«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2001-06-22 | #116, 2001-06-23 | #117, 2001-06-26


ՆՇՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐԸ

Ինչպես աշխարհի համարյա բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում հունիսի 23-ը նշվեց որպես միջազգային օլիմպիական օր: Բազմազան էին կազմակերպված միջոցառումները. քաղաքամայր Երեւանում, հանրապետության բոլոր մարզերում անցկացվեցին բազմաբնույթ մրցումներ, որոնց մասնակցեցին բոլոր ցանկացողները: Օլիմպիական օրվա անցկացումը նպաստեց սպորտի մասսայականացմանը, օլիմպիզմի վեհ գաղափարների տարածմանը:

Երեւանում միջոցառումներն սկսվեցին մասսայական վազքարշավով, որին մասնացեցին տարբեր տարիքի վազորդներ: Մասնակիցները մեկնարկեցին Հանրապետության հրապարակից, անցան Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան, Վարդանանց փողոցներով եւ եզրագիծը հատեցին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Անվանենք մրցանակակիր եռյակներին. տղամարդիկՙ Արմեն Ասրյան (ֆիզկուլտուրայի ինստիտուտ), Արթուր Ուլիխանյան (օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց), Ժիրայր Ծատուրյան (ֆիզկուլտուրայի ինստիտուտ), կանայքՙ Անահիտ Ավագյան, Աննա Եգորյան, Զառա Եգորյան (երեքն էլՙ օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց):

Վազքարշավի հաղթողներին պարգեւատրելուց հետո մարզադաշտում անցկացվեց ֆուտբոլի պատանեկան մրցաշարի եզրափակիչ խաղը: Մրցակիցներըՙ ֆուտբոլի հանրապետական եւ քաղաքային դպրոցների թիմերը պայքարի մեծ ձգտում դրսեւորեցին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Լրացուցիչ 20 րոպեների ընթացքում գոլ չգրանցվեց, եւ հաղթողին որոշեցին 11 մ հարվածները: Ավելի դիպուկ գտնվեցին Երեւանի ֆուտբոլի դպրոցի սաները, որոնք այդ դրամատիկ պայքարում հաղթեցին 11-10 հաշվով եւ շահեցին գլխավոր մրցանակը:

Հետաքրքիր անցան Երեւանյան լճում կազմակերպված թիավարության մրցումները: Նշենք առանձին մրցաձեւերի հաղթողներին. Հայկ Հովսեփյան (բայդարկա), Սարգիս Գիլիկյան (կանոե), Մակար Սարգսյան (ակադեմիական թիավարություն):

Երեկոյան մեծ աշխուժություն էր տիրում մայրաքաղաքի Թատերական հրապարակում: Մի կողմում իրենց վարպետությունն էին ցուցադրում կշռաքարեր բարձրացնողները, մյուսումՙ ուժերն էին չափում բազկամարտիկները, մրցում էին սեղանի թենիսի եւ վոլեյբոլի սիրահարները: Յուրաքանչյուր ոք կարող էր ասպարեզ մտնել ու փորձել իր հնարավորությունները:

Ամբողջ օրվա ընթացքում մարզական միջոցառումները շարունակվում էին: Շատ հետաքրքիր էին, մասնավորապես, մայրաքաղաքի մանկական զբոսայգու շուրջը հեծանվային կրիտերիում մրցաձեւի, Նորագավթի մարզադպրոցում սուսերամարտի, Սեւանա լճում անցկացված առագաստանավային սպորտի մրցումները.

Օլիմպիական օրվա մասնակիցներին հանձնվեցին մարզաշապիկներ, ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ստորագրությամբ հավաստագրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4