«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2001-06-23 | #117, 2001-06-26 | #118, 2001-06-27


ԻՆՉՈ՞Ւ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կասկած չկար, որ սովետական տիղմից դուրս գալուց հետո պիտի խելակորույս վազեինք լիբերալիզմի հետեւից: Բայց հենց այդ խելակորույս եւ ինքնամոռաց վազքի մեջ էլ հայտնվեցինք դժբախտության եզրին: Մի կողմից ճիշտ էր ընտրությունը (հապա ուրիշ ի՞նչ), մյուս կողմից դրսեւորումներն ու եղանակն էին անընդունելի: Ինչո՞ւ, քանզի անուս էինք այս ուսմունքի էությանը եւ անգամ չէինք տիրապետում լիբերալիզմի տարրական կանոններին, առանց որոնց կխեղաթյուրվեր համակարգը: .Եվ խեղաթյուրվեց: Այստեղից էլ ոչ միայն չունեցանք առաջընթաց, այլեւ հիասթափություն ապրեցինք: Ձեռնարկված բարեփոխումների գործընթացն էլ մնաց անավարտ հավատի բացակայության պատճառով: Տեղի ունեցածը նման էր նրան, որ արվեստի գլուխգործոցը հասարակությանը ներկայացվեց գլխիվայր, ցեխոտված, որից, բնականաբար, ժողովուրդը պիտի երես դարձներ: Մինչդեռ լիբերալիզմի ի՞նչ մեղքն էր, երբ առնվազն աղավաղում, իսկ ավելի շուտ բռնաբարում էին իր իսկ ինքնաբնորոշիչները: Սա՚ է իրողությունը: Բացի այդ, հայտնի ճշմարտություն է, որ ներկան հունձքն է երեկվա: Իսկ մեր երեկը սովետականն է: Սովետական աղով դաստիարակություն ստացած հասարակությունն ինչպե՞ս պետք է մեկ օրում ընտելանար մի համակարգի, որը ճիշտ տոտալիտարիզմի հակոտնյան է: Ընտելացումը պետք է լիներ փուլային եւ կառավարելի, սրան գումարած ուսուցողական, բացատրական աշխատանքը, ինչը չարվեց:

Ամեն ինչ գաղափարական դաշտից է սկսվում: Մենք այն դրեցինք մի կողմ եւ անցանք միանգամից լիբերալիզմի վերջին փուլինՙ բաժանել երկիրը, սեփականաշնորհել այն ամենը, ինչը սովետական է եղել: Կարճամտություն էր կարծել, թե բավական է հողը եւ գործարանը հանձնել ժողովրդին, ու երկիրը կբարեփոխվի: Չկար ծրագիր, չկար հայեցակարգ, կար աշխարհին իբրեւ ժողովրդավար ու ազատական երկիր երեւալու հախուռն ցանկություն, որն այնքան գռեհկացվեց, որ հասանք ներկա իրավիճակին: Հիվանդ գիտակցությամբ ժառանգված այս երկիրը ձեռքից ձեռք անցավ, բզկտվեց, խճճվեց խորհրդարան-կառավարություն-նախագահ իշխանության երեք թեւերի միջեւՙ անընդհատ մտրակվելով երեքի կողմից էլ: 70-ամյա այս հիվանդ երկիրը, որ գամված էր անկողնուն, ուզեց միանգամից իր մեջքն ուղղել: Բնականաբար չստացվեց:

Ձախողման երկրորդ պատճառն այն էր, որ չկար աշխարհում սոցիալիզմից կապիտալիզմի անցման նախադեպ: Դա հավասար էր անդունդի վրայով թռիչքի: Ընթացիկ ցնցումներն անսպասելի էին իշխանության համար, ու մինչ վերջինս գլխի կընկներ, թե ինչ պիտի անի, տնտեսությունը փլուզվեց: Հասարակությունը հակված էր կարծելու, թե ամեն ինչ միտումնավոր է արվում: Նման դեպքում ժամ առաջ վարչախումբը պետք է հանդես գար հասարակության առաջ եւ տար բացատրություն: Չարվեց: Սկիզբ առավ արտագաղթը: Տեղի ունեցած իշխանափոխությունը պատրվակ դարձվեց, եթե կուզեքՙ առաջին հերթին լիբերալիզմը եւ նոր միայն ղարաբաղյան հարցի պարտվողական կուրսը: Բայց լիբերալիզմն արժեք է ինքնին, եւ ոչ ոք չի կարող արժեզրկել:

Լիբերալիզմը ոչ կրոն է, ոչ էլ գիտություն: Այն կենսաձեւ է, ազատությունների, հավասարությունների, սեփականության վերաբերյալ մի դոկտրինա, որը ծնվում է մարդու հետ եւ ամբողջ կյանքում ուղեկցում նրան, ինքնահաստատման եւ արժանապատվության զուգորդումն է: Այո, կա այսօր Հայաստանում աջամետների մի ստվարություն: Բայց այսօր առկա աջ ուժերը մեզանում ներկայանում են ինչպես տարբեր կիսակայարաններում կանգնած գնացքներ: Ու եթե նույնիսկ հաջողվի դրանք շարել մի գծի վրա եւ կցել անգամ մի հզոր շոգեկառքի, դարձյալ անիմաստ է, քանզի տարվող վագոնները դատարկ են: Իսկ ո՞ւմ է պետք մի գնացք, որը ոչ ուղեւոր ունի, ոչ էլ փոխադրաբեռ: Քաշող շոգեկառքը ներկա աջերի առաջնորդներն են. դատարկ վագոններըՙ հեռու քաշված հասարակությունը: Հետեւաբար, աջ գաղափարախոսության կրողները պետք է առաջին հերթին բացատրեն այս գնացքի առաքելությունըՙ ուր է գնում, ինչու եւ ինչպես: Այլ խոսքով, պետք է առանց ժամանակ կորցնելու վարագույրները հետ տանել, ցուցադրել լիբերալիզմի ալֆա-օմեգան, նրա ամբողջական իմաստն ու հմայքըՙ ինչ է, ինչ է ներառում, ինչի կարող է հանգեցնել, ինչպես պետք է կիրառել: Կարվի դաՙ ուղեւորները կլցվեն վագոնները, չի արվիՙ կմնան դատարկ: Այլապես, եթե ես չեմ տեսել, օրինակ, ֆլամանդական վերածննդի կտավները, ինչպե՞ս արժեքավորեմ դրանք: Գաղափարների պակասը չէ՞ արդյոք, որ Հայաստանում չեն կայանում կուսակցությունները, այդ թվում լիբերալ ուղղվածության պատկանողները: Կուսակցական շինարարությունը մեզանում չի ծաղկի ոչ միայն նրա համար, որ կխոչընդոտեն իշխանությունները, այլեւ նրա համար, որ ժողովուրդը հիասթափված է: Գաղթականի հոգեբանությամբ ժողովրդի մեջ կուսակցության հզորացում ակնկալելն աբսուրդ է: Պետք է նախ հավատը վերականգնել: Յուրաքանչյուր մոմ վառող տակավին հավատացյալ չէ: Պատկերացրեք մահացող հիվանդին, ում խոստանում են մեկ տարի հետո թոշակի բարձրացում: Այսօր մենք պահանջում ենք ժամ առաջ երկիրը լքողին վերանորոգել իր տունը: Հեռացողին ի՞նչ, թե Հայաստանում կկայանա կամ չի կայանա որեւէ կուսակցություն: Իսկ եթե նրան հասկացնես, որ սա՚ է քո հայրենիքը, որ ինքն է այս երկրի տերը, ամեն ինչ կանի: Այստեղի՚ց պետք է սկսել կուսակցության կայացումը, տնտեսության վերականգնումնՙ առավել եւս:

Պետք է բացել պատուհանները, ժողովրդին ներկայացնել լիբերալիզմի ամբողջ հմայքն ու իմաստըՙ իբրեւ երկրի բարգավաճման բանալի: Եվ դա լինելու է, քանզի Հայաստանում ապագան պատկանում է լիբերալիզմին:

ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4