Ստեփանակերտում մեկնարկեց թվով երրորդՙ «Ամադեուս» երաժշտական մրցույթ-փառատոնը, որը կրկին նախաձեռնել է Բելգիայի Թագավորության համանուն ստեղծագործական կազմակերպությունը:
Փառատոնին մասնակցում են 210 շնորհալի երեխաներ Արցախի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից:
Գլխավոր մրցանակը, բացի ոսկե գավաթից ու դիպլոմից, սահմանված է 450 ամերիկյան դոլար: Մեծարժեք մրցանակներ են նախատեսված նաեւ մենակատարային, երգչախմբային եւ պարախմբային լավագույն կատարումների համար:
Մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահն է «Ամադեուս» ստեղծագործական կազմակերպության ղեկավար, բելգիահայ Հովհաննես Անաստասյանը:
Հատկանշական է, որ այս տարի, առաջին անգամ, միջոցառումը համահովանավորելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Արցախում: Փառատոնի բացման ժամանակ նման նախաձեռնությամբ հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության եւ արտգործնախարարության ղեկավարները: Այս երկու գերատեսչությունների կողմից եւս մրցանակներ կտրվեն երաժշտական մրցույթի հաղթողներին:
Փառատոնի վերջնական արդյունքները հայտնի կդառնան հունիսի 30-ին: Այդ օրն էլ կհանձնվեն մրցանակները:
Ե. Ա., Ստեփանակերտ