13 տարի անց այստեղ դարձյալ պղնձի խտանյութ են ստանում
Ախթալայում մեզ ասացին, որ ԱՄՆ-ի ամենահայտնի խորհրդանիշներից մեկիՙ Նյու Յորքի Ազատության արձանի պղինձը տարվել է Հայաստանից, բացառված չէ, որ Ախթալայից: Այս վարկածի հավանականությունը բացատրում էին նրանով, որ տեղի հանքավայրերը 19-րդ դարի վերջերին շահագործում էին ֆրանսիացիները (Ազատության արձանը Ֆրանսիայի նվերն էր ԱՄՆ-ին), իսկ արդյունահանվող պղինձը ամենաբարձրորակի համարումն ունի Հայաստանում: Դժվար է ասելՙ իրականությանը համապատասխանո՞ւմ է ախթալացիների պատմածը, բայց որ նրանք իրավամբ կարող են հպարտանալ իրենց պղնձի եւ բազմամետաղային հանքավայրերով, կասկածից դուրս է:
Դժբախտաբար, 1989-ից Շամլուղի եւ Ախթալայի հանքավայրերից պղինձ կորզող լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեց աշխատել եւ այնպիսի բարբարոսությամբ թալանվեց ու ավերվեց, ինչպիսին անգամ Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել: Գործարանը, ըստ էության, դադարեց գոյություն ունենալուց: Նրա կիսաքանդ մասնաշենքերն անցած տարիներին գրեթե ամբողջությամբ ծածկվեցին հողով, իսկ տանիքների վրա շրջակայքի բնակիչները տարբեր կուլտուրաներ էին աճեցնում եւ այծեր արածեցնում:
Ձեռնարկության աշխատակիցները պատմում էին, որ վերականգնման աշխատանքների սկզբում արդեն հաստաբուն ծառեր էին կտրվում եւ դուրս բերվում արտադրամասերի տարածքից: Իսկ մինչ այդ մեկը մյուսի հետեւից այստեղ էին գալիս արտասահմանյան ընկերությունների փորձագետները եւ ընդմիշտ հեռանումՙ իրենց ղեկավարներին խորհուրդ տալով զերծ մնալ որեւէ ներդրում կատարելուց: Այդպես շարունակվեց մինչեւ այն պահը, երբ Ռումինիայում իրենց ընկերությունը գրանցած 4 ամերիկահայեր որոշեցին ռիսկի դիմել եւ հայրենիքումՙ տվյալ դեպքում Ախթալայում ներդրումներ կատարել:
Այժմ արդեն «Մետալ պրինց» ընկերությունը գրանցված է բրիտանական Նոքս կղզու օֆշորային գոտում: Ինչպես մեզ հայտնեց ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը, ներկայումս «Մետալ պրինցին» է պատկանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը: Համաձայն պայմանագրի, 3 տարվա ընթացքում կոմբինատը կշահագործվի ընկերության կողմից: Ինչ վերաբերում է հետագային, ապա այս առնչությամբ «Մետալ պրինցը» որոշակի ծրագրեր ունի: Դրանք շարունակությունը պետք է լինեն արդեն իրագործված ներդրումային ծրագրի: Ձեռք են բերվել շուրջ 1 մլն դոլարի արժողությամբ մետաղական կոնստրուկցիաներ ու այլ սարքավորումներ, մաքրվել եւ հիմնական նորոգման են ենթարկվել մասնաշենքերը: Վերագործարկված կոմբինատում, վերականգնման աշխատանքների փուլի ավարտից հետո աշխատում է շուրջ 370 մարդ, եւս այդքան մարդ այս կամ այն կերպ ընդգրկված է կոմբինատի գործունեության ոլորտում: Միջին աշխատավարձը կազմում է 70 հազար դրամ, սակայն հանքափորները ստանում են ավելի բարձրՙ 200-300 դոլարին համարժեք դրամ: Այս փուլում շահագործվում է Շամլուղի պղնձի հանքավայրը, որից տարեկան կստացվի 1200 տոննա 25 տոկոսանոց պղնձի խտանյութ: Հանքավայրը, բացի պղնձի բարձր պարունակություն ունենալուց, հեռանկարային եւ հարուստ է: Այն ներկա ծավալներով շահագործելու դեպքում ավելի քան 50 տարի կբավականացնի: Բնականաբար, խտանյութի հիմնական սպառողը կլինի Ալավերդու «Մանես եւ Վալեքսը», որն այս դեպքում 500 կմ հեռավորությամբ Քաջարանի հանքավայրից նույն խտանյութը ստանալու փոխարեն ձեռք կբերի ընդամենը 17 կմ հեռու գտնվող Ախթալայից: Չնայած կան նաեւ այլ գնորդներ եւ առաջարկներ:
Երկրորդ փուլում 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր է նախատեսված արդեն Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Երրորդ փուլի ներդրումների ծավալն ակնկալվում է հասցնել 100 մլն դոլարի: Ըստ այդմ, կամ կկառուցվի պղնձաձուլարան, կամ այլ մետաղների ձուլման ձեռնարկություն, եթե պղնձաձուլարանն այդ ընթացքում Ալավերդիում կառուցված լինի: Անկասկած հարց է առաջանումՙ իսկ որտեղի՞ց կգտնվեն այդ գումարը ներդնողները: Չէ՞ որ առաջին 1 մլն դոլարը որեւէ ընկերություն չցանկացավ ներդնել եւ դա, ինչպես հավաստում է Սերոբ Տեր-Պողոսյանը, կատարեց ինքըՙ իր երեք ընկերների հետ, ներդնելով ամբողջ կյանքի ընթացքում ստեղծած եւ ապահով ծերության համար կուտակած միջոցները: Այս հարցին ի պատասխան, «Մետալ պրինցի» նախագահն ասաց, որ այն ժամանակ ռիսկը մեծ էր եւ հավանական ներդնողները հրաժարվելով այդ ռիսկից, միաժամանակ հավաստեցին, որ եթե տեսնեն առաջին ներդնողի հաջողությունը, իրենք եւս կմիանան: Այժմ նրանք անընդհատ զանգահարում են եւ ցանկություն հայտնում ներդրում կատարելու:
Այնպես որ դժվարը միայն սկսելն է, ինչը կյանքի է կոչված: Եվ պատահական չէ, որ դա կատարել է հենց մեր հայրենակիցը, որն, ի դեպ, մինչ այդ որեւէ գաղափար չուներ լեռնահանքային արդյունաբերությունից: Սակայն այժմ նրա արեւմտահայերեն խոսքի մեջ արդեն սովորական են դարձել հանքարդյունաբերության հիմնականում ռուսերեն տերմինները: Սերոբ Տեր-Պողոսյանը հպարտությամբ նշում է, որ ինքն արդեն հինգ տարի է, ինչ մշտական բնակություն է հաստատել Երեւանում: «Ըսել կուզեմ, երեւանցի եմ», կոմբինատի աշխատանքի առաջին օրը Ախթալա ժամանած լրագրողներին ասաց նա, որին կոմբինատի աշխատակիցները ներողամտաբար ավելացրինՙ «ախթալացի»: «Այո, նաեւ ախթալացի», ժպտաց նախկին ամերիկահայ գործարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ախթալա