Ծաղիկներ Էվելինա Շահիրյանի ծննդյան օրվա առիթով
Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Պոլ Վալերին ասել է. «Գեղեցկությունը հենց այն է, որ մեզ մատնում է հուսահատության»: Այս խոսքերը հիշեցի, երբ այս անգամ էլ ցանկացա գրել Էվելինա Շահիրյանի մասին: Քրքրեցի իմ արխիվը, բազմաթիվ զրույցների ձայնագրություններ գտա, որոնք ավելի շատ մենախոսություններ էին, բայց ինչ-որ բան, ինչ-որ կարեւոր բան ինձ պակաս երեւաց: Փորձեցի Էվելինա Շահիրյանին բացատրել իր մտերիմների միջոցով: Արմեն Խանդիկյանը, որը հրաշալի մի երեկո նվիրեց Էվելինային, ընտիր խոսքեր ասաց: Նրա խաղընկերները ծաղիկներ նվիրեցին ու բարեմաղթանքի խոսքեր ասացին: Նրաՙ արդեն նախկին խաղընկերուհի Տաթեւիկ Ղափլանյանի հեռավոր Ամերիկայից ուղարկած ջերմ հեռագիրն ընթերցվեց. Հայաստանի թատերական գործիչների միությունը, Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի թատրոններն իրենց հիացմունքի խոսքերն ու ծաղիկներն էին ուղարկել. Այսինքնՙ ամեն ինչ տոնական էր, ամեն ինչՙ շքեղ: Ինքըՙ Էվելինա Շահիրյանը, որը քիչ առաջ Սովաժոնի «Չաո»-ի մադամ Մարտինեն էր, բեմում էր: Ամեն ինչ իրական էր ու կարծես անիրական: Երկնագույն շրջազգեստով արտիստուհին, որքան որ այսօրվա արտիստուհին, քիչ առաջվա տիկին Մարտինեն, նույնքան եւ արդեն հուշ դարձած հին օրերի շահիրյանական կերպարները:
Տարիներ առաջ, ավելի ճշգրիտՙ 1969 թ. դեկտեմբերի 15-ին, հայկական հեռուստաթատրոնը ներկայացրեց Վ. Եժովի «Երբ սոխակներն են երգում» պիեսի հեռուստատեսային տարբերակըՙ Ռեմ Սարգսյանի բեմադրությամբ: Գերմանացի երիտասարդ աղջկաՙ Ինգայի դերում այն ժամանակ դեռ անծանոթ մի աղջիկ բեմ մտավ: Էվելինա Շահիրյանը: Քնքուշ, փխրուն, իր ամեն ինչով սեր ու մաքրություն Էվելինա Շահիրյանի Ինգան ռուս զինվորի կյանքի համար աղոթում էր: Մաքուր սրտի տեր մարդկանց համար մինչեւ հիմա էլ անմոռաց է այդ աղոթքը: Ի՞նչ էր խնդրում Տիրոջից Շահիրյանի Ինգան. բառերը դժվար է այսօր հիշել: Բայց ինչպե՞ս էր խնդրում: Այս աղոթքը մենք մեր հետ ենք տանում արդեն քանի՜ տարի: Ու եթե մեզանից շատերը վերջնականապես չեն կործանվել, եթե մաքրության ու մաքրվելու տենչ է մնացել մեջներսՙ շնորհիվ նաեւ հենց այս աղոթքի:
Հետո.
Հետո ծնվեցին Էվելինա Շահիրյանի մյուս կերպարներըՙ Ֆերին («Տարօրինակ միսիս Սեւիջը»), Նատալյան («Առաջարկություն»), Վիկտոշան («Հին Արբատի հեքիաթները»).
Ապա եղավ Հիթել Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» պիեսի բեմադրությունը (ռեժիսորՙ Թամարա Բիտուցկայա-Էլիբեկյան): Պատահական ծանոթությունից ծնված երկու երիտասարդ մարդկանց սիրո պատմություն էր սա, երկու մարդկանց հեռախոսային խոսակցություն, որը կարող էր հոգնեցնել հեռուստադիտողին, եթե չլինեին Էվելինա Շահիրյանն ու Գուժ Մանուկյանը: Երկու ժամից ավելի շարունակվող ներկայացումից ոչ մի պատառ, ոչ մի խոսք չէիր ուզում բաց թողնել, որովհետեւ որքան որ հին էին հնչող խոսքերը, նույնքան եւ նոր: Հայտնագործություն, սիրո խոստովանության հայտնագործություն:
Մեր արգո թատերագետներից Վարսիկ Գրիգորյանը «Երկնագույն էկրանի ամենահմայիչ աղջիկ» է անվանում Էվելինա Շահիրյանին: Բայց նույնքան հմայիչ է եղել Էվելինա Շահիրյանը թատրոնում, իր հարազատՙ Երեւանի դրամատիկականում:
Ով բախտ է ունեցել տեսնելու Էժեն Իոնեսկոյի «Արքան է մեռնում» պիեսի բեմադրությունը (ռեժիսորՙ Արթուր Սահակյան), երբեք չի մոռանա Էվելինա Շահիրյանի Մարգըրիտ թագուհունՙ Բերանժե Առաջին արքայի առաջին կնոջը: Արտիստուհին այս անգամ եւս հմայում էր: Երկրորդ կին ունեցող իր արքայի համար Շահիրյանի Մարգըրիտը ցավում է, ցանկանում է նրան միշտ արքա տեսնել, տեսնել ձիգ ու հպարտ, չխոնարհվող. «Օրը ցերեկ չէ, գիշեր էլ չէ: Չկա այլեւս ոչ ցերեկ, ոչ գիշեր: Տրամադրվիր հետեւելու այն անիվին, որը պտտվում է քո առջեւից: Աչքիցդ չկորցնես, գնա հետեւից, ոչ շատ մոտիկից, շիկացած է, քեզ կարող է այրել.»:
Թվում է, թե հենց ինքըՙ Էվելինա Շահիրյանն է միշտ վազել այս շիկացած անիվի հետ, այդ անիվին կիպ. Ու ահա, երբ գալիս է մի պահ կանգ առնելուՙ կրկին ճանապարհ ելնելուց առաջ, կամա թե ակամա արածդ դարսդարսել, կշռել, զգում ես, որ անիմաստ չես ապրել, որ քո թախիծն ուրիշների համար ողբ չես դարձրել, որ քո վիշտը, եթե անգամ չես կարողացել թաքցնել, ուրիշների համար աղոթքի խորհուրդ ես դարձրել:
Դու չես թողել, որ մենք աղոթելը մոռանանք:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ