողացավ դիմակայել նաեւ 98-ի իշխանափոխությանըՙ առաջինը հրապարակավ պաշտպանելով ներկայիս նախագահի թեկնածությունը ընտրություններում: Սակայն դրա հետ մեկտեղ տարեցտարի, հատկապես երկրորդ համագումարից հետո, պարզ դարձավ, որ ՀԱԳՄ-ն ընդհանուր առմամբ կարիք ունի թարմացման, այլապես գնում է դեպի լճացում: Այդ անհրաժեշտությունը հանգեցրեց անցյալ տարեվերջին ՀԱԳՄ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», հույս արթնացավ, թե այս միությունն իսկապես կծառայի իր կոչմանը, ինչպես որ շատ անցումային երկրներում էՙ կառավարության ու իշխանությունների զսպաշապիկն ու տնտեսական քաղաքականության թելադրողներից մեկը: Սակայն, ինչպես պարզ դարձավ անցած մոտ 6 ամիսների ընթացքում, «եղբայրական իշխանափոխության» արդյունքում փոխվեց միայն նախագահը, սակայն նույնը մնաց ամբողջ աշխատակազմը, նույնը մնացին նաեւ գործունեության ձեւերն ու մեթոդները: Իրականում, այն հիմնական խոստումները, թե միությունը փոխելու է իր դեմքըՙ դառնալով ավելի հզոր, թարմ, կառուցողական ընդդիմադիր, այս ընթացքում այնքան էլ զգացնել չտվեցին իրենց: Կկարողանա՞ նորընտիր նախագահը թարմացնել կառույցը: Կհաջողվի՞ էականորեն փոխել միության տեղն ու դերը տնտեսական կյանքում, կդառնա՞ ՀԱԳՄ-ն տնտեսության մասնավոր հատվածը միավորող ուժեղ ու անկախ կառույց, դժվար է ասել: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Արսեն Ղազարյանը ժառանգել է որոշ առումով սպառված մի կառույց ու նրան սպասում է դժվար աշխատանքՙ հետագա լճացումից խուսափելու ու անկախ մնալու ճանապարհին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4